HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Սեֆիլյանը «Արմենիա» TV-ից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար

Ամալյա Մարգարյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերության, մասնավորապես` «Սուր անկյուն» հաղորդաշարի լրագրողներ Նելլի Հարությունյանի և Վահե Ղազարյանի դեմ: Ազատամարտիկը պահանջում է հեռուստաընկերությունից իր վերաբերյալ տարածված կեղծ տեղեկատվոթյունը հերքել և հրապարակավ ներողություն խնդրել:

Սեֆիլյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցող քաղհայցի քննության ժամանակ ներկայացրեց հայցադիմումի պահանջները և ասաց, որ վերջին ժամանակներում թե՛ Սեֆիլյանի, թե՛ նրա համախոհների նկատմամբ բազմաթիվ հալածանքներ են տեղի ունեցել, որոնց գագաթնակետը եղել է «Սուր անկյուն» հաղորդաշարի հունիսի 12-ի հերթական հաղորդման ժամանակ:

«Ժիրայր Սեֆիլյանը Արցախյան հերոսամարտի հերոս է և մեծ հեղինակություն է վայելում Արցախում և Հայաստանում, ճանաչված ընդդիմադիր քաղաքական գործիչ է: Նա վերջին տարիներին հանդես է գալիս իշխանությունների քննադատությամբ, և նրա գործողություններն ամբողջովին ուղղված են սահմանադրական ճանապարհով իշխանությանը պաշտոնաթող անելուն: Վերջին ժամանակներում մի կողմից իշխանությունն է փորձում ճնշումներ իրագործել, մյուս կողմից՝ «Արմենիա» հեռուստաընկերությունն է փորձում հասարակական կարծիք ստեղծել»,-նախնական դատական նիստի ընթացքում ներկայացրեց Հայրապետյանը:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Հերմինե Հովսեփյանը դատական նիստի ընթացքում խնդրեց Սեֆիլյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանին մանրամասն ներկայացնել, թե որ արտահայտություններից է հայցվոր կողմը վիրավորվել:

«Պետք չի այնպիսի կեցվածք ընդունել, որ այս հաղորդումը որևէ ձևով չի արատավորել Սեֆիլյանի պատիվն ու արժանապատվությունը կամ գործարար համբավը, վիրավորական արտահայտությունների մասին մենք նշել ենք հայցադիմումում: Ցանկացած հեռուստադիտող այս հաղորդումը նայելիս հասկանում է, որ այն առաջին վայրկյանից մինչև վերջինը արատավորում է Սեֆիլյանի պատիվն ու արժանապատվությունը»,- ի պատասխան՝ նշեց Հայրապետյանը:

«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հերթական հաղորդման ընթացքում (որն էլ քննվում է դատարանում-հեղ.) Արցախյան հերոսամարտի երկու հրամանատարների սխրանքների մասին է պատմվում, ապա զուգահեռներ անցկացվում Սեֆիլյանի հետ: Ներկայացվում է մի դեպք, որտեղ Սեֆիլյանը ռազմի դաշտում թողել է նռնակի պայթյունից ենթադրաբար մահացած զինվորի, իսկ ինքը նստել 2 ձիերից մեկը և հեռացել: Այս մասին հայցադիմումի մեջ ներկայացրել էր Հայրապետյանը:

«Սեֆիլյանին ձերբակալելուց ութ օր առաջ «Արմենիա» հեռուսաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարով հաղորդում գնաց, որն ամբողջովին Սեֆիլյանին արատավորելու նպատակ էր հետապնդում: Հաղորդավարը խոսում է նախ «դրական» հրամանատարների մասին, ապա զուգահեռներ անցկացնում Սեֆիլյանի որակների հետ և մի քանի արտահայտություն է անում, օրինակ՝ հրամանատար էլ կա, հրամանատար էլ, կամ՝ միայն լավ հրամանատարին է ծանոթ, թե ինչպես պետք է  իր զինվորներին պաշտպանի: Սրանով ցեխ են շպրտում Ժիրայր Սեֆիլյանի թե՛ անցած մարտական ուղու, թե՛ ներկայիս հեղինակության վրա: Այնինչ Սեֆիլյանն ունի փայլուն անցյալ, նա ազգային հերոս է, բազմաթիվ շքանշաններով պարգևատրված»,-ասաց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը նշեց նաև, որ հաղորդումը սրանով չի սահմանափակվել, քանի որ հաղորդավարը նշել է, որ հաջորդ շաբաթ ավելի մանրամասն կներկայացնեն, որից հետո Սեֆիլյանը պատասխան է ուղարկել՝ նշելով, որ հաղորդման մեջ ներկայացված պատմությունը չի համապատասխանում իրականությանը: Խոստացված հաղորդումը չի հեռարձակվել, բայց նաև չի հրապարակվել Սեֆիլյանի պատասխանը և հերքման պահանջը:

Ժիրայր Սեֆիլյանն ու իր ներկայացուցիչը դատարան են դիմել՝ պահանջելով, որ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման վարողը և հաղորդումը պատրաստած լրագրողը ներողություն խնդրեն Ժիրայր Սեֆիլյանից և նույն հաղորդման մեջ 11 րոպեանոց ռեպորտաժում հերքեն բոլոր տեղեկությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը, և ներկայացնեն Սեֆիլյանի պատասխանը: Հայցվոր կողմը բարոյական վնասի դրամական փոխհատուցումից հրաժարվել է: Ինչպես Տիգրան Հայրապետյանն է ասում, Սեֆիլյանը հրաժարվում է թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական հայցերով մասնակցել դատական գործընթացներին. «Սեֆիլյանը չի մասնակցում դատական գործընթացին, քանի որ հենց իր ձերբակալման օրը, երբ ասացին՝ ինչի մեջ է մեղադրվում, ասաց, որ սա թատերական ներկայացում է, և ինքը հրաժարվում է այդ բեմադրության մեջ մասնակից լինել»:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter