HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Բաքուն նոր պատերազմական սադրա՞նք է նախապատրաստում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի նախագահի հաստատած պլանի համաձայն՝ նոյեմբերի 12-ից 18-ը զինված ուժերի լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու: Դրանց նպատակը, ըստ պաշտոնական հաղրոդագրության, դաշտային պայմաններում զորքերի և սպառազինության կառավարման համակարգը ստուգելն է: Նախատեսվում է, որ զորավարժություններին մասնակցելու է 60 հազար զինծառայող, 50 միավոր ռազմական ինքնաթիռ եւ ուղղաթիռ, 150 տանկ և զրահատեխնիկա, հրթիռային և ականանետային 700 միավոր համակարգ: Չնայած նրան, որ զորավարժությունները պետք է սկսեին նոյեմբերի 12-ից, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծին հարակից հրաձգարաններում արդեն սկսվել են զորավարժությունները տանկերի և հետևակի մարտական մեքենաների ներգրավմամբ:

Սա ադրբեջանական բանակի կողմից իրականացվող երկրորդ խոշորածավալ զորավարությունն է մեկ ամսվա ընթացքում: Հոկտեմբերի սկզբին հրամանատարա-շտաբային զորավարժություններ են անցկացվել Նախիջևանում՝ այնտեղ տեղակայված Առանձին համազորային բանակի գրեթե բոլոր զորատեսակների՝ հրթիռահրետանային համակարգերի, ավիացիոն միջոցների եւ այլ զինատեսակների, մարտական տեխնիկայի ներգրավմամբ: Չնայած պաշտոնական Բաքուն զորավարժությունների անցկացումը պայմանավորում է նախապես հաստատված 2016թ. պլանի իրականացմամբ, սակայն նման ինտենսիվությունը, մասշտաբները, խոսում են  այն մասին, որ զորավարժությունների անվան ներքո հակառակորդը վերջին շրջանում զորամիավորումների մոբիլիզացում է իրականացնում կամ խաղարկում: Տանկերի և հետևակի մարտական մեքենաների մասնակցությամբ արդեն սկսված զորավարժությունները վկայում են, որ մոբիլիզացիան իրականացվում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարակից շրջանններում, ինչը պատահական լինել չի կարող:

Հոկտեմբերի 31-ին ԼՂՀ ՊԲ-ն տեղեկություն հրապարակեց, որ շփման գծի հյուսիսային ուղղությամբ` բացի արդեն սովորական դարձած հրաձգային զինատեսակներով հրադադարի խախտելուց, չեզոք գոտում ադրբեջանական բանակի մի խումբ զինծառայողներ ականազերծման աշխատանքներ են կատարել: Դրանք կասեցվել են ՊԲ առաջապահ ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում: Տարօրինակ է, որ սահմանագծին մոտ նման լայնածավալ զորավարժություններ անցկացնելուց առաջ ադրբեջանական զինուժը փորձում է ականազերծել շփման գծի չեզոք գոտին: Դա կարող է տրամաբանական լինել միայն ՊԲ պաշտպանական գծի ճեղքում իրականացնելու կամ նման տպավորություն ստեղծելու պարագայում: Սա գուցե հնարավոր լիներ մարտավարական ինչ-որ մանևր կամ հակառակորդի՝ տվյալ դեպքում հայկական կողմի զգոնությունն ստուգելու փորձ համարել, եթե այդ գործողությունները չուղեկցվեին Ադրբեջանի կողմից վերջին մի քանի օրերին հետևողականորեն իրականացվող պրովոկացիոն տեղեկատվական «դիվերսիաներով»:

Երկու օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց ՊՆ-ին, տեղեկություն հրապարակեցին, թե իբր հայկական ուժերը արկակոծել են Աղդամի շրջանի Չեմենլի և հարակից բնակավայրերը: ԼՂՀ ՊԲ-ն ստիպված եղավ հայտարարել, որ դա չի համապատասխանում իրականությանը, և որ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը նման կերպ մոլորության է մատնում ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը: Չնայած դրան՝ Ադրբեջանի ՊՆ-ն նաև նոյեմբերի 3-ին նույնատիպ տեղեկատվություն տարածեց՝ ըստ որի, իբր, սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հայկական կողմը գնդակոծել է սահմանամերձ բնակավայրերում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետերը:

Նմանատիպ տեղեկատվության տարածումը հետապնդում է երկու փոխլրացնող նպատակ: Առաջին՝ աստիճանաբար համոզմունք ձևավորել, որ հայկական կողմը ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտման նախահարձակ գործողություններ է իրականացնում, այլև թիրախավորել է շփման գծին մոտ գտնվող քաղաքացիական օբեյկտներն ու բնակավայրերը: Երկրորդ՝ սեփական հասարակության և միջազգային հանրության մոտ նման համոզմունք ձևավորելով՝ հող նախապատրաստել այսպես կոչված նախահարձակ կողմին պատժելու անվան ներքո ռազմական գործողություններ իրականացնելու համար: Տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանը կամ իսկապես նոր ռազմական լայնածավալ սադրանքներ է նախապատրաստում՝ որպես զինուժի կուտակման և առաջխաղացման ծխածածկույթ օգտագործելով մասշտաբային զորավարժությունները, կամ պարզապես ցանկանում է, որ ինչպես հայկական կողմը այնպես էլ միջազգային հանրությունն ու ԼՂ կարգավորման հարցով միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները հավատան դրա հնարավորությանը: Թե այս երկուսից որի հետ իրականում գործ ունենք, դժվար է ասել: Փաստն այն է, որ ԼՂ կարգավորման ներկայիս փուլում ստեղծվել է գրեթե նույն փակուղային իրավիճակը, ինչ ապրիլյան կարճատև պատերազմի նախօրեին էր:

Հայկական կողմը, ըստ էության, ներկայումս հրաժարվում է բուն ԼՂ  հիմնահարցի կարգավորման որևէ բովանդակային քննարկումից՝ որպես բանակցությունների վերսկսման նախապայման, պահանջելով մայիսին Վիեննայի գագաթաժողովում համաձայնեցված՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված երեք պայմանների անվերապահ կատարումը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է շփման գծի երկայնքով խախտումներն արձանագրող տեխնիկական միջոցների տեղակայմանը, դիպուկահարներին ետ քաշելուն և ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրչիկի՝ մոնիթորինգային խմբի ընդլայնմանը: Այս համաձայնությունները, գոնե վերջին երկու պայմանների մասով, վերահաստատվեցին մեկ ամիս անց՝ հունիսին, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ անցկացված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:

Չնայած դրանից անցել է արդեն գրեթե 5 ամիս, սակայն պայմանավորվածություններից կամ այդ պայմաններից որևէ մեկը չի կատարվել, ինչում Երևանը մեղադրում է Ադրբջանին: Նոյեմբերի 4-ին Բեռլինում Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամում Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների, վերլուծաբանների և քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել այս ձեռք բերված պայմանավորվածությունները և շարունակում է շփման գծում սրել իրավիճակը: «Նման հերթական սադրիչ դրսևորումներից է մեկ շաբաթից Ադրբեջանում նախատեսված լայնածավալ զորավարժությունների անցկացումը, որոնցում, ըստ Բաքվի, ներգրավված են լինելու ադրբեջանական գրեթե ողջ զինուժը ու ռազմական տեխնիկան, ինչը սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Սա է Ադրբեջանի ղեկավարության արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն առաջ մղելու կոչերին»,- ասել է Նալբանդյանը։

Ադրբեջանն այդ պայմանավորվածությունների կատարումից հրաժարվում է, որովհետև վստահություն չունի, որ դրանից հետո իրեն կհանձնվեն ներկայիս ԼՂՀ-ի տարածքի մաս կազմող այն շրջանները կամ գոնե դրանց մի մասը, որոնք հանդիսանում էին նախկին ԼՂԻՄ-ի հարակից ադրբեջանական ՍՍՀ-ի վարչական շրջանները: Բանն այն է, որ հատկապես Սանկտ-Պետերբուրգում այդ պայմանների կատարմանը Բաքուն համաձայնել էր՝ վստահ լինելով, որ Մոսկվան կստիպի Երևանին՝ գնալ «տարածքներ ԼՂ-ի անորոշ կարգավիճակի դիմաց» սկզբունքով հայկական կողմի համար կապիտուլյացիոն զիջումներին: Բաքվի վստահության  հիմքում այն փաստն էր, որ Երևանը, անտեսելով ապրիլյան պատերազմի իրողությունը և հետևանքները, ոչ միայն շարունակեց բանակցությունները մադրիդյան սկզբունքների շուրջ, այլև դա արեց Վիեննայից հետո թե իր և թե ՄԽ համանախագահների հետ բանակցությունների վերսկսման հստակ նախապայմաններ թելադրելուց հետո: Այսինքն Բաքվում հասկացան, որ Մոսկվան կարողացավ ստիպել Երևանին հրաժարվել նախապայմաններից և ԼՂ կորգավորման բանակցություններում տարածքային զիջումների հարցը քննարկել շփման գծում հրադադարի ամրապնդմանն ուղղված միջոցառումների հարցին զուգահեռ, որով փաստացի Երևանն ամրագրեց այն նոր ստատուս քվոն, որ ձևավորվել էր ապրիլյան պատերազմից հետո:

Սակայն հուլիսին Երևանում ծավալված դրամատիկ իրադարձություններից հետո, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավեցին Ոստիկանության Էրեբունու ստորաբաժանումը՝ իշխանություններից պահանջելով հրաժարվել տարածքային որևէ զիջում ենթադրող բանակցություններից, փաստացի Երևանն աստիճանաբար սկսեց կարծրացնել իր դիրքորոշումը: Այսօր փաստացի Երևանը ոչ միայն բացառում է առանց Վիեննայի համաձայնությունների կատարման ԼՂ հարցով որևէ բանակցության մասնակցելուց, այլև կարծես թե սկսել է պնդել արդեն այս փուլում բանակցային գործընթացում Ստեփանակերտի, որպես լիարժեք հակամարտող և բանակցող կողմի, պարտադիր ներգրավումը:

«Այսօր կարգավորման շուրջ չկան բանակցություններ, դրանց լինելու համար պետք է ստեղծվեն համապատասխան  պայմաններ: Այն, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը չի նվազում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ պետք է կյանքի կոչվեն Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի բոլոր համաձայնությունները: ...Հայաստանը երբեք չի կարող Ղարաբաղի փոխարեն բանակցել, խոսել կամ համաձայնության գալ տարածքների կամ այլ հարցի շուրջ: ...Հայկական կողմը պնդում է, որ Ղարաբաղը բանակցություններին պետք է մասնակցի նաև այս փուլում, մենք դրա մասին միշտ ենք խոսում: Չի կարող առանց Արցախի մասնակցության որևէ առաջընթաց լինել բանակցություններում»,-ԱԺ-ում լրագրողներին տված ճեպազրույցում այսօր հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Սասնա ծռեր»-ի գործողությունից հետո նաև Մոսկվան էականորեն թուլացրեց ճնշումները Հայաստանի վզին փաթաթվող, այսպես կոչված «Լավրովի պլան»-ի իրականացման առումով՝ թերևս վախենալով Հայաստանը վերջնականապես կորցնելու իրատեսական հեռանկարից: Չնայած այդ «պլանն» օրակարգից դուրս չի եկել, սակայն Մոսկվան հիմա ակնհայտորեն ձեռնպահ է մնում այն առաջ մղելու նախկին քաղաքականությունից:

Դրան զուգահեռ տարածաշրջանում տեղի ունեցավ ԼՂ հարցի վրա ուղակիորեն ազդող մի շատ կարևոր տեղաշարժ: Ռուսաստանը և Թուրքիան վեցամսյա նախապատերազմական դրությունից հետո, գնացին հարաբերությունների արագ կարգավորման և սերտացման: Արդյուքնում Ռուսաստանի համար օրակարգից դուրս եկավ Ադրբեջանին սիրաշահելու, ցանկացած գնով իր ուղեծրից դուրս չթողնելու և ԵՏՄ-ում ներգրավելու հրատապ անհրաժեշտությունը: Մյուս կողմից վերացավ Թուրքիայի շահագրգռությունը Ադրբեջանի միջոցով ԼՂ հարցում գերլարվածություն առաջացնելով Ռուսաստանին նոր հակամարտության մեջ ներքաշելու սպառնալիք ստեղծելու, դրանով Մոսկվային զսպելու անհրաժեշտությունը: Հիմա Մոսկվային և Անկարային բացարձակապես ձեռնտու չէ Հարավային կովկասում լարվածության նոր օջախի ստեղծումը:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԼՂ հարցում լարվածությունը, բացի Ադրբեջանից, տարածաշրջանային խաղացողներից, որևէ մեկին ձեռնտու չէ: Բոլորը կարծես թե առաջնորդվում են ԼՂ հարցը նորից սառեցնելու ռազմավարությամբ: Միտում, որը բացարձակապես չի տեղավորվում Բաքվի պլաններում: Ամենայն հավանականությամբ ստեղծելով պատերազմի վեսկսման իրատեսականության պատրանք՝ Բաքուն փորձում է դրդել Ռուսաստանին կրկին անցնել Հայաստանի իշխանությունների նկատմամբ տոտալ ճնշումների պրակտիկային և օրակարգ վերադարձնել «Լավրովի պլանը»: Իրավիճակը վտանգավոր է նրանով, որ որքան Ռուսաստանն անտեսի Ադրբեջանի կողմից ստեղծվող այդ տպավորությունը, այնքան Բաքուն ավելի է սրելու իրավիճակը ՝ ավելի համոզիչ լինելու նպատակով: Ադրբեջանն ապրիլյան փորձից հետո այլևս չի կարող խաղարկել «բլից-կրիգ»-ի մարտավարությունը, և դա է պատճառը, որ հիմա Բաքուն փորձում է ստեղծել մասշտաբային պատերազմ սկսելու նախադրյալ կամ պատրանք՝ սահմանին մոտ անցկացվող զորավարժություններում նման քանակի մարդակային կոնտիգենտ և զինտեխնիկա օգտագործելով: Եվ այս իմաստով նոյեմբերի 12-ից 18-ը խոստանում է լինել առնվազն նյարդերի նոր պատերազմի ժամանակաշրջան:

Մեկնաբանություններ (2)

Կարինա
Ադրբեջանական քարոզարշավի հերթական դրսևորում
Վարդան
Բաքուն գլուխը պատին է տվել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter