HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայ ֆերմերը փորձում է սեփական արտադրանքը երկրի ներսում եւ երկրից դուրս ճանաչելի դարձնել

Բագրատաշեն գյուղում աճող ձիթապտղի համային որակին ծանոթ են հիմնականում Տավուշի մարզի բնակիչները: «Մենք մեր արտադրանքը Տավուշի մարզի տարածքից դուրս չենք կարողանում հանել, մեզ ճանաչում են միայն տավուշցիներն ու բագրատաշենցի ծանոթ-բարեկամ ունեցողները,- ասում է ձիթապտղի արտադրությամբ զբաղվող «Վիվա ֆրութ» ՍՊԸ-ի տնօրեն Վիգեն Հովհաննիսյանը,- պատճառը ձիթապտղի քիչ քանակությունն է՝ էնքան շատ բերք չենք ստանում, որ հայկական շուկան լիարժեք սպասարկենք»:

Բագրատաշենում ձիթապտուղ մշակել են դեռեւս 1950-ականներին՝ շուրջ 200 հա: Հետագայում ոռոգման ջրի բացակայությունն ու խորհրդային կարգերի փլուզումը հանգեցրել են այգիների կրճատմանը: Ներկայում ձիթապտուղ աճեցնում են մոտ 70 հա-ի վրա, որից 50 հա-ը վարձակալական(25 տարի) հիմունքներով հանձնված է «Ուղտասար» ՍՊԸ-ին:

«Էն, որ այգիների մեծ մասը մի մարդու ձեռքին են, ինչ որ տեղ կախվածություն է առաջացնում: Նկատի ունեմ, որ եթե էդ 50 հա-ը լավ մշակվեց, լավ բերք ստացվեց՝ ուրեմն մենք նորմալ արտադրանք կունենանք, չէ՝չէ,-ասում է Վիգեն Հովհաննիսյանը,-էն մնացած 20 հա-ի վրա ծառերը խիտ չեն ու կարելի է ասել, որ լիարժեք 10 հա-ն է մշակվում տարբեր մարդկանց կողմից: Ես ինքս նոր եմ ձիթապտղի այգի հիմնել, բայց բերքը 18 տարի հետո եմ տեսնելու, դրա համար էլ կարեւոր է, որ վաղուց գոյություն ունեցող այգիները նորմալ մշակվեն»:

Հայկական ձիթապտուղն իր համային ու որակական հատկանիշներով գերազանցում է ձիթապտղի այն տեսականուն, որ այսօր ողողել է հայկական շուկան, վստահեցնում է բագրատաշենցի ֆերմերը: «Ես դրսի ներկրածը չեմ ուտում, որովհետեւ համային մեծ տարբերություն կա՝ մեր զեյթունը շատ յուղոտ է: Չգիտեմ ինչքանով է ճիշտ, երբ ասում են, թե դրսից բերվող զեյթունի յուղը հանում են, հետո ինչ որ բանով նորից ուռեցնում, տեսքի են բերում, չգիտեմ ճիշտ է, թե ոչ, բայց էն որ համ չունի, էդ հաստատ է,-նկատում է զրուցակիցս,-ուղղակի մենք չենք կարողանում շատ արտադրել: Հետո մեր ապրանքը թանկ է՝ 700 գրամանոց ապակե տարայով ձիթապտղի պահածոն վաճառում են խանութում միջինը 2000 դրամով»:

Վիգեն Հովհաննիսյանն ասում է, որ գնագոյացումը կախված է տվյալ տարվա բերքի քանակից: Անցած տարի, երբ Բագրատաշենում ձիթապտղի լավ բերք է ստացվել՝ վաճառել են 1500 դրամով: Չորս տարի առաջ, երբ նոր էր սկսում այս բիզնեսը՝ վաճառքի կետերում ձիթապտղի 700 գրամանոց պահածոն արժեցել է 2500 դրամ: Ասում է, այդ տարի ընդամենը 500 կգ բերք է կարողացել գնել այգետերերից, որից ընդամենը 300 կգ-ն է եղել ապրանքային տեսքի:

Վիգեն Հովհաննիսյանը տարածաշրջանում հայտնի է նաեւ, որպես չրագործ: Խոստովանում է, որ մինչեւ ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակում հայտնվելը, մտքովն անգամ չի անցել, թե երբեւէ կզբաղվի ծիրանի չրի արտադրությամբ: «Մի վեց տարի առաջ էր դա, էդ ժամանակ ես ինտերնետ ակումբ ունեի գյուղում, մեկ էլ ցավոք Թուրքիայից հագուստ էի բերում վաճառում: 2010թ-ին մեր գյուղում ուսումնասիրություն անցկացրեցին ու պարզվեց, որ մենք մեր ունեցած ռեալ հնարավորությունները չենք օգտագործում: Այսինքն արեւը կա, ծիրանը կա, աշխատողը կա, բայց չիր չկա: Դե հենց ՓՄՁ ԶԱԿ-ի դասընթացների, բիզնես ծրագիր կազմելուն աջակցելու շնորհիվ էլ ամեն ինչ սկսվեց: Ցածր տոկոսադրույքով վարկն էլ նպաստեց, որ գյուղում 4 հոգով սկսենք ծիրանի չրի արտադրությունը»,-պատմում է զրուցակիցս:

«Վիվա ֆրութ» ապրանքանիշով ընկերությունը փաթեթավորված ծիրանաչիր չի արտահանում, անգամ երկրի ներսում չի իրացնում: ՌԴ արտահանվում է կիսաֆաբրիկատը: Վիգեն Հովհաննիսյանն ասում է, որ թեպետ փաթեթավորման սարքավորումն ունի, կարող է փաթեթավորում իրականացնել, սակայն դեռ պատրաստ չէ շուկա մտնելու սեփական ապրանքանիշով: Կիսաֆաբրիկատի արտահանումն այս պահին առավել ձեռնտու տարբերակն է: «Վիվա ֆրութ»-ը մարդկանց համար ճանաչելի է միայն զեյթունի եւ մուրաբաների տեսքով»,-նշում է բագրատաշենցի ֆերմերը: Մյուս խնդիրն արտահանման նպատակով չրի մեծ խմբաքանական ապահովելն է:

«Դրսից ներկրողը որ գալիս է, ես իմ 2 կամ 3 տոննայով իրեն չեմ հետաքրքրում՝ ինքը գալիս է միանգամից գոնե մի 10-20 տոննա տանելու մտքով: Դրա համար էլ շատ հաճախ գնում են Արմավիրի կողմերը: Չրի արտադրությամբ զբաղվողներս Բագրատաշենում շատ չենք՝ 4 հոգի: Վերջին շրջանում մեծ խմբաքանակի խնդիրը լուծելու համար երեք արտադրողով միավորվել ենք,-պատմում է Վիգեն Հովհաննիսյանը,-պատրաստում ենք նույն տեխնոլոգիայով, նույն համային հատկանիշներով ծիրանի չիր՝ մեկ բրենդային անվան տակ: Մեզ էս տարիների ընթացքում սովորեցրին, որ բիզնեսում, այո՛. ինչ որ տեղ կարող է մրցակցություն լինել, բայց հիմնականում համագործակցություն է: Ու հիմա մենք իրար օգնելով ապրում ու աշխատում ենք»:

Ըստ Վիգեն Հովհաննիսյանի, հայ ֆերմերի արտադրանքն առավել ճանաչելի դարձնելու ամենաարդյունավետ ուղին ցուցահանդես-տոնավաճառներն են: Որպես օրինակ բերում է ձիթապտղի պահածոների ոչ այնքան հայտնի լինելու հանգամանքը: «Մարդիկ գիտեն Բագրատաշենի զեյթունը, մարդիկ չգիտեն «Վիվա ֆրութ»-ը: Պիտի գոնե մի անգամ համը տեսնեn, որ չափսոսան՝ թանկ գնով ձեռք բերեն»,-նկատում է զրուցակիցս:

Ֆերմերական տնտեսությունները պետական աջակցության կարիք ունեն

Տավուշի մարզի Պտղավան գյուղից այգեգործ Սպարտակ Զախարյանն իր 20 հա այգուց ստացած բերքն հիմնականում արտահանում է ՌԴ: «Դեղձն ու կեռասն արտահանում ենք Ռուսաստանի Դաշնություն, վարձով սառնարան մեքենա ենք վերցնում՝ տեղափոխում, նաեւ գալիս տանում են՝ Մոսկվա, Ռոստով, Պյատիգորսկ, Կրասնոդար եւ այլն: Եթե գինը բարձր տան, մենք կարող ենք նաեւ Հայաստանում ծախել: Եղել է դեպքեր, որ օրինակ չրի համար դեղձը քիչ է եղել Արարատյան դաշտավայրում, մենք 200-250 դրամով հանձնել ենք չրի ու պահածոյի համար, էլ կարիք չի եղել Ռուսաստան տանելու: Հիմնականում դեղձ ու կեռաս ենք արտահանում, սալորը տեղում ենք իրացնում, խնձորը սառնարան ենք տալիս, հիմա արդեն պատվեր կա Ռուսաստան տանելու»,-ներկայացնում է Սպարտակ Զախարյանը:

Պտղավանցի Սպարտակ Զախարյանը 26 տարի է զբաղվում է այգեգործությամբ: Որպես ֆերմերային տնտեսություն ձեւավորվել է 2005թ-ին: «Սկզբի համար 20 հազար ամն դոլար վարկ եմ վերցրել Քարդ(CARD) ագրո կրեդիտ ունիվերսալ կազմակերպությունից, որը փակելուց հետո արդեն 25 հազար դոլարի վարկ եմ վերցրել, որ մինի տրակտոր ու գյուղգործիքներ առնեմ-պատմում է տավուշցի ֆերմերը,-բայց ես էսօր իմ տնտեսությունը զարգացնելուն զուգահեռ ավելի հեռուն եմ մտածում եւ ավելի շատ բան եմ ուզում անել Հայաստանի համար՝ ուղղակի ֆինանսական օժանդակություն է պետք, որ չկա»:

Աջակցության դեպքում Սպարտակ Զախարյանն ասում է, որ կկարողանար տնտեսությունն ավելի մեծացնել, Իտալիայից ներկրել պտղատու ծառերի գաճաճ արմատակալներ, որոնց ներդրումը այգեգործության մեջ բերում է տարածքների խնայման եւ տնկիների քանակի ավելացման: «Ես 40 սորտ արդեն ներկրել եմ Հայաստան, հիմա դրանց արմատակալներն են պետք, որ Իտալիայում լաբորատոր պայմաններում են ստանում: Հասարակ ֆերմերներս դա մեծ քանակությամբ չենք կարող ներկրել՝ մինչեւ 3 մլն դոլար արժի: Հիմա մենք ստիպված Իտալիայից գնում ենք արմատակալը 1-2 եվրո արժողությամբ ու պատվաստում մեր ունեցած տնկիները»:

Նման տնկիների առավելությունն այն է, որ եթե նախկինում 1հա-ի վրա 200 ծառ էին տնկում, արմատակալներով պատվաստումից հետո մինչեւ 1500՝ ստացվում է քիչ տարածքից շատ բերք, բացի այդ՝ առաջին տարվանից սկսում են պտղակալել, երկրորդ կամ երրորդ տարվանից լիարժեք բերք են տալիս: Ֆերմերն ավելի արագ է կարողանում փակել իր ծախսերը: «Իսկ ավանդականի դեպքում պետք է սպասել 8-10 տարի որոշ պտղատեսակների առումով, որ բերք ստանաս,-ասում է Սպարտակ Զախարյանը,- եթե 8 տարի ֆերմերը միայն ծախսի, ծախսի, արդյունքը չտեսնի՝ չի կարող ոտքի կանգնել»:

Սպարտակ Զախարյանն ասում է, որ եվրոպական երկրներում ներկայում հիմնականում անցում են կատարում ինտենսիվ այգիների ստեղծմանը: Նման պահանջարկ կա նաեւ Հայաստանում: Եվս մի խնդիր, որ այսօր ինչ որ տեղ դանդաղեցնում է ֆերմերական տնտեսությունների զարգացումը, կաթիլային եղանակով ոռոգման ցանցի ներդրման ոչ մատչելիությունն է: «Հանրապետությունում նոր են սկսել դրան անցնել, բայց դե պետությունը պետք է աջակցի, որ ցանցը քաշող կազմակերպությունները շատանան՝ չլինեն մեկ-երկուսը, այլ տաս կամ հարյուր անգամ շատ, որ ծառայության գներն էժանան ու մարդիկ կարողանան օգտվել»,-նկատում է զրուցակիցս:

Սպարտակ Զախարյանը կարեւորում է նաեւ այգիները հակակարկտային ցանցով պաշտպանելու հարցը: Մեկ հա-ի հաշվով նման ցանցի տեղադրումը կարժենա 5000 դոլար: Տավուշցի այգեգործի հարշվարկով 20 հա-ն ամբողջությամբ ցանցապատելու համար իրեն հարկավոր կլինի 100 հազար դոլար:

«Հակակարկտային կայաններն արդյունավետ չեն, իսկ ցանցերը բերքն ուղղակի փրկում են կարկուտից: Նման հակակարկտային ցանցեր Իտալիայից, Իսրայելից մինչեւ 40 հազար դոլարով ներկրում են, որոնք 100 տոկոսով պաշտպանում են այգիները, իսկ դա մեծ գումար է: Միջազգային կառույցները, որ գալիս ծրագրեր են իրականացնում, իրենք ի վիճակի չեն լուծելու մեր պրոբլեմներն ամբողջությամբ, պիտի պետությունն էլ մասնակցի,-ասում է Սպարտակ Զախարյանը,-ասենք վերցնում մի տեղ էս ծրագիրն են անում, էն մի տեղում էն մեկը, բայց պիտի համակարգված լինի, գոնե վարկերի տոկոսադրույքները իջեցնեն՝ մենք ինքներս մեր գլխի ճարը տեսնենք: Գյուղացու վիճակը գիտե՞ք ոնց է, եթե դուք իրան մի հարցում օգնեցիք, ձեռք մեկնեցիք, հետո էլ տեր չեղաք՝  ինքը մնում է մի տեղում կանգնած»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter