HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Ապտակ» Տիգրան Սարգսյանին

Հունիսի 6-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը բեկանեց տնտեսական դատարանի 2003թ. մարտի 3-ի «Կրեդիտ-Սերվիս բանկը» սնանկ ճանաչելու մասին որոշումը: «Սա ապտակ էր ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսյանին»,- ասում է «Կրեդիտ-Սերվիս» բանկի երկու փայատերերի ներկայացուցիչ Տիգրան Զալինյանը: «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով բանկի սնանկ ճանաչելու վարույթը սկսում է ԿԲ-ն:

ԿԲ-ի խորհուրդը կայացնում է համապատասխան որոշում, որի հիման վրա դիմում է տնտեսական դատարան հայցապահանջով բանկը սնանկ ճանաչելու համար: Տնտեսական դատարանը այդ մասին իր որոշմամբ բավարարում կամ էլ մերժում է ԿԲ-ի դիմումը: Մերժում է միայն այն դեպքում, եթե կատարվել են բանկը սնանկ ճանաչելու ընթացակարգային խախտումներ:

«Կրեդիտ-Սերվիս» բանկի դեպքում եղել են թե ընթացակարգային, թե նյութական, դատավարական իրավունքի նորմերի խախտումներ: Ըստ «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի` բանկի սնանկ ճանաչելու մասին տնտեսական դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Տնտեսական դատարանը կայացրել էր «Կրեդիտ- Սերվիսին» սնանկ ճանաչելու մասին որոշում: Սակայն քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130 հոդվածի համաձայն` դատարանը պետք է կայացներ վճիռ, քանի որ գործը քննել է ըստ էության: Այսինքն դատական ակտը պետք է լինի վճռի ձեւով: Նույն պահանջն է դնում նաեւ քաղաքացիական օրենսգրքի 70 հոդվածը` դատական ակտը պետք է լինի ոչ թե որոշման, այլ վճռի ձեւով: Փաստորեն օրենքի եւ օրենսգրքի մեջ կա հակասություն:

Վճռաբեկ բողոքում սնանկ ճանաչված բանկի փայատերերը երկու հիմք են նշել: Առաջինը` տնտեսական դատարանն իր որոշման մեջ նշել է, թե այն ենթակա չէ բողոքարկման, եւ դրանով խախտել է միջազգային իրավունքի սկզբունքներից մեկը` բոլոր դատական ատյանները պետք է հասանելի լինեն քաղաքացիներին: Երկրորդը նոր երեւան եկած հանգամանքն է` բանկային գաղտնիք համարվող ԿԲ-ի «Կրեդիտ-սերվիս» բանկի առողջացման ծրագիրը:

«Սա Հայաստանի դատական պրակտիկայում առաջին դեպքն է, երբ հրապարակման պահից ուժի մեջ մտած եւ բողոքարկման ոչ ենթակա որոշումը բեկանվում է: Այն բոլոր հանգամանքերը, որոնց հիման վրա է վճռաբեկ պալատը կայացրել իր որոշումը, ինձ թվում է` հիմք կհանդիսանան նաեւ տնտեսական դատարանի համար: Եվ հուսով ենք` կմերժվի ԿԲ-ի դիմումը, դրանով իսկ չեղյալ կհամարվեն նրա «Կրեդիտ-Սերվիս» բանկի նկատմամբ կատարած ապօրինությունները», - ասում է Տ.Զալինյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի հունիսի 6-ի այս գործով նիստը նախագահող Ա. Մկրտումյանը ԿԲ-ի ներկայացուցչին, որպես իրավաբանի, խնդրեց տնտեսական դատարանի կայացրած որոշման մասին հայտնել իր անձնական կարծիքը: ԿԲ-ն ներկայացնող իրավաբանական բաժնի աշխատակիցը նշեց, որ նման որոշումը ենթակա է բողոքարկման եւ ըստ էության պետք է բեկանվի: Այս նախադեպը կարող է առիթ դառնալ, որպեսզի նույն հիմքերով Վճռաբեկ դատարան դիմեն վերջին տարիներին սնանկ ճանաչված մոտ տասը բանկեր: Մյուս կողմից, նման որոշումը պատահականություն չի կարելի համարել: Սա, ըստ ամենայնի, ՙվերեւներում՚ շահերի բախման արդյունք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter