HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Զաքարյանի Ախալցխայում գտնվող տան ճակատագիրը դեռևս անհայտ է

Երգչուհի Լուսինե Զաքարյանի Ախալցխայում գտնվող տան ճակատագիրը դեռևս անհայտ է:

Այսօր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ երգչուհու տունը դիտարկվում է Ախալցխայի հայ մեծերի միասնական տան ստեղծման համատեքստում: Այդ նպատակով այժմ հայ մեծերի թանգարանի ստեղծման հանձնաժողով է ձևավորվում, որտեղ ներգրավվել է նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ոլորտի մասնագետներ, Ախալցխա համայնքի հայազգի ներկայացուցիչներ, ճարտարապետներ և այլ անձինք:  

Աշոտ Հակոբյանը պատմեց, որ ՋԱՀ-ի մինչև 2020թ. ծրագրերի մեջ է մտնում Ախալցխայում մեծերի միասնական թանգարանի հիմնումը: Լուսինե Զաքարյանի տան վաճառքի լուրը իմանալուց հետո ՋԱՀճ-ը փորձել է այդ տեղակետից դիտարկել` քննարկելով այն տարբերակը, որ միգուցե Լ. Զաքարյանի տունը հենց հայ մեծերի համար նախատեսված տունն էլ դառնա: Սակայն Աշոտ Հակոբյանն անձամբ այցելել է Ախալցխա և տեսել երգչուհու տունը: Նրա տպավորությամբ, Լուսինե Զաքարյանի տունը «շատ խառը տուն էր», և իր սուբյեկտիվ կարծիքով` դա չի կարող ամենալավ տարբերակը լինել, քանի որ Ախալցխայի մեծերը շատ են, և յուրաքանչյուրի համար մեկ պատ է նախատեսում ստեղծել: Լուսինե Զաքարյանի տունն  այդ հնարավորությունը չունի:

Բացի դրանից, հանձնաժողովը կդիտրակի թանգարանի շենքի մի քանի տարբերակներ: Աշոտ Հակոբյանի տվյալներով` 1830 թ. կառուցված շենք կա Ախալցխայում, որը լավ պահպանված է և ավելի լավ տարբերակ է հայ մեծերի թանգարանի համար: Սակայն, ի վերջո, հանձնաժողովն է որոշելու` Լուսինե Զաքարյանի տունը, թե մեկ այլ շենք վերցնել հայ մեծերի թանգարան դարձնելու համար:

ՋԱՀ-ի տնօրենի խոսքով, Լուսինե Զաքարյանի տունն առանձին թանգարան դարձնելու տարբերակը ևս քննարկվել է և նպատակահարմար չի գտնվել, քանզի շատ միջոցներ են անհրաժեշտ ներդնել: «Փոխարենը եթե մենք ունենանք մեկ միասնական թանգարան, 1-2 տարում հանարվոր կլինի դա անել, և հանրությանը կներկայացնենք, թե ինչ ախալցխացիներ են ծնվել այդտեղ»,- ասում է Ա. Հակոբյանը:

Թե ինչ կլինի այդ դեպքում Լուսինե Զաքարյանի տունը, Աշոտ Հակոբյանը դժվարացավ պատասխանել. «Հնարավոր է, որ չվաճառվի»:  

Տան մի մասում այժմ ապրում է վրացի մի ընտանիք, իսկ մյուս մասը` ՌԴ Դոնի Ռոստով քաղաք տեղափոխված մեկ այլ ընտանիքի է պատկանում: Երկու հարկը միասին 45-50 հազար դոլարի սահմաններում է վաճառվում:

«Եթե մարդիկ գտնվեն, որ պատրաստ են էդքան ներդրում կատարել, որ և միասնական թանգարանը ստեղծվի, և Լուսինե Զաքարյանի տունն առանձին թանգարան դառնա, ինչու չէ: Այս պահին Սուրենյանցի տունն էլ վաճառվում»,- ասում է տնօրենը:

Մինչև տարվա վերջ հանձնաժողովը ձևավորված կլինի, և հստակ որոշում կկայացվի դրանից հետո: 

Լուսանկարը` Էդուարդ Այվազյանի

Մեկնաբանություններ (2)

Մելս
Աշոտ Հակոբյանին և իր տերերին հուշեք՝ քիչ տան Ջավախքի անունը և ամեն առիթ չօգտագործեն ու ոչ ակնահաճո դեմքերով խցկվեն էկրաններ: Վերջին օրերին էլ եկել էին Վաչիան և Սուլդա գյուղեր, ինչպես միշտ՝ լրագրողներին իրենցով արել ու խեղճ գյուղացիների արած գործը իրենց վերագրել: Արդեն սրանց մոտ մոդա է՝ գնալ միջոցառման, խցկվել ելույթների մեջ, ընդունել ջավախքափրկիչ տեսք ու հանրության առաջ հանդես գալ բարեգործի դիմակով: 3 տարվա մեջ մի սենյակ մինչև ռեմոնտ արին և Ջիվանու անկյուն բացին՝ թոշակառուներիցս փող ուզելով հոգիներս հանեցին...
Արթուր
Դե լավ է՝ մինչ 2020 թ. հեռուստացույցով երևալու թեմա եք գտել, պարոն Հակոբյան: Հայրենանվեր մարդը գլուխը կախ կգնա, տունը կառնի, կվերանորոգի ու կհանձնի համայնքին: 50.000 դոլա՞ր չունեք... Ծիծաղելի է: Սոս Սահակյանի 100.000 դոլարանոց մեքենաներից մեկը (վերջինը) վաճառեք, ամեն ինչ տեղը կընկնի և, եթե պարոն Սահակյանը 100.000 դոլարանոց մեքենայով Ախալցխա չգնա, այլ գնա, ասենք, մի 6.000 դոլարանոցով, ախալցխահայությունը հաստատ չի տխրի: Թե չէ՝ ընկել եք հանձնաժողով, եսիմ ինչ... Ահա հարցի ողջ փիլիսոփայությունը: Հայրենասիրությունը կամ ջավախքասիրությունը մասնագիտություն չէ, պարոն Հակոբյան, իսկ ձեր նմանները շատ են եկել ու խայտառակված գնացել....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter