HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզային TV-Ները բաց նամակով դիմել են երկրի իշխանություններին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

 

Մեծարգո պարոն Նախագահ,

Հարգարժան պարոն Խոսնակ,

Հարգարժան պարոն Վարչապետ,

Մենք՝ մարզային հեռուստաընկերությունների ղեկավարներս, դիմում ենք ձեզ մի խնդրով, որը վերաբերում է մեր լրատվամիջոցների գոյություն ունենալ կամ չունենալուն։ Հայաստանի թվային հեռարձակման անցնելու ու անալոգայինը անջատելու հետեւանքով մենք, փաստորեն, մնացինք առանց լսարանի եւ հայտնվեցինք փակման եզրին։ Այս վտանգի մասին մենք եւ գործընկեր լրագրողական կազմակերպությունները բարձրաձայնել ենք 2010 թվականից ի վեր, երբ հեռարձակման թվայնացման հետ կապված չափազանց անհաջող փոփոխություններ կատարվեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում։ Սակայն բոլոր խնդրանքները, հորդորներն ու կոչերը անտեսվեցին։

Եթե մինչ 2010 թվականը օրենքը թույլ էր տալիս մարզերում մի քանի հեռուստաընկերությունների գոյությունը, ապա հետո դա բացառվեց։ Հեռարձակման թվայնացման դարաշրջանի ոգուն ու տրամաբանությանը հակասող այդ մոտեցմամբ էլ անցկացվեցին լիցենզավորման մրցույթները, եւ մեր հեռուստաընկերությունները զրկվեցին թվային համակարգում աշխատելու հնարավորությունից։

Թեեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում 2015թ. դեկտեմբերի 18-ին ընդունված փոփոխությունների եւ լրացումների համաձայն՝ երկարաձգվեց մեր անալոգային լիցենզիաների ժամկետը եւ թույլ տրվեց շարունակել գործունեությունը այդ ռեժիմով՝ մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորը մուտք գործի շուկա, այդուհանդերձ, անալոգային հեռարձակման անջատումը արդեն այսօր իմաստազուրկ դարձրեց մեր աշխատանքը, քանի որ հաղորդումներն արդեն հասանելի չեն հեռուստալսարանին։ Հասկանալի է, որ այս իրավիճակը մեզ զրկեց  նաեւ գովազդատուներից։ Եվ քանի որ մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորման այս տարի անցկացված մրցույթը հայտարարվեց չկայացած՝ հայտերի բացակայության պատճառով, մեր հեռուստաընկերությունները ավելի շուտ կարող են փակվել, քան իրականություն կդառնա մասնավոր մուլտիպլեքսորի գոյությունը։

Տեղական հեռուստաընկերությունների համար ճակատագրական նշանակություն ունեցող այս խնդրի հնարավոր լուծումներն առաջարկված են լրագրողական երեք կազմակերպությունների՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երեւանի մամուլի ակումբի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մշակած եւ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով ներկայացրած երկու օրինագծերում։ Դրանցից մեկի  առանցքում թվային դարաշրջանում հեռուստաընկերությունների լիցենզավորման պարզ ընթացակարգին անցնելու գաղափարն է։ Մյուսինը՝ օրենքում նախատեսված մեկ խոշոր, ամբողջ Հայաստանի տարածքը ընդգրկող, մասնավոր մուլտիպլեքսորի փոխարեն մի շարք փոքր եւ միջին այդպիսի հեռարձակող ընկերությունների ստեղծումն է, որոնց ծածկույթը կարող է լինել մեկ կամ մի քանի համայնք, մեկ կամ մի քանի մարզ եւ այլն։

Այս առաջարկությունների ընդունումը փրկություն կլինի մեզ համար, քանի որ հնարավորություն կընձեռի նախ՝ թվային պայմաններում գործելու լիցենզիա ստանալու, ապա նաեւ մեր ուժերով փոքր կամ միջին մուլտիպլեքսներ ստեղծելու եւ դրանց միջոցով հասանելի մնալու տեղի հեռուստալսարանի համար։ Ի դեպ, հենց այդպես են արել հարեւան Վրաստանում եւ տպավորիչ արդյունքների են հասել։

Հասկանում ենք, որ այս արդիական մոտեցումների իրագործումը ժամանակ է պահանջում եւ միգուցե դա հնարավոր կլինի գալիք խորհրդարանական ընտրություններից հետո միայն։ Բայց քանի որ անալոգային հեռարձակման անջատումից հետո մեր գործունեության դադարեցման վտանգը ավելի քան իրական է դարձել, խնդրում ենք, որպես միջանկյալ լուծում, դիտարկել մեր ծրագրերը հանրային թվային ցանցի («Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ) մեջ ներառելու եւ դրա միջոցով հեռարձակելու հնարավորությունը՝ միչեւ խնդրին վերջնական լուծում տալը։

Մեր հեռուստաընկերությունները գործում են անցած դարի 90-ական թվականներից ի վեր, եւ տասնամյակների ընթացքում ձեւավորել են պրոֆեսիոնալ աշխատակազմ ու ձեռք են բերել կայուն լսարան, որի վստահությունը մենք շատ բարձր ենք գնահատում։ Համոզված ենք, որ մեր լրատվամիջոցների հնարավոր փակմամբ վերջ կտրվի մարզային հեռարձակողների միջեւ գործող մրցակցությանը, ինչը կարեւոր գործոն է ոլորտի զարգացման համար։ Բացի դա, մարզերի լսարանը կզրկվի հեռուստաեթերի բազմազանությունից եւ հեռուստածրագրերի ընտրության հնարավորությունից։

Խնդրում ենք քայլեր ձեռնարկել անցանկալի զարգացումները կանխելու, ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու եւ մարզերում գործող բոլոր հեռուստաընկերությունների համար հավասար պայմաններ ստեղծելու համար։

Կանխավ շնորհակալությամբ՝

Նարինե Ավետիսյան, «Լոռի TV» հեռուստաընկերություն, Վանաձոր

Սամվել Հարությունյան, «Լոռու ՄԻԳ» հեռուստաընկերություն, Վանաձոր

Սոս Սիրադեղյան, «Անկյուն+3» հեռուստաընկերություն, Ալավերդի

Խաչիկ Դանիելյան, «ԱԼՏ» հեռուստաընկերություն, Արմավիր

Նաիրա Խաչիկյան, «Իջեւան» հեռուստաընկերություն, Իջեւան

Մնացական Հարությունյան, «Հրազդան» հեռուստաընկերություն, Հրազդան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter