HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Զբոսանք Լու Ռիդի Նյու Յորքում

Լյուիս Ալան Ռիդ, նույն ինքը՝ Լու Ռիդը. ռոք աշխարհի ամենահայտնի անուններից մեկը համարվող այս երաժշտին «Ռետրո Ակումբ» խորագրով երաժշտական մեր շարքում մի քանի անգամ ենք անդրադարձել՝ տարբեր առիթներով: Դրանցում նա ներկայանում է և՛ որպես առանձին պատմության մասնակից, և՛ սեփական պատմության գլխավոր հերոս, բայց երկու դեպքում էլ հստակ ընդգծվում է նրա անփոխարինելի տեղը երաժշտության աշխարհում:

Ամերիկացի երաժիշտ, երգիչ և երգահան, ով ազդեցիկ հետք է թողել ռոքի բնագավառում և՛ երաժշտության, և՛ կերպարային առանձնահատկության առումով: Նա իր ասպարեզում կարծրատիպեր քանդող, նոր աշխարհ և մշակույթ ձևավորող անուն է, ով առաջնորդեց և ճանապարհ հարթեց բազմաթիվ խմբերի և երաժիշտների համար: Լու Ռիդը 60-ականներին հայտնի «Velvet Underground» խմբի վոկալիստն էր, կիթառահարն ու երգահանը:

Եթե լսել եք Լու Ռիդին գոնե մեկ անգամ, ապա դժվար թե չտպավորվեք և մեկընդմիշտ չճանաչեք նրա տարբերվող ձայնը, տեմբրը, կատարման ոճը, խոսքը, որի համարձակությունը անսահման խաղաղությամբ է հնչում և որը ներծծված է պոետիկ փիլիսոփայությամբ:

Հոկտեմբերի 27-ը Ռիդի մահվան օրն էր (2013թ.). ռոքի լեգենդին ամեն տարվա նման այս անգամ էլ հիշեցին երկրպագուները, որոշ լրատվամիջոցներ՝ ևս մեկ անգամ կարևորելով նրա անունը երաժշտության պատմության մեջ թողած իր ազդեցիկ հետքերով: Հինգ տասնամյակ հատող նրա գործունեության մեջ կան նշանավոր ու բեկումնային կանգառներ, որոնց մենք ևս ուզում ենք անդրադառնալ: Դրանք ստեղծագործություններ են, որոնց, կարծում եմ, պարտադիր է լսելը:

Ռիդի հիշատակը նաև առիթ է կրկին զգալու մեր օրերում նման արտիստների բացակայությունը, ինչպես նաև մշտական ներկայությունը երաժշտության չխամրող երկնակամարում: Նա և նրա նման լեգենդար երաժիշտների դեպքում առիթ է նաև վերարժևորելու նրանց անհրաժեշտությունը՝ որպես մաքրող, մաղող ու մեզ համար ամուր բռնվելու հնարավորություն ստեղծած հսկաներ:

Լու Ռիդին լավագույնս բնորոշող գործեր. hիշենք, ունկնդրենք կամ ծանոթանանք նորովի…

«The Velvet Underground & Nico»

Սա խմբի առաջին ալբոմն էր, որը թողարկվեց 1967թ.: Ընդհանրապես, Լու Ռիդի ստեղծագործական կյանքը բաժանվում է 2 փուլերի՝ «Velvet Underground» խմբի և Ռիդ-երաժշտի անհատական գործունեության միջև: «The Velvet Underground & Nico»-ն խմբի գրեթե բոլոր ալբոմների նման կոմերցիոն դաշտում անհաջողակների շարքում էր, սակայն, բարեբախտաբար, 60-ականներն այն ժամանակաշրջանն էր, երբ երաժշտության արժեքն այօրվա նման միլիոնավոր վաճառքի ցուցանիշը չէր որոշում: Այս ալբոմը ռոքի պատմության լավագույն և ամենաազդեցիկ գործերից մեկն է համարվում: Այստեղ ակնհայտորեն ուրվագծվում է Ռիդ-երաժշտի պոետիկ, խորքային և, միևնույն ժամանակ, հեղհեղուկ ու արտասովոր էությունը, արտիստիկ խառնվածքը: Դրա մասին են պատմում «Heroin», «I’m Waiting for the Man», «Venus in Furs», «I’ll Be Your Mirror» և այլ երգեր:

Ողջ ալբոմն իր բովանդակությամբ նորություն էր երաժշտության մեջ: Այն չափից դուրս համարձակ ու անսովոր էր, երբեմն՝ շոկային, հատկապես՝ թեմատիկ առումով. սեքս, թմրանյութեր, սադիզմ, սեռական շեղումներ, մարմնավաճառություն… Երգերի մեծ մասի հեղինակն էր Ռիդը: Իսկ նա այս թեմաները բերում էր դեպի ռոքնռոլ ոչ թե տարբերվելու համար կամ համարձակ խոսք խառնելու երաժշտությանը, այլ որովհետև այս ամենով ներծծված իրականության հետ էր ապրում. Իրականություն, որը նա երբեմն որպես ժամանակի մոդայիկ հագուստ կրում էր, ինչպես իր սերնդի շատ ու շատ երիտասարդներ: Այլ կերպ ասած՝ «The Velvet Underground & Nico»-ն կյանքն էր, ինչպես որ էր:

«The Velvet Underground & Nico»-ն նաև առաջին համագործակցությունն էր փոփ արթի ամենաազդեցիկ ներկայացուցչի՝ Էնդի Ուորհոլի հետ, ով ոչ միայն ստանձնեց ալբոմի պրոդյուսինգը, այլև ձևավորեց շապիկը: Վերջինս այսօր էլ, գրեթե 50 տարի անց, համարվում է բոլոր ժամանակների լավագույն ձևավորումներից մեկը: «Արվեստի, երաժշտության և հումորի կատարյալ համադրություն»,- բնութագրում է երաժշտական հեղինակավոր կայքերից մեկը՝ դասելով այն լավագույն հիսնյակի 1-ին հորիզոնականում:

Հենց այս ալբոմի մասին է անգլիացի երաժիշտ և տեսաբան Բրայըն Ինոն ասել. «Թեպետ մի քանի տարվա ընթացքում այն վաճառվեց ընդամենը 30 000 օրինակով, այնուամենայնիվ, այն մարդիկ, ովքեր գնել էին դրանցից մեկը, հետագայում խումբ հիմնեցին»: Ուորհոլի առաջարկով և պնդմաբ է ալբոմի ձայնագրություններին մասնակցել գերմանացի երգչուհի Նիկոն: Որպես առաջին վոկալ՝ նա կատարեց «Femme Fatale», «All Tomorrow՚s Parties» and «I՚ll Be Your Mirror» երգերը և բեք վոկալ հանդես եկավ «Sunday Morning»-ում:

«Transformer»

Ռիդի ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ ունի «Transformer» ալբոմը: Այն բեկումնային էր: Լույս տեսնելով 1972թ.՝  «Transformer»-ը հաստատեց Ռիդի վերադարձը, այս անգամ, սակայն, որպես անհատ-ստեղծագործողի: Ալբոմի կայացման և Ռիդի՝ այս փայլով վերադարձը Դեյվիդ Բոուիի մեծ ջանքերի արդյունքն էր. նա խմբի մեծագույն երկրպագուն էր և անվերապահորեն հավատում էր Ռիդի մեծությանը: Շնորհիվ այս նախագծի՝ Ռիդը ճանաչելի դարձավ ավելի մեծ լսարանում, հատկապես՝ Մեծ Բրիտանիայում: «Transformer» -ում մի քանի երգեր ընգրկվել էին «Velvet Underground» խմբի երգացանկից, սակայն այստեղ կան մի քանիսը, որոնցով առավելապես ընդգծվեց այս երաժշտի կերպարն ու մշտական ներկայությունը երաժշտության սահմանում:

«Walk on the Wild Side». սա 60-ականների ոչ ավանդական կենսաձևի և գաղափարախոսության, հարաբերությունների գլխապտույտ փոխակերպումների, նորի ու անսովորի բախման լավագույն պատմություններից մեկն է: «The Factory». այսպես էր կոչվում հավաքատեղին, որը միավորում էր ընդհանուր գաղափարներ և հայացքներ ունեցող երիտասարդների: Դա Էնդի Ուորհոլի արվեստանոց-ստուդիան էր, իսկ նրանք 60-ականների ավանգարդ մտածողության կրողներ, կարծրատիպեր քանդող և սկանդալային երիտասարդներն էին: Նրանք ստեղծագործում էին արգելված թեմաների մեջ, ապրում փոխակերպված աշխարհում, որտեղ գլխավոր հերոսներն էին սեքսը՝ ոչ ավանդական կողմնորոշմամբ, թմրանյութը, տղամարդ-մարմնավաճառ-տրանսվեստիտը, հոմոսեքսուալիստը, տաղանդավոր արվեստագետն ու հեղինակավոր գրողը: Այստեղ էր ձևավորվում ժամանակի բոհեմն ու ծնունդ տալիս արվեստի նոր գործերի: «The Factory»-ն նյույորքյան ողջ անդերգրաունդն էր՝ իր առավելագույն երևակայությամբ: «Walk on the Wild Side»-ը այս իրականության արդյունքն էր:

«Transformer»-ի հիշարժան գործերից է նաև «Perfect Day»-ը, որին մենք արդեն անդրադարձել ենք

«Walk on the Wild Side»-ը 1973թ. թողարկվեց նաև որպես սինգլ և ակտիվորեն սկսեց «շրջագայել» տարբեր ռադիոկայաններում: Չնայած տաբու-թեմատիկ էությանը՝ քննադատների շրջանակում ևս մեծ արձագանքներ գտավ: Ի դեպ, երգը ԱՄՆ-ում թողարկվեց խմբագրված խոսքով. Բանն այն է, որ «The Factory»-ների ծննդավայր այս երկրում ականջները սովոր չեն հանդուրժել սեփական կյանքի  «մութ անկյունները» լուսավորող բառեր:

«Walk on the Wild Side»-ը Ռիդի ամենաճանաչված գործն է համարվում, ստորագրությունն իբրև սոլո արտիստի: Այս երգը ինչ-որ առումով նաև հեգնանք է, և հաջողված հեգնանք: Ռիդը  ոչ միայն ներկայացնում է կյանքի՝ ընդհանուր ընկալումից ծայրահեղ հեռու մեկ այլ կողմը (wild side), այլև, իմ կարծիքով, հեգնանքով է ընդունում նաև այդ իրականությունը, որը  կայացնում և, երբեմն, խորտակում է նաև անհատների:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter