HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«7 էրեխեքը մեկը մյուսի ծոցն են քնում». 13 հոգով՝ 2 սենյակում

Կիսաքանդ պատշգամբից բացվում է դուռը դեպի սենյակ: Դրսում ավելի տաք է, քան ներսում: Ցուրտ սենյակում իրար կողք նստել են 7 երեխաները: Բարևում ենք, ուշացումով, հազիվ ծոր տալով, պատասխանում են: Ուշադիր նայում են մեզ: Երեխաները բազմոցին նման են կենդանի նկարի, նրանք հետևում են քո գործողություններին, աչքերում կուտակված թախիծ կա, բայց չեն խոսում: Ընտանիքի հայրը՝ Գագիկ Հովհաննիսյանը, Արարատ է գնացել՝ վառարանի խողովակ բերելու: Վառարանը դրված է բակում: Վառելիքն էլ խաղողի ցախն է, որը հազիվ մի քանի օր բավականացնի... Հետո չգիտեն, թե ինչ են անելու: Այսպես ասում է երեխաների մայրը՝ 37-ամյա Անահիտ Շաբոյանը: Ներս է հրավիրում, թե եկեք-նստեք: Մենք նստում ենք, ինքը ոտքի վրա է մնում:

Սենյակում լռությունը, ասես, ցաքուցրիվ է եղել, սփռվել: Սպասքապահարանի մոտ մանկական մահճակալում տեղավորում են միամսական Վահեին: Երեխային գրկել է Անահիտի ամուսնու քույրը: Մյուս 6-ը նայում են եղբորը, Անահիտն էլ՝ նրանց:

Այս տարվա մարտից Գեղարքունիքի Խաչաղբյուր գյուղից Հովհաննիսյանների ընտանիքը տեղափոխվել է Արարատի մարզի Շահումյան գյուղ: Այստեղ առայժմ բնակվում են ծանոթներից մեկի տանը: Տունը երկու սենյակ է՝ մի սենյակում մի քանի մահճակալներ են, որտեղ քնում են երեխաները, Գագիկի մայրը, քույրն ու քրոջ աղջիկը: «7 էրեխեքը մեկը մյուսի ծոցն են քնում, էդպես յոլա ենք գնում, մինչև կտեսնենք, թե ինչ է լինելու: Սկեսուրս, տալս ու տալոջս աղջիկն էլ են էստեղ քնում»,- մեզ մյուս սենյակ ուղեկցելով՝ ասում է Անահիտը: Ապա վերադառնում ենք «հյուրասենյակ», որը նաև ամուսինների, միամսական Վահեի և Գագիկի եղբոր սենյակն է: Գագիկի քույրն ու եղբայրը, Անահիտի պատմելով, հոգեկան խնդիրներ ունեն, իրենք են խնամում:

Մթնոլորտը փոխելու համար երեխաներին հարցեր եմ տալիս: Անահիտը երբեմն միջամտում է, ասում է, թե ավագը՝ 14-ամյա Մհերը, լավ նկարում է, 6 տարեկան Անին լավ ձեռագիր ունի, 11-ամյա Լիանան էլ լավ սովորողներից է… Յոթ երեխաներից 5-ը դպրոցական են, 5-ամյա Հրանուշը մանկապարտեզ չի հաճախում գումար չլինելու պատճառով, 8-ամյա Սարգսին էլ այս տարի են դպրոց տարել: Երեխան, մոր ասելով, էպիլեպսիկ է, նախորդ տարի ներառական կրթություն էր ստանում տանը, հիմա մայրն ուրախ է, որ մյուսների հետ դպրոց է գնում: Սարգիսն ամսական 21.500 դրամ թոշակ է ստանում:

Խաչաղբյուրից՝ Շահումյան

Անահիտն ամբողջ զրույցի ժամանակ որևէ դժգոհություն չի հայտնում: Ասում է, որ կյանքից գոհ էր, վատ չէին ապում, բայց չէին պատկերացնում, որ մի օր «այս օրին» են հասնելու: Հասնելն էլ մի քանի տարվա ընթացքում եղավ. Գագիկը մինչև զորամասում վարորդ աշխատելն էլեկտրիկ էր, Խաչաղբյուրում տուն չունեին, էլի ծանոթի տանն էին մնում, բայց անասուններ էին պահում, հող էին մշակում: Վարորդ աշխատելիս Գագիկը երկու անգամ ավտովթարի էր ենթարկվել, ձեռքը ջարդել, նրա մայրն էլ ընկել էր, կոնքը կոտրել, և երկուսի վիրահատության ծախսերի համար ստիպված էին վաճառել անասուններն ու հողը:

Անահիտի խոսքով՝ հիմա ամուսինը 1 կգ-ից ավելի չի կարող բարձրացնել:

«Տան միակ աշխատողը ես եմ: Ամեն գործ էլ կանեմ, մենակ գործ էղնի»,- ասում է 7 երեխաների մայրը: Տաք եղանակներին դաշտերում օրավարձով աշխատում էր, հիմա գործ չկա: Ասում է՝ աշխատել ուզում է, Վահեին կպահեն, միայն թե գործ լինի, որ աշխատի:

«Հիմա ո՞վ է առանց դժվարությունների ապրում»,- ավելացնում է բազմազավակ մայրն ու նշում, որ բարեկամներից չեն նեղանում, բոլորն էլ խնդիրներ ունեն ու պարտավոր չեն օգնել իրենց: Անահիտին խնդրում եմ դրսում զրուցել: Օդի սառնությունից Անահիտի աչքերը ջրակալվում են, մի կաթիլ ընկնում է այտին: Ձայնը գոլ է դառնում, խզված. «Պատահել է, հա, որ էրեխեքը սոված են մնացել, հիմա մեր ամենաառաջնային հարցը սնունդ գտնելն է: Էնպես չի, որ գործ չենք արել, ամառը էլի քանի բանկա բան փակել եմ, բայց չի հերիքում…»: Ասում է, որ Խաչաղբյուրում երեխաները ցրտին չէին դիմանում, աշխատանք գտնելն ավելի դժվար էր, դրա համար էլ տեղափոխվել են Շահումյան:

Մարիամը, Լիանան, Անին, Սարգիսը, Մհերը

Երազանքներից ենք խոսում: Անահիտն ասում է՝ 4 պատ ունենա, սնունդ, որ երեխաներին պահի: Երեխաներից Մհերը նկարիչ է ուզում դառնալ, Մարիամը՝ դիզայներ, Լիանան՝ վարսահարդար:

Տանտերն ասել է, որ տունը շուտով վաճառքի է հանելու, իսկ Հովհաննիսյանները չգիտեն, թե ուր են գնալու: «Երևի վարձով…»,- ասում է Անահիտը:

5-ամյա Հրանուշը

Արարատի մարզ տեղափոխվելուց հետո թղթարարարության պատճառով Հովհաննիսյանները չէին ստացել 72.000 դրամ սոցիալական նպաստը: Այս ամիս տալու են: Տան «կերակրողներից» է ամենակրտսերը՝ Վահեն, որին 17.000 դրամ է հասնում: Անահիտն այս ամենին գումարում է նաև Սարգսի թոշակը, բայց ծախսերի մեջ դրանք արագ անհետանում են:

6-ամյա Անին

Մեր զրույցի կեսից միանում է Մարիամը, հարևանցի նայում մորը: Ասում է, որ իր ամենամե~ծ երազանքը հեռախոս ունենալն է: Հարցնում եմ՝ ո՞ւմ ես զանգելու, ժպտում է: Մենք էլ ենք ժպտում: «Մարիամն է ինձ օգնողը: Ամեն գործ անում է տանը, ճաշ էլ է պատրաստում,- աղջկան նայելով՝ ասում է մայրն ու մի փոքր դադարից հետո ավելացնում,- ջրալի ճաշեր էլ կեփի»:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter