HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Համայնքապետի արտահերթ ընտրություն է նշանակվել Շիրակի Արևիկ համայնքում

Կառավարությունը երեկ որոշել է վաղաժամկետ դադարեցված համարել Շիրակի մարզի Արևիկ համայնքի ղեկավար Գարեգին Ստեփանյանի լիազորությունները և 2017 թվականի փետրվարի 12-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակել:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Արևիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Մելքոնյանը՝ 2010 թվականից համայնքը ղեկավարող Գարեգին Ստեփանյանը սեպտեմբերի 6-ին մահացել է թոքերի քաղցկեղից, ինչից հետո ինքն է կատարում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի լիազորությունները, թեև պաշտոնապես լիազորված չէ։

«Մարտ ամսից արդեն Ստեփանյանը ի վիճակի չէր աշխատել։ Հիվանդ էր, բայց գալիս-գնում էր, իր խորհուրդով, ուղղությամբ աշխատում էինք։ Հիմնականում այդ ժամանակից եմ իր լիազորությունները կատարել։ Արդեն հուլիս-օգոստոս ամիսներից վատառողջ էր, չէր կարողանում աշխատանքի գալ»,- նշում է Մելքոնյանը։

Վարդգես Մելքոնյանը 2017 թվականին նշանակված ընտրություններին պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը, այդ պատճառով ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները պաշտոնապես չի ստանձնի։ Իր տեղեկություններով՝ մյուս շաբաթ մարզպետը ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի: Մելքոնյանը ենթադրում է, որ այդ պաշտոնում կընտրվի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, հաշվապահը կամ հարկային գործակալը, իսկ ինքը կրկին կմնա համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Համայնքի ղեկավարի ապագա թեկնածուն գալիք ընտրությունների համար չի ցանկանում խոստումներ տալ, միայն նշում է, որ համայնքի բյուջեն աղքատիկ է, ծառացած խնդիրները շատ-շատ են, իսկ այս պահին համայնքում առաջնային է խճապատման, համայնքապետարանի, ակումբի, մանկապարտեզի շենքերի, ճանապարհների վերանորոգման հարցերը։

«Բնակիչները ինձ ճանաչում են, արժանիք ունեցա, կընտրեն, չունեցա, չեն ընտրի»,- ասում է նա։

լուսանկարը` armagro.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter