ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Արմենիան Քափըր Փրոգրամը» վարչապետ Կարեն Կարապետյանից աջակցություն է խնդրում



«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրում է աջակցել Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ներկայիս գործող սահմանաքանակները ևս 5 տարով երկարացնելու համար:

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, առավոտյան ժամը 8-9:30–ի սահմաններում, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող պղնձաձուլական գործարանի արտանետումների հետևանքով Ալավերդու փողոցներում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Քաղաքը ծխագազի մեջ չէր երևում:
Դա պղնձաձուլական գործարանի մեծաքանակ արտանետումների պատահական դեպք չէր: «Հետքը» պարբերաբար անդրադառնում է գործարանի արտանետումների հետևանքով Ալավերդիում ստեղծված մթնոլորտային ծանր վիճակին։ Երեկվա արտանետումների մասին Ալավերդու «Օրհուս» կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանի գրավոր հարցմանը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն  Լուսինե Մեջլումյանը պատասխանել է, թե գործարանի արտադրական ծավալները և բաղադրությունը համեմատած նախորդ ամիսների հետ՝ չեն փոխվել: Տնօրենը փորձել է «Օրհուս» կենտրոնի համակարգողին համոզել, թե հոկտեմբերի 31-ի առավոտյան Ալավերդու մթնոլորտում ստեղծված իրավիճակը եղել է բարձր ամպամածության արդյունք:

Ալավերդցիները տեղյակ չեն , որ պղնձաձուլական գործարանի Կոշաբերդ սարի գագաթի ծխնելույզի արտանետումների ծավալներն արդեն  3-րդ տարին է՝ չեն վերահսկվում և, 2012թ.-ի հոկտեմբերի 8-ից մինչ օրս, ծխնելույզից Ալավերդու օդային մթնոլորտ բնակչության կյանքի և առողջության համար վտանգավոր անսահմանափակ արտանետումներ են ուղղվում՝ բնապահպանության  նախարարության թույլտվությամբ և կառավարության համաձայնությամբ:

Լ. Մեջլումյանի՝ վարչապետին ուղղված գրությունից տեղեկանում ենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարությունից 5 տարի ժամանակով՝ 08.10.2012թ-07.10.2017թ.-ը, ստացել է Ալավերդու օդային ավազան նետելու վնասակար նյութերի նորմերից բարձր  արտանետումների չափաքանակ: «Դրանով, պղնձաձուլական գործարանին տրվել է հնարավորություն՝ Ալավերդու մթնոլորտ արտանետել այնքան արտանետումներ, որքան ընկերությունը ցանկանում է, բացարձակ հաշվի չառնելով արտանետումների նորմավորման վերաբերյալ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի հիմնական պահանջը»,-ասում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը: Անսահմանափակ արտանետումներ կատարելով, ընկերությունը նախորդ 3 տարիներին պետբյուջե վճարել է բնապահպանական չնչին վճարներ:

Հիշեցնենք, որ այդ պատճառով գործարանի արտանետումների թիրախում գտնվող  Ալավերդու համայնքային բյուջեն 2016թ.-ին զրկվել է բնապահպանական սումբվենցիայից: Այսուհանդերձ, վերոնշյալ թույլտվության ժամանակացույցին համապատասխան պետբյուջե վճարվող բնապահպանական վճարների չափը 2016թ հոկտեմբերի 1-ից մինչև 2017թ հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում կաճի շուրջ 2 անգամ, իսկ 2017թ.-ի հոկտեմբերի 1-ից հետո կաճի 4 անգամ, կազմելով մոտ 400 մլն. դրամ: Սա խուճապ է առաջացրել միջազգային շուկայում պղնձի գների անկման հետևանքով ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված «Արմենիան  Քափըր Փրոգրամ» ընկերությունում: Ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը սեպտեմբերի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարությանը գրավոր խնդրել է ևս 5 տարի պահպանել արտանետումների թույլատրված չափաքանակները:  

«Հաշվի առնելով, որ ներկայումս պղնձաձուլական գործարանն աշխատում է զրոյականին մոտ շահութաբերությամբ, ինչը պայմանավորված է մետաղների շուկայում վերջին տարիներին ստեղծված իրավիճակով և շարունակում է իր գործունեությունը Ալավերդի քաղաքում և հարակից համայնքերում զուտ  սոցիալական խնդիր լուծելու նպատակով, բնապահպանական վճարների նման չափով ավելացման դեպքում ընկերության գործունեության տնտեսական շահավետությունը կտեղափոխվի բացասական դաշտ: Դա պատճառ կհանդիսանա գործարանի աշխատանքները դադարեցնելու համար»,-վարչապետին ուղղված գրության մեջ հայտնել է Լ.Մեջլումյանը:

Հիշեցնենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը Ալավերդիում 2016թ-ից փակել է իր սոցիալական բոլոր ծրագրերը և փաստորեն իր արտանետումների համար ազդակիր  համայնքերում սոցիալական որևէ պարտավորություն կամ ծրագիր չի իրականացնում: Բնապահպանության նախարարությունը ընկերության կողմից պղնձաձուլական գործարանի գործունեությանը վերաբերվող սեպտեմբերի 23-ի NoԼՄ-041 գրության մասին կարծիք և առաջարկություն ստանալու համար հարցում է ուղարկվել «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանին:

Իր պատասխանում Գաբրիելյանը  նախարարությանը տեղեկացրել է Լ. Մեջլումյանի գրության մեջ  նշված 2010թ.-ի հունիսի 30-ին շրջակա միջավայրի վրա  ազդեցության փորձաքննության ուղարկված գործարանի նոր նախածխանցքի և ծխնելույզի կառուցման նախագծի բնապահպանական մասի վերաբերյալ իր բացասական կարծիքի մասին: «Իմ կողմից 2010թ.-ի հուլիսի 7-ին տրվել է  բացասական կարծիք»,- հայտնել է Ա. Գաբրիելյանը և նախարարությանը ներկայացրել դրա պատճառները: Գաբրիելյանի խոսքով՝ նախագծով պղնձաձուլական գործարանը փորձել է իր հիմնական արտանետումները տեղափոխել մոտակա բարձունքը, նպատակ ունենալով պակասեցնել գործարանի արտանետումների ազդեցությունը Ալավերդու վրա և այդ միջոցով պակասեցնել իր կողմից պետբյուջե կատարվող բնապահպանական վճարները:

«Սակայն նախագծում ներկայացված 20մ բարձությամբ ծխնելույզը ներկայացված է որպես 318 մետրանոց՝ խողովակի 20 մ բարձրության գումարելով նշված սարի՝ Կոշաբերդի 298  մետր բարձրությունը՝ 100 մետրանոց խողովակի հիմքի նկատմամբ»,-նախարարությանը հայտնել է Ա. Գաբրիելյանը: Նա բնապահպանության նախարարությանն առաջարկել է մերժել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության դիմումը՝ Ալավերդու և հարակից համայնքների մթնոլորտ ևս 5 տարի չհիմնավորված արտանետումները շարունակելու  պահանջի մասին: Առաջարկել է  մասնագիտական և իրավաբանական վերլուծության ենթարկել ընկերության կողմից իրականացված արտանետումների դիմաց պետբյուջեի վճարումների օրենքին համապատասխանությունը և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պարտադրել չվճարված վճարների սուբվենցիաները որպես պարտք վճարել  ազդակիր համայնքներին:  

Հաշվի առնելով ընկերության կողմից պղնձաձուլական գործարանի աշխատողներին և բնակչությանը պարբերաբար մատուցվող գործարանը փակելու սպառնալիքները՝ Ա. Գաբրիելյանը առաջարկել է նաև գործարանի աշխատողների և բնակչության շրջանում քննարկման առարկա դարձնել գործարանի գործունեությունը: Իր գրությամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության  տնօրեն Լ. Մեջլումյանն էլ   վարչապետ Կարեն Կարապետյանին նաև հայտնել է, որ ներկայումս ընկերության կողմից  բանակցություններ են տարվում չինական ընկերությունների հետ և արդեն կազմել են հուշագիր տարեկան 100 հազար տոննա կատոդային պղնձի արտադրողականությամբ և ծծմբային գազերի մինչև 98,5 տոկոս ուտիլիզացիայով նոր պղնձաձուլական գործարանի նախագծման համար: «Վերջինիս հետ կապված նոյեմբեր ամսին նախատեսվում է չին նախագծողների այցը՝գործարանի տարածքի և ռելիեֆի ճշգրտման նպատակով»,-վարչապետին հայտնել է ընկերության տնօրենը: Թե չինական որ ընկերություների հետ է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը  համագործակցում նոր պղնձաձուլական կառուցելու գործում,  Լուսինե Մեջլումյանը չի հայտնում:  

Լուսանկարները՝ հեղինակի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (10)
1. Մարիետա19:58 - 1 նոյեմբերի, 2016
Վերջապես ձայն հանեցին, վերջապես հասկացանք որ մեր մասին մի քիչ մտածող կա: Բա ուր էր Օրհուս կենտրոնը, քաղաքապետարանն ու Փարեմուզյան Լարիսան, մեռանք կտրեցինք ասելով, որ խայտառակ վիճակ է, հանկարծ որոշեցիք հիշել ալավերդցիներին: Իսկ Վալեքսը միշտ իր ծաղրածուական դիրքերում է: Հերիք է՝ կփակենք-կփակենք: Փակում եք փակեք ու էլ այլևս չփորձեք վախացնել: Մեղք է էս ժողովուրդը, էդքան անխիղճ ու անմարդկային չի կարելի լինել: Կամ պետք է ճիշտ աշխատեք, կամ էլ՝ դեպի գրողի ծոցը
2. Լաուրա12:24 - 2 նոյեմբերի, 2016
սրանց դեռ քիչ ա, էս դեռ կպչել ու ձայն հանել չի նշանակում, կպչելը էն կլնի, որ գազից չխեղտվենք, իրանց հաշիվ տան, ծրագրեր չփակեն ու քաղաքապետարանին նեղը քցեն ժողովրդին էլ հետը: Ոչ մի ալավերդցի էլ չի ուզի, որ գործարանը փակվի ու իրանք անընդհատ դրանով վախացնում են, գիտեն էս խեխճ ժողովրդի թույլ տեղը:ամոթ ձեզ գոնե մի խոսեք:
3. Hasmik15:59 - 2 նոյեմբերի, 2016
Իսկ ինչ է անում ACP Ալավերդու համար, մի քանի աշխատող է մնացել ու սխալ կառավարման շնորհիվ գործարանը հայտնվել է այդ վիճակում հիմա, փոխարենը խեղճ ժողովուրդն ապրում է այդ աղտոտվածության պայմաններում: Աղտոտման հետևանքով առաջացող հիվանդությունների բարձր մակարդակ, ահա այն, ինչ տալիս է այսօր ACP Ալավերդուն, սիկ Լւսինե Մեջլումյան, ալավերդցիներին հիմարի տեղ մի դրեք, ամոթ է, մենք տարբերում ենք ամպամածությունը աղտատումից: Միգուցե այդ աղտոտման ծխից դուք չեք կարողանում իրականությունը նկատել: Արտանետել այնքան, որքան ուզում է գործարանը: Սա ինչ է?? ինչպես կարելի է թույլ տալ նման բան....
4. Karine M.19:24 - 2 նոյեմբերի, 2016
Աշխատատեղերը զենք են սարքել կրակում են, հերիք էղավ, ինչքան կարելի ա արհամարել մարդկանց, թե իրանց ով ա ասում մի աշխատեք կամ փակեք գործարանը: Ժողովուրդը լռում ա, վախում որ կփակեն աշխատատեղերը, քաղաքապետարանը լռում ա, էլի վախում, որ կփակեն աշխատատեղերը, լրագրողները լռում են, որովհետև ջեբները բան են գցում, իսկ ով գործարանի աշխատող չի քաղաքապետ կամ էլ եսիմինչ պետք ա տուժի:
5. Մարիամ Մխիթարյան20:39 - 2 նոյեմբերի, 2016
Այս ինչ խայտառակ վիճակում է իմ հարազատ ծննդավայր Ալավերդին, այս ինչ վիճակում է իմ ժողովուրդը: Եվ ո՞ վ է պատասխան տալու այս ամենի համար: Գլխիս մեջ անընդհատ պտտվող հարցեր են, որոնց պատասխանները ոչ-ոք չունի: Ո՞ր թաքստոցում է գործարանի տերն ու տիրականը-Վալերի Մեջլումյանը, ով ժողովրդին դրել է այսպիսի խայտառակ իրավիճակի մեջ ու նրա եղփոր աղջիկն է որպես ընկերության տնօրեն անհիմն ու պարզունակ նամակներ հղում այս ու այն կողմ և համոզում բոլորին թե Ալավերդին պարուրել է մառախուղը և ոչ թե գործարանի ծուխը: Այ քեզ հիմարություն: Իսկ քաղաքապետարանը հիմա է՞լ է լռելու: Էլ տեղ չկա, գործի անցնելու ժամանակն է հարգելի պարոն Փարեմուզյան: Հեռվից հեռու Ձեր կատարած աշխատանքներով մենք շատ ենք հիանում ու հավատում, որ Ալավերդիում դուք շատ բան եք փոխելու: Եվ շատ եմ ուզում հավատալ, որ այս հարցում էլ մեր ժողովրդին մենակ չեք թողնի, կլինեք նրանց կողքին: Արեք հնարավոր ամեն ինչ, դրսում բնակվող ալավերդցիներով մենք նույնպես կհամախմբվենք ու կօգնենք ինչով կարող ենք, միայն թե փրկեք մեր բնակիչներին նրանց պատուհասած այս վտանգից, պահանջատեր եղեք որպեսզի հարգեն ժողովրդին:
6. Կառլեն21:33 - 2 նոյեմբերի, 2016
Թարգեք այ ժողովուրդ, ACP հա էլ թելադրելու ա համ ժողովրդին համ էլ քաղաքապետարանին քանի դեռ դրանց թափ տվող չկա: Սաղ քաղաքապետերն էլ որ ձեն չեն հանել մենակ զավոդում աշխատողների ու նրանց ընտանիքների խաթեր չեն ձեն հանել, թե չէ դրանց պատին դեմ տալը քանիսումն ա; Մի էրկու հատ տեղը տեղին շուխուռ ու բնապահպանները գալիս են լցվում դրանք էլ կարգին խելոքանում են ու սկսում են մտածել նոռմալ աշխատելու մասին, թե չէ ձեն հանող չեղավ իրանց շատ բրախեցին: Մտքիս մի էրկու լավ բան կա, ուզում եմ դրանց ասեմ, բայց ջղայնացած գրեմ էլ մոդեռատրը չի հաստատելու, նենց որ մտքինս ձեզ: Իսկ քաղաքապետը որ ուզի դրանց մի լավ հուպ կտա վերևներով, սաղ ձևերն էլ ունի նենց չի որ չի կարա:
7. Հակոբ08:54 - 4 նոյեմբերի, 2016
Զարմանալիա, որ միայն չարացած մեկնաբանություններ են հնրում և ոչ մի խոսք, նորմալ տնտեսագիտական, բնապահպանական նորմերով արտադրության վերակազմակերպման ամսին, ժողովուրդ, ուշքի եկեք, հիշեք թե 90-ականները, նորից նույն ցեխը մի մտեք անմիտ մեկնաբանություններով ֆոն ստեղծելով: Այո դժվար է, ծանր է բնապահպանական վիճակը, բայց Ալավերդու առևտուրը, ծառայությունները և այլն սնվում են հենց միայն էդ գործարանի աշխատավարձներով ու միայն թոշակներով, դրանք էլ վերջնական կփակվեն, էդ առաջաին հայացքից է որ մի քանի հարյուր ամրդ է աշխատում, ճիշտը կլինի վերահասկելիդ արձնել արտանետումները, ամպամած ,օրերին պարտադրել նվազեցնել արտադրության ծավալները, մինչև տեսնենք էդ չինացիները ինչ են անում:
8. Karine M.21:29 - 6 նոյեմբերի, 2016
Բոլորի պահանջն էլ գործարանի նորմալ աշխատանքն ա, թե չէ մարդկանց խեխդում են ու չեն ուզում դրա մասին խոսան, հենց խոսում են, ասում են կփակենք: Անընդատ վախացնումեն, ժողովուրդն էլ դե ինչ անի ինչ կա իրա ձեռին: Վերջին շրջանում մենակ ծրագրեր են փակում, մանկապարտեզների սնունդ կտրում, ճոպանը փակում, ծերերի ճաշարանը փակում ու դրա դիմաց խեխդում հետո էլ ուզում որ մարդիկ ձեն չհանեն: Դե խեխդեք բան չենք ասում, մեզ կներշնչենք որ Ալավերդի տարին տասերկու ամիս մառախուղ ա, ուղղակի հազացնող ու գլխացավ առաջացնող մառախուղ:
9. ՍԵՅՐԱՆ15:30 - 28 նոյեմբերի, 2016
,,Ախ~, այդ ծուխը...,, Այս վերնագիրն էր կրում դեռևս 1958 թ. ,,Ոզնում,, տպագրված իմ հեղինակած նյութը, որը ընթերցողիս թույլտվությամբ հիմա կմեջբերեմ այստեղ. ,, Փողոցում թևանցուկ քայլում ենք ես և իմ Եվան: Այդ պահին պղնձաքիմիական կոմբինատի ծխնելույզների ծուխը այնպիսի խտությամբ փռվեց ասֆալտապատ փողոցի վրա,որ անցորդներն անկարող էին տեսնել միմյանց, ինչպես, օրինակ`ես և իմ Եվան:Ես ծխից ստիպված`հազում եմ և ձեռքս Եվայի թևից հանելով, մոտեցնում բերանիս ու նորից հազում: Նորից եմ թևանցում Եվայիս: Երբ ծուխը ետ է քաշվում, նայում եմ ընկերուհուս և ապշած մնում կանգնած. ես թևանցուկ եմ արել մեկ ուրիշ կնոջ, իսկ Եվաս հեռվում կանգնած`լալիս է: Ախ~այդ ծուխը...,, Ավա~խ,:: մոտ վաթսուն տարի անց ,պարզվում է, որ պատկերը նույնն է: Տարբերությունն եք ուզում իմանալ. ասեմ. Սովետը արտադրանքի արժեքի հինգ տոկոսն էր հատկացնում կոմբինատի աշխատողներին, և ԽՍՀՄ գունավոր մետալուգիայի նախարարը Ալավերդում չէր ծնվել ու սովորել մեր քաղաքի ռուսական դպրոցում: Այդ նախարարը դեռ այն ժամա- նակ Ալավերդի իր այցելության ընթացքում հայտարարեց, որ շոտով կոմբինատի ծխատարների մուտքերում ՃԱՊՈՆԱԿԱՆ զտիչներ են տեղադրվելու և ,,շնչիր, որքան կուզես,, ,այդ ,,շուտովը,, տևեց շուրջ քառասուն տարի, մինչև համ իշատերը մեռավ համ էլ... Մերոնք նախկինների դառը փորձից ելնելով ՉԻՆԱԿԱՆՆ են խոստանում...
10. Սեյրան21:25 - 28 նոյեմբերի, 2016
Ավելի ընդգրկուն և լոյալ մեկնաբանություն հազիվ թե ունենաք. ինչու չեք հրապարակում իմ ուղարկածը / 1958 թ.-ի ,,Ոզնուց,, մեջբերումով:/ հարգանքներով` Սեյրան Մոսինյան
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ