Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Արմավիրի մարզպետարանն աչք է փակում համայնքապետերի ու ավագանու ապօրինությունների վրա



Արմավիրի մարզում շարունակվում են «հին ու բարի» ավանդույթները, երբ ավագանու անդամները հօգուտ իրենց, ընտանիքի անդամների կամ մերձավորների որոշումներ են կայացնում: Մարզպետարանն այս ուղղությամբ գործուն քայլեր չի ձեռնարկում համայնքային բյուջեները անձնական նպատակով օգտագործելու դեպքերը բացառելու համար: Ճիշտ հակառակը՝ վարչական հսկողության անվան տակ «օրինականացնում» է դրանք՝ այդպես էլ չարձանագրելով խախտման որևէ դեպք:

Համայնքի ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին: Այս դրույթը սահմանված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածում, սակայն Արմավիրի մարզում գրեթե համատարած անտեսվում է:

Մասնավորապես, մարզի Դալարիկ համայնքում իրականացվել է վարչական հսկողություն, այլ կերպ ասած՝ ստուգում, որի վերաբերյալ օգոստոսի 22-ին կազմվել է արձանագրություն:  «Համայնքի ավագանու անդամի իր, ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների շահերին առնչվող որոշումների քվեարկությանը մասնակցության բացառումը» տողով ստուգող հանձնաժողովն այդպես էլ խախտում չի գտել, կատարելով՝ «Պահպանված է» նշագրումը:

Մինչդեռ հենց արձանագրության կազմման օրը՝ օգոստոսի 22-ին Դալարիկի ավագանին նիստ է անցկացրել և որոշել է նյութական աջակցություն ցուցաբերել համայնքի անապահով բնակիչներին: Այդ ցանկում տեղ գտած 13 անուններից 5-ը ավագանու անդամների անուններն են: Նրանք ոչ միայն իրենք իրենց օգնություն են տվել, այլև մասնակցելով ավագանու նիստին քվեարկել են հենց իրենց օգտին:

Օրինակ՝ Թենիկո Ալբուրովան մասնակցելով նիստին կողմ է քվեարկել, որ իրեն համայնքային բյուջեից հատկացվի  55 000 դրամ, նույն կերպ վարվել են նաև ավագանու անդամներ Սուրեն Գրիգորյանը, Մարետա Պետրոսյանը, Վարուժան Հակոբյանը և Ժորա Գևորգյան: Բոլորն էլ, որպես անապահով, ստացել են 55 000-ական դրամ օգնություն:

Արմավիրի մարզպետարանից գուցե արդարանան, որ իրենք ստուգումն ավարտել են ավելի վաղ և տեղյակ չեն եղել ավագանու այդ որոշման մասին: Բայց դա միակ որոշումը չի եղել, որ ավագանու անդամներն իրենց շահով պայմանավորված որոշումներ են կայացրել:

Հուլիսի 12-ի նիստով 50 000 դրամի չափով սոցիալական օգնություն է հատկացվել համայնքապետ Պարգև Սաղաթելյանի եղբոր աղջկան՝ Մերի Սաղաթելյանին: Փետրվարի 29-ին 60,000-ական դրամ օգնություն է հատկացվել ավագանու անդամներ Մարետա Պետրոսյանին, ավագանու անդամ Թենիկո Ալբուրովայի հորը՝ Նիկոլայ Ալբուրովային, ավագանու մեկ այլ անդամ Վարուժան Հակոբյանի կնոջը՝ Սաթենիկ Մկրտչյանին: Այս հարցի քննարկման ժամանակ նույնպես ավագանու անդամները մասնակցել են իրենց կամ մերձավորների օգտին կայացվող որոշման քվեարկությանը:

Նման դեպքեր գրանցվել են նաև նախորդ տարիներին: Մասնավորապես՝ 2015թ. դեկտեմբերի 22-ին նույն եղանակով 40.000 դրամ օգնություն է հատկացվել ավագանու անդամ Թենիկո Ալբուրովային: Իսկ մեկ այլ անդամ՝ Վազգեն Ղազարյանի եղբայրը Ղազար Ղազարյան և Մարետա Պետրոսյանի եղբայրը՝ Պետրոսյան Պետրոս նաև իրենց ազգակից ավագանու անդամների քվեարկության շնորհիվ ստացել են ավտոմեքենաների գույքահարկի արտոնություն, համապատասխանաբար՝ «Wolkswagen Vento 1.6» մակնիշի ավտոմեքենայի համար 7580 դրամի և «GAZ 24-01» մակնիշի ավտոմեքենայի համար 20 170 դրամի չափով:

Նույն թվականի մայիսի 14-ի ավագանու որոշումով «GAZ 24» մակնիշի ավտոմեքենայի համար 8500 դրամի չափով գույքահարկի արտոնություն ստացել է նաև համայնքապետի եղբայրը՝ Սևադա Սաղաթելյանը:

Որպեսզի «պատահականության» վարկածը բացառվի, նշենք, որ Դալարիկի ավագանին նույն կերպ վարվել է նաև 2014 թվականին: Մասնավորապես՝ նշված տարվա դեկտեմբերի 18-ին ավագանու որոշմամբ ավտոմեքենաների մասով գույքահարկի արտոնություն են ստացել ավագանու անդամ Վազգեն Ղազարյանի հայրը՝ Սերգեյ Ղազարյանն իր «Վազ 21065» մակնիշի ավտոմեքենայի համար՝ 8000 դրամի չափով, ինքը՝ Վազգեն Ղազարյանը «Wolkswagen Jetta 205» մակնիշի ավտոմեքենայի համար՝ 10 000 դրամի չափով, «Opel Vectra» ավտոմեքենայի համար 10 400 դրամի չափով արտոնություն է ստացել նաև ավագանու անդամ Սուրեն Գրիգորյանը: Նրա գործընկեր Արմեն Ալեքսանյանին արտոնություն է տրվել իր «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենայի համար, գումարի չափը՝ 18 000 դրամ:

Իր ընկերներից հետ չի մնացել ավագանու անդամ Ժորա Գևորգյան՝ «Վազ2410» ավտոմեքենայի համար 10 000 դրամ և իր որդին՝ Ռուդիկ Գևորգյանը «Գազ 2705-11» մակնիշի ավտոմեքենայի համար 5000 դրամի չափով: Բոլորն էլ մասնակցել են որոշումների քվեարկությանը:

Այս ամենը Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներից բաղկացած ստուգող հանձնաժողովը չի «նկատել», այդպիսով նպաստելով համայնքապետերի ու ավագանու անդամների հակաօրինական գործելաոճը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Անի15:36 - 12 հունվարի, 2017
բա խի են գյուղապետ դարձել որ իրանց ընտանիքներին չոգնեն
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ