Շաբաթ, 22 սեպտեմբերի

ՊՆ-ում ներքին կարգապահության խնդիր կա. «Հետք»-ի հարցումն անպատասխան է մնացել



Պաշտպանության նախարարությունը չի պատասխանում «Հետք»-ի՝ ավելի քան մեկ ամիս առաջ ուղարկված հարցմանը` այսպիսով խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:

Այս գերատեսչությունում, որտեղ, առաջին հայացքից, կարգապահությունը կարծես թե պետքէ լինի չափազանց բարձր, միջին օղակի պաշտոնյաները պատասխանատվությունն ուղղում են իրենցից հեռու՝ դեպի հարեւան վարչություններ ու բաժիններ:

Սեպտեմբերի 30-ին «Հետք»-ը պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցում է ուղղել գերատեսչության եւ շինարարական ընկերությունների միջեւ կնքված պայմանագրերի վերաբերյալ: Մասնավորապես, հարցումը 2014 եւ 2015 թվականներին ՊՆ-ի ֆինանսավորմամբ իրականացված շինարարական կոնկրետ ծրագրերի, դրանց շրջանակներում ծախսերի վերաբերյալ է, որ իրականացվել են Մեհրաբում, Վանաձորում, Չոբանքարայում եւ այլ համայնքներում:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի համաձայն՝ գրավոր հարցմանը պետք է պատասխանել 5-օրյա ժամկետում, կամ, եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, 30-օրյա ժամկետում։

Պաշտպանության նախարարությունը օրենքում նշված դրույթներից որեւէ մեկի պահանջը չի կատարել: Հարցումից 17 օր անց՝ հոկտեմբերի 17-ին, պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ի պատասխան «Հետք»-ի՝ արդեն ֆեյսբուքյան անձնական նամակով ուղղված հարցին, թե ինչ փուլում է գործընթացը, խորհուրդ էր տվել դիմել նախարարության աշխատակից Հասմիկ Հարությունյանին:

Հասմիկ Հարությունյանը հայտնել էր, որ հարցումն ուղղված է նախարարության աշխատակազմին, եւ միշտ չէ, որ հաջողվում է նախտեսված ժամկետներում պատասխանել հարցումներին:

Արդեն երեկ՝ նոյեմբերի 2-ին, հարցումից 32 օր անց, Հարությունյանը հայտնեց, որ հարցումը դեռեւս գտնվում է ՊՆ աշխատակազմում, եւ որ այդ հարցով լրատվական ծառայությունում չկա որեւէ պատասխանատու, ում հնարավոր կլինի դիմել: Հարությունյանը, գոնե ինչ-որ հարցով օգնելու նպատակով, խորհուրդ է տվել զանգահարել նախարարության աշխատակազմ:

Այստեղ աշխատակիցը հայտնեց, որ պետք է դիմել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի աշխատակազմ, իսկ ահա այստեղ պատասխանեցին, որ իրենք այս շղթայի ամենավերջին օղակն են՝ «երբ արդեն գրությունը պատրաստ է լինում, պարոն Տոնոյանը պարզապես ծանոթանում է դրան, համոզվում, որ ռազմական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն չկա, որից հետո հաստատում՝ պատասխանը լրատվամիջոցին ուղարկելու համար»: Փոխնախարարի աշխատակազմից խորհուրդ տվեցին կրկին զանգահարել նախարարության այն աշխատակցին, ով ուղղորդել էր դեպի փոխնախարարի աշխատակազմին:

Ի դեպ, այս ընթացքում «Հետք»-ին հայտնի դարձավ, թե իբր Սեյրան Օհանյանը հրահանգած է եղել՝ հարցումների դեպքում լրատվական ծառայության գործառույթները վերջանում են այն ժամանակ, երբ գրությունն արդեն փոխանցված է աշխատակազմին: Այսպիսով ստացվում է, որ ՊՆ-ում մի ամբողջ վարչություն կիսալիազորություն ունի՝ ստացած գրությունը փոխանցել եւ հանգիստ անցկացնել աշխատանքային օրվա մնացած ժամերը:

Իսկ թե ով է պատասխանատու լրատվամիջոցի հարցմանը պատասխանելու համար՝ ՊՆ-ում երեկվանից մինչ այս պահը կողմնորոշվում են:

Ելնելով այն իրավիճակից, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, ՊՆ-ն մշտապես իրեն արտոնյալ է զգացել ինֆորմացիայի պահպանման, մշակման եւ տարածման հարցերում: Խոսքը, բնականաբար, ոչ թե ռազմական ինֆորմացիայի, այլ՝ այս կառույցի գնումների, ծախսերի եւ նմանատիպ այլ տեղեկատվության մասին է, որը պետք է թույլ տար վերահսկել նախարարության պաշտոնյաների գործունեության օրինականությունն ու արդյունավետությունը:

ՀՀ ՊՆ-ն այս առումով շարունակում է մնալ փակ, ավելի ու ավելի փակ կառույց, հանրության աչքից հեռու:

Ի դեպ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը շարունակում է պարտավորեցնել ՊՆ աշխատակիցներին՝ պատասխանել ԶԼՄ-ների հարցումներին: Ակնկալում ենք պատշաճ եւ կարգապահ մոտեցում: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ