Կիրակի, 23 սեպտեմբերի

Արդարադատության խորհուրդն առաջարկում է նախագահին դատավորին կալանավորելու համաձայնություն տալ



Ինչպես տեղեկացրեցին դատական դեպարտամենտից, այսօր կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում խորհուրդը քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները:

Խորհուրդը որոշել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել և առաջարկ ներկայացնել ՀՀ նախագահին` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Մեկ այլ որոշմամբ արդարադատության խորհուրդը որոշել է դարձյալ բավարարել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը և առաջարկել Հանրապետության նախագահին համաձայնություն տալ դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին:

Նշենք, որ օրենքով դատավորն անձեռնմխելի է: Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության նախագահը և Վճռաբեկ դատարանի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության նախագահին և Վճռաբեկ դատարանի նախագահին: Ձերբակալումը կատարած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Վճռաբեկ դատարանի նախագահի անարգել մուտքը այն վայր, որտեղ պահվում է ձերբակալված դատավորը և ապահովել նրա տեսակցությունը դատավորի հետ:

Բացի այդ՝ դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկել՝ առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության նախագահի տված համաձայնության: Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ