HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դպրոց հաճախելու փոխարեն երեխաները նախընտրում են աշխատել

Շահենը 15 տարեկան է, սովորում է 9-րդ դասարանում: Նա շաբաթվա ընթացքում 1-2 անգամ է դպրոց հաճախում, իսկ մնացած ժամանակ աշխատում է. հոր և եղբայրների հետ գյուղի նախիրն է պահում: Շահենի եղբայրները ևս բացականեր ունեն, բայց նա ամենաշատ բացականերն ունի:

Շահենի բազմանդամ ընտանիքն ապրում է Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում: Ընտանիքում մեծանում է 7 տղա, բոլորն էլ` անչափահաս:

Մեր այցելության ժամանակ Քուչակում առաջին ձյունն էր եկել: Գյուղացիները անասուններին դուրս չէին հանել, այդ իսկ պատճառով Շահենը տանն էր: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ սիրում է դպրոցը, բայց այժմ միայն աշխատանքի մասին է մտածում, որովհետև այդպես է թելադրում իրենց սոցիալական վիճակը:

«Իմ հասակակիցներն ուրիշ ձև են մտածում, որովհետև իրենց վիճակը նորմալ ա, ես շաբաթը 1-2 անգամ եմ դպրոց գնում, որովհետև աշխատում եմ»,-ասում է Շահենը:

Ընտանիքի ավագ որդին` Պետրոսը, ով Շահենից ընդամենը մեկ տարով է մեծ, ցանկանում է դպրոցն ավարտելուց հետո զինվորական դառնալ, այդ պատճառով դպրոցից շատ չի բացակայում: Նախիր պահելու գնում է դասերի վերջում, իսկ երբեմն դասերի ավարտից 1-2 ժամ շուտ:

«Դասի եմ գնում, չեմ ուզում շատ բացակայություններ ունենալ: Հիմնականում դաշտ ախպերներս են գնում, ես վերջում եմ միանում իրենց: Բայց որ բացակայում ենք, տնօրինությունը շատ է ընդառաջում մեզ»,-ասում է Պետրոսը և հավելում, որ դեռ հստակ չի որոշել, բայց ցանկանում է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ասում է, որ սիրում է զինվորականի աշխատանքը: Բացի դրանից, ցանկանում է նաև կայուն աշխատանք ունենալ և ընտանիքը պահել:

Տունը, որտեղ բնակվում է 9 հոգուց բաղկացած ընտանիքը, նվիրել է հանրապետության նախագահը: Ընտանիքի հայրը՝ Վոլոդյա Պետրոսյանը պատմեց, որ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզչության ժամանակ եկել է Ապարան: Ինքն անձամբ մոտեցել է նախագահին և ներկայացրել, որ տուն չունեն: Ս. Սարգսյանը հանձնարարել է այն ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, որ տուն գնեն ընտանիքի համար:

Բայց այժմ Վոլոդյային ամենաշատն անհանգստացնում է ոչ թե իրենց նյութական ծանր վիճակը, այլ վարկերը, որոնք չի կարողանում մարել:

Նրա պատմելով՝ 2011թ. տնտեսություն հիմնելու նպատակով վարկով ոչխարներ է գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 60-70 հազար դրամ: Սակայն, դեռ եկամուտը չստացած ոչխարի գինը շուկայում կտրուկ նվազել է և չի կարողացել կատարած ծախսերը հետ բերել: Դրան էլ ավելացել է թանկ խոտը, որը ստիպված է եղել գնել: Վոլոդյան ասում է, որ 50 ոչխարից  մոտ 30 հատը անհասկանալի պատճառներով սատկել է՝ էլ ավելի բարդացնելով իր ընտանիքի ծանր սոցիալական վիճակը:

Հետո եկել է վարկերը մարելու ժամանակը, ոչխարների մնացած մասով մասնակի մարել է, բայց վարկային բեռի տակից ամբողջությամբ դուրս գալ չի ստացվել:

Վոլոդյան ասում է, որ վարկերի ընդհանուր չափը կազմում է մոտ 5000 դոլար: Հարցին, թե ինչի վրա է ծախսվել գումարը, պատասխանեց, որ հիմնականում ոչխար և խոտ են գնել, «տակի» մնացածն էլ երեխաների վրա  են ծախսել:

Երեխաներից 5-ը դպրոցական են՝ 2, 4, 7, 9, 12-րդ դասարաններում են սովորում: Հայրն ասում է, որ իր երեխաները հասկացող են, պահանջներ չեն դնում, բայց փոքրերը մեկ-մեկ նեղվում են, երբ համադասարանցիները բուլկի գնելու համար գումար են տանում դպրոց, իսկ իրենք այդ գումարը չունեն:

«Իմ միակ խնդիրը վարկերն են, որ դրանցից ազատվեմ: Ճիշտ է, նեղություն է, բայց դրանք քչով, դժվարությունով կարելի է հաղթահարել, բայց վարկը, պարտքըը շատ վատ բան է: Նախիրի փողերից էի հավաքել, ուզում էի տանել գոնե վարկերից մեկի տոկոսը տալ, այն էլ դուք եկաք»,-ասում է Վոլոդյան:

Տեսնելով, որ սեփական տնտեսություն ունենալն իրենց ուժերից վեր է, նա տղաների հետ արդեն 4 տարի է` համագյուղացիների անասուններն է պահում: 2 տարի համայնքի բնակիչների գառներն են պահել, իսկ 2 տարի է` կովերին են արոտի տանում: 1 կովի համար ամսական ստանում են 3000 դրամ: Իսկ երեխաները գումարի դիմաց նաև համագյուղացիների վառելափայտն են կոտրում: Վոլոդյայի ասելով՝ 1խմ վառելափայտը կոտրելու և տեղավորելու դիմաց երեխաները վաստակում են 1000 դրամ: Իսկ ինքը 3000 դրամով անասուն է մորթում:

Նախիր պահելը սեզոնային բնույթ է կրում, ձմռան ամիսներին տղաներն ու հայրը պարապ են լինում: Միակ կայուն եկամուտը ամսական 70,500 դրամ նպաստն է:

Կինը՝ Քնարիկը, գրեթե չէր խոսում: Ընտանիքի մասին պատմում էր հիմնականում Վոլոդյան: Ասում է` իրենց հագուստների համար գումար շատ քիչ են ծախսում, հիմնականում հարազատների կամ համագյուղացիների նվիրած հագուստներով են բավարարվում:

Վոլոդյայի ասելով` ոչխարները սատկելուց հետո իրենք անասուն չունեին: Նախորդ տարի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է 2 կով նվիրել, մեկն էլ համայնքապետն է նվիրել: Այժմ այդ 3 կովերի կաթ ու մածունով են երեխաները սնվում:

 Լուսանկարներն ու տեսանյութը` Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter