HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՊԾ-ն դիմել է դատախազություն՝ տարեկանի հացի արտադրության մեջ հայտնաբերված խախտումների մասով

2016թ․ օգոստոսի 8-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել առանց տարեկանի ալյուրի վաճառվող «տարեկանի հացերի» մասին։  Լաբորատոր փորձաքննության էին ներկայացվել տեղական արտադրության տարեկանի և տարեկանի ու ցորենի ալյուրի խառնուրդից պատրաստված հացատեսակաները, ինչի արդյունքում պարզվել էր, որ դրանցից միայն մեկն է պարունակում տարեկանի ալյուր։

Այս դեպքին արձագանքեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ խոստացանալով դիտարկումներ իրականացնել հացի շուկայում։ Արդյունքում ՍԱՊԾ-ն կազմակերպել է հանդիպումներ հաց արտադրողների հետ, «քննարկել «Հետք»-ի բացահայտումները», իսկ «հաց արտադրողները չեն համաձայնել հրապարկման արդյունքներին»։

«Հետք»-ին տրամադրած տեղեկության համաձայն՝ ծառայությունը հաց արտադրողների մոտ ուսումնասիրել է նաև տարեկան ալյուրի առկայությունը և օգտագործումը, «օգտագործվող քանակությունների և տարեկանի հացի արտադրությունում դրա նորմատիվ փաստաթղթով սահմանված քանակությունների համապատասխանությունը արտադրությունում փաստացի օգտագործվող բաղադրիչներին» և խախտումներ չի հայտնաբերել։

Այսօր սակայն, ՍԱՊԾ-ն հայտարարություն է տարածել, որ դիմել է ՀՀ դատախազություն՝ արտադրողներից մեկի՝ «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջողներ կիրառելու հիմքով։

ՍԱՊԾ-ն կատարել էր հացերի  հսկիչ գնումորի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի արտադրած «Ստոլիչնի» և «Սլավյանսկի» հացերի միջուկի թթվայնությունը չի համապատասխանում նորմերին․ այն կազմում է համապատասխանաբար 2,540T և 2,630T, իսկ խոնավությունը՝ համապատասխանաբար 40,9 և 41,7 տոկոս: Խախտում է արձանագրվել նաև նույն ընկերության կոմից արտադրվող «Ռժանոյ» հացի մեջ․ միջուկի թթվայնությունը կազմել է 2,450T, «Ստոլիչնի» ապրանքանիշի հացատեսակինը` 2,4 տոկոս: Փորձաքննություններն իրականացվել են միաժամանակ «ՀԱԲԼԾԿ» և «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիաներում։

Խախտումներ են հայտնաբերվել նաև «Իմեքս» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Բորոդինսկի» հացի մեջ․միջուկի խոնավության ցուցանիշով այն չի համապատասխանել սահմանված նորմերին։

Նշված հացերի բաղադրությունը չի համապատասխանել մակնշման բովանդակությանը, ինչպես նաև «տարեկանի ալյուրով կամ տարեկանի և ցորենի ալյուրների համակցությամբ արտադրվող հացերի ստանդարտացման փաստաթղթերով սահմանված պահանջներին, ինչը հացի մեջ տարեկանի ալյուրի սահմանված քանակից քիչ օգտագործելու կամ տարեկանի փոխարեն ցորենի ալյուրի օգտագործման արդյունք է» : 

Այս առումով՝ ՍԱՊԾ-ն դիմել է դատախազություն, սակայն միայն «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ին պատասխանատվության ենթարկելու համար։ Ծառայությունը նշված ընկերության գործողություններում ապրանքի սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձևով խաբելու հատկանիշների հիմքով պահանջել է  պատասխանատվության միջոցներ կիրառել «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի նկատմամբ։ «Իմեքս» ՍՊԸ-ի խախտման մասով ոչ մի բողոք չի եղել։ 

Հաց արտադրողների մոտ կատարված վերահսկողության ընթացքում ՍԱՊԾ-ն կատարել է նմուշառում նաև մյուս արտադրոների մոտ: Նմուշառված տարբեր հացերի լաբորատոր փորձարկումների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանի, «Սևանի հացի գործարան» ՓԲԸ և «Մարմարին» ՍՊԸ կողմից տարեկանի ալյուրով արտադրվող հացերի նմուշները համապատասխանել են մակնշման մեջ առկա տեղեկատվությանը և ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին:

«Լաբորատոր փորձաքննության արդյունքները ներկայացվել են արտադրող տնտեսավարողներին՝ խախտումների և դրանց վերացմանն ուղղությամբ ձեռնարկված գործողությունների մասին տեղեկատվություն ներկայացնելու պահանջով»,- նշված է ՍԱՊԾ հաղորդագրության մեջ։ Եթե այնուամենայնիվ խախտումներ եղել են (որոնց մասին պարբերաբար գրել է նաև «Հետք» -ը), ապա ինչու է Ծառայությունը պատասխանատվության միջոց ցանկանում կիրառել միայն մեկ արտադրողի նկատմամբ․չէ՞ որ ցանկացած սննդամթերք, որի բաղադրությունը չի համապատասխանում մակնշմանը, ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, համարվում է կեղծված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter