HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Վանաձորը՝ տարբեր փայատերերով օբյեկտ. քաղաքաշինությունն այստեղ քաոսային է

Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորի կենտրոնական փողոցները նման են առանց ճարտարապետի ու շինղեկի մնացած շինհրապարակի, որտեղ ամեն մի շինարար անում է՝ ինչ պատկերացնում է: Վերջին տարիներին այստեղ կառուցված մեծ ու փոքր շինությունները, կցակառույցները, մանսարդները, տեղադրված «բուդկաները» ամբողջովին փոխել են քաղաքի երբեմնի տեսքը:

Լոռու մարզկենտրոնի կենտրոնական փողոցներից մեկը՝ Տիգրան Մեծի պողոտան, ասես ժամանակին սխալ է նախագծվել, եւ անկախության շրջանի պաշտոնյաներն այն վերաձեւել են իրենց ճաշակին համապատասխան՝ մայթերը լցրել կրպակներով, բնակելի շենքերին ավելացրել կցակառույցներ, տարբեր ֆիրմաների գովազդային պատված արագ սննդի կետերը շարել փողոցի ողջ երկայնքով:

Քաղաքի ներկայիս տեսքից դժգոհ է եւ' բնակչությունը, եւ' մտավորականությունը: «Մեր երբեմնի կանաչ գեղեցկուհի քաղաքը էս պահին դիմագիծ չունի, որովհետեւ ով ինչ ցանկանում, ինչպես ցանկանում՝ կառուցում է»,- ասում է «Կժեր» գեղարվեստի սրահի սեփականատերը՝ նկարիչ Սամվել Առաքելյանը (Կժերի Սամո): Նա ասում է, որ Վանաձորի աղավաղումը սկսվել է երկրաշարժից հետո, երբ համատարած տնակներ տեղադրվեցին, հետո տնակները հանեցին, ամեն մեկն իր ուզածը կառուցեց, գլխավոր փողոցի վրա էլ տարբերի գույնով ու քարով երեսպատվեցին շենքերը։

Սամվել Առաքելյանը

Վանաձորի խոշոր փողոցներից Վարդանանցը եւ Գրիգոր Լուսավորիչը, ըստ Առաքելյանի, ընդհանրապես դիմագիծ չունեն: Հարցին՝ ո՞րն է լուծումը, պետք է քանդե՞լ կառուցածը, նկարիչը պատասխանում է. «Ես քանդելուն դեմ եմ: Որ տեսնում ես ծախս է արել՝ խղճում ես: Մարդիկ էնքան փող չունեն, որ կառուցածը մի հատ էլ քանդեն: Բայց եթե աղաղակող բան կա, պետք է շտկվի»:

Սանկտ-Պետերբուրգի փողոցը

Փողոցներ կան, որ ընդհանրապես մայթ չունեն: Դրանցից մեկը Սանկտ-Պետերբուրգի փողոցն է: Սիլվա Մեսրոպյանն ամեն օր այս փողոցով աշխատանքի է գնում ու վերադառնում: Նրա խոսքով՝ ավելի քան մեկ կիլոմետր տարածությունը կտրելիս քայլում է ավտոմեքենաների կողքով` ամեն վայրկյան վթարի վտանգ զգալով: «Ես հլա գիտակցում եմ, ինձ հեռու եմ պահում, ուշադիր եմ լինում: Բա որ երեխաներն են էս փողոցով գնում, պատկերացրեք՝ որքան վտանգավոր է: Մի մայթն ի՞նչ է՝ հարյուր հազարանոց քաղաքի ղեկավարությունը էսքան տարի չի սարքել»,- ասում է:

Վանաձորում տրամաբանությունից դուրս շինարարությունը վտանգ է ներկայացնում առանց այն էլ երկրաշարժերի բարձր գոտում գտնվող քաղաքի համար: Հայաստանի ողջ տարածքը երկրաշարժների գոտի է: Վանաձորը, ինչպես եւ Երեւանն ու Գյումրին, երրորդ աստիճանի սեյսմիկ գոտի է համարվում: Վանաձորում ներկայումս ավելի քան 6 տասնյակ վթարային շենք կա: Գերակշռում են 3-րդ աստիճանի վթարայնության շենքերը, եւ դրանց բոլորում մարդիկ են ապրում:

ԱԻՆ սեյսմիկ ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Աթաբեկյանն ասում է՝ պետք չէ մոռանալ, որ շրջապատող լեռնաշղթան երիտասարդ է, ինչը նշանակում է, որ դեռ մի քանի միլիոն տարի երկրաշարժերը կշարունակվեն:

«Եթե սեյսմիկ ծառայության սարքերը կարգավորենք շատ զգայուն աստիճանի վրա, ամեն օր 100-200 հատ երկրաշարժ կարձանագրենք: Բայց չենք անում, որովհետեւ՝ կատուն էլ անցնի, կգրանցի»,- ասում է պրոֆեսորը: Նա պնդում է՝ Սպիտակի երկրաշարժը սովորական երկրաշարժ էր, իսկ ավերածությունն ու զոհերը շատ էին, քանի որ շինարարությունն անորակ էր, առանց լուրջ հաշվարկների: Ըստ Աթաբեկյանի՝ 1988-ի երկրաշարժի ուժգնության մասին գնահատականները որոշակիորեն չափազանցվել էր, որպեսզի որեւէ շինարար չդատվեր:

Ռազմիկ Աթաբեկյանը

«Հետք»-ի հարցին՝ Վանաձորում իրականացվող վերակառուցման աշխատանքներն իրենց բնույթով մեծացնու՞մ են սեյսմիկ ռիսկը, Սեյսմիկ ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պետը պատասխանում է. «Եթե գրագետ տեխնիկական եզրակացություն է տրվում, ապա շենքին չի վնասում: Որոշ դեպքերում կարող է անգամ բարելավել նրա սեյսմակայունությունը: Բայց եթե ինքնակամ անգրագետ բացվածքներ են անում, կցակառույցներ են անում, ապա անպայման վնասում են: Կցակառույցների մասին միանշանակ լավը կամ վատը չի կարելի ասել: Բայց կա բնական օրենք. եթե արտաքին տեսքը աչքի համար հաճելի չէ, այն չի կարող ամուր լինել: Ավիացիայում նույնիսկ, երբ նոր ինքնաթիռ են արտադրում, կանչում են նաեւ արվեստագետի, որպեսզի նա արտաքին տեսքը գնահատի: Որովհետեւ, որպես կանոն, եթե ճիշտ է նախագծված, ապա անպայման գեղեցիկ է լինում»:

Ռազմիկ Աթաբեկյանի խոսքով՝ սեյսմիկ ռիսկերի կազմում մտնում են նաեւ հակահրդեհային մուտքերն ու ելքերը, որոնք Վանաձորում հիմնականում փակված են այլ շինություններով:

Պրոֆեսորն ասում է, որ Վանաձորում ցույց տալու բան չի մնացել՝ բացառությամբ Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի քաղաքապետարանի շենքերի. «Ունեինք 100-120 տարեկան շենքեր, որոնք հանիրավի քանդեցին: «Երեւան» կինոթատրոնը շատ գեղեցիկ շենք է, բայց հացի փուռ դարձրին: Լավ է, որ չքանդեցին, բայց դեմը մի քանի հատ բուդկա դրեցին, որ անցնողը չտեսնի՝ սիրուն ֆասադով շենք կա»:

Գեղանկարիչ, Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը պատմում է, որ տարիներ առաջ նկարիչները քաղաքային իշխանություններին առաջարկել են քաղաքի հին թաղամասերի տները պահպանել, դարձնել զբոսաշրջային վայր, որտեղ կներկայացվեին ազգային սովորույթները: Սակայն առաջարկին ընթացք չի տրվել: «Հարցին՝ ինչու՞ Վանաձորի արվեստագետները չկարողացան պահպանել քաղաքի ունեցած ժառանգությունը, Փափագ Ալոյանը պատասխանեց. «Որովհետեւ որոշողը կնիքն է, ոչ թե՝ արվեստագետը: Կնիքը ում ձեռքին է, նա է որոշում»:

Փափագ Ալոյանը

Վանաձորում ժամանակին քաղաքաշինական խորհուրդ է գործել: Ալոյանն ասում է, որ մշակույթին վերաբերող որոշակի հարցեր քննարկվել են, քվեարկվել: Խորհուրդը, ըստ նկարչի, ազդեցություն ուներ հարցերի որոշման առումով, բայց՝ ոչ ամբողջությամբ: Կոնկրետ քաղաքաշինական հարցեր խորհրդի հետ չեն քննարկվել:

Վանաձորի քաղաքապետարանում գլխավոր ճարտարապետի հաստիք չկա: Քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ Արշավիր Ղուկասյանը քաղաքի արտաքին տեսքը գնահատում է դրական: «Չնայած քաղաքը որոշ քաոսային շինարարությունների արդյունքում փոփոխությունների ենթարկվել է, էլի իր ինքնուրույն դեմքը պահպանում է: Քաոսային շինարարությունն էլ գալիս է ժամանակների փոփոխությունից: Վերցնենք մի մեծ խանութ՝ որպես օրինակ, որը բաժանվել է փայատերերի մեջ, առանձին փայատերերն էլ՝ տվյալ դեպքում կառուցողները, խանութի միօրինակության վրա ազդել են: Ամբողջ հանրապետությունում նույն վիճակն է: Դա ժամանակի պահանջն է: Երեւի բոլոր երկրներում էլ նման բաներ եղել են, որ փուլում հիմա մենք ենք»,- ասում է պաշտոնյան:

Արշավիր Ղուկասյանը

Նա գտնում է, որ կարեւորը բնակիչների հարմարավետությունն է, ոչ թե քաղաքի տեսքը: Ղուկասյանի ուշադրությունը հրավիրեցինք կենտրոնական փողոցների վիճակին: Նա չհամաձայնեց այն ձեւակերպման հետ, որ քաղաքի կենտրոնը լցված է «բուդկաներով»: Դրանք, ըստ պաշտոնյայի, մի երկու հատ են, ժամանակավորապես տրված վարձակալության: Ղուկասյանի խոսքով՝ Վանաձորի դեմքը Հրապարակն է, որը պահպանում են, չի վնասվել, իսկ մնացած փողոցները որոշակիորեն ենթարկվում են ժամանակի թելադրանքին:

Երկար զրույցից հետո Արշավիր Ղուկասյանն ընդունեց, որ կան քաղաքաշինական սխալներ` ասելով, թե առանց դրա չի լինում, բայց հրաժարվեց այդ սխալների մասին խոսել: «Մենք քաղաքի կենտրոնում ունենք քաղաքաշինական հատուկ կարգավորման գոտի, որտեղ ցանկացած նոր կառույց համաձայնեցվում է Քաղաքաշինության նախարարության եւ Լոռու մարզպետարանի հետ: Էնպես որ` նման որոշումների միանձնյա պատասխանատվությունը մեզնից վերցված է: Մենք ցանկանանք էլ՝ չենք կարող միանշանակ որոշումներ ընդունել»,-ասաց Արշավիր Ղուկասյանը:

Հարցին, թե որքանո՞վ են պահպանում սեյսմիկ նորմերը, պատասխանեց, որ հիմա նորմերն ավելի լիբերալ են դարձվել, ԽՍՀՄ-ինը չեն: «Մենք հողից զուրկ երկիր ենք, եւ որոշակի մոտեցումներ են փոխվել»,- նշեց:

Լուսանկարում պատկերված գետնանցումը Տիգրան Մեծ պողոտայում է: Տարիներ շարունակ այն երկաթյա ճաղավանդակով փակ է անցորդների համար, իսկ աստիճաններին աղբակույտեր են: Վանաձորցիները պատմեցին, որ քաղաքային իշխանությունները գետնանցումը հատկացրել են ինչ-որ մեկին` որպես պահեստ օգտագործելու համար:

Արշավիր Ղուկասյանը պարզաբանեց, որ համայնքը գետնանցումը վարձակալության է տվել մի կազմակերպության, որի անունը պաշտոնյան չհիշեց: Այդ կազմակերպությունը չի կարողացել հավուր պատշաճի այն օգտագործել, եւ քաղաքապետարանը գետնանցումը վարձակալության է տվել մեկ այլ ընկերության, որի անունը Ղուկասյանը էլի չհիշեց:

Հնաոճ արժեքավոր իրերի խանութի սեփականատեր, նկարիչ, քանդակագործ Հովսեփ Մերոպյանի բնութագրմամբ՝ երկրաշարժից հետո Վանաձորը դարձել է գավառական քաղաք, կորած՝ աղբի մեջ:

«Վանաձորի գլխավոր ճարտարապետ Տիգրան Պապանյանը ճարտարապետությունից հեռու մարդ է: Ուղղակի Սամվել Դարբինյանի բարեկամն է, նշանակել են պաշտոնի: Կանաչ տարածքը փչացնելով՝ մարդկանց խանութի տեղ են հատկացնում: Մարդը դեռ կառույցի շինարարությունը չավարտած՝ վրեն գրում է՝ «տրվում է վարձով»: Սա ուղղակի ծիծաղելի է: Այսինքն ստացվում է, որ ում տարածք են հատկացնում, նա դրա կարիքը չունի եւ վարձով է տալիս: Ա´յ մարդ, է´ն մարդուն տվեք տարածք, ով դրա կարիքն ունի»,- ասում է Հովսեփ Մեսրոպյանը:

Հովսեփ Մեսրոպյանը

Մեսրոպյանը նպատակ է ունեցել խանութը մեծացնելու հաշվին նկարչական ֆոնդ ստեղծել, սակայն քաղաքապետ Սամվել Դաբինյանը նկարչի դիմումին պատասխանել է, որ տվյալ տեղում կցակառույց ավելացնելը նպատակահարմար չէ: Նկարչի դիմումից շատ չանցած՝ նույն տարածքը հատկացվել է ծաղկի խանութի համար:

Հովսեփ Մեսրոպյանն ասում է. «Քաղաքն այլանդակված է: Պետք է լուծում գտնվի: Հայերի մոտ սենց բան կա՝ ես քանդող չեմ: Ա´յ մարդ, օրենքի խախտում կա՝ բարի եղեք շտկել»:

Վանաձորի քաղաքապետարանի եւ Լոռու մարզպետարանների պաշտոնական կայքերում գրված է, որ այսօր քաղաքը մեծամասամբ հաղթահարել է երկրաշարժի հետևանքները եւ թևակոխել զարգացման նոր փուլ: «Այժմ քաղաքը զարգացման երկրորդ շունչն է առնում»,- ասվում է: Եթե մշակութային կամ սպորտային կառույցների մասով այս պնդումը տեղին կարելի է համարել, ապա քաղաքաշինական վիճակի առումով՝ դժվար թե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter