HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Պատժիչ գործողության առաջադրանքը պետք է դիտարկվի կոնկրետ շոշափելի արդյունքներով»

Երեկ տեղեկություն տարածվեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակը իր վերահսկողության տակ գտնվող առաջնագծի ամբողջ երկայնքով պատժիչ գործողություններ է սկսել ադրբեջանական բանակի դեմ:

 Սա պատասխանն է նոյեմբերի 19-ին եւ 20-ին ադրբեջանցի դիպուկահարների կողմից ՊԲ ժամկետային զինծառայողներ Արեն Սիմոնյանի եւ Միհրան Մարգարյանի սպանության: Ըստ լուրերի՝ հակառակորդը Հորադիզի հատվածում արդեն իսկ մեկ զոհ է տվել: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն օրերս ասել է, որ զուտ պաշտոնական տվյալներով՝ միայն 2011-ին Ադրբեջանի ԶՈւ-ն տվել է  108 զոհ:

  «Ազատություն» ռադիոկայանի ՊՆ աղբյուրներն էլ փոխանցել են, որ հակառակորդը 42 զոհ է տվել հայկական կողմի ձեռնարկած պատժիչ գործողությունների արդյունքում: Հայաստանյան մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով էլ՝ հայկական կողմից 2008-2011 թթ. պաշտոնապես զոհվել է ավելի քան 190 զինծառայող, որոնցից միայն 28-ն են մահացել հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Իսկ ոչ պաշտոնական թվերի համաձայն՝ 1994-ի հրադադարից հետո հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ: «Հետքի» «Status» խորագրի ներքո վերջին զարգացումների մասին արտահայտվում են ոլորտի ներկայացուցիչները:

Դավիթ Կարապետյան (ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար)- ԼՂՀ պաշտպանության բանակի գործողությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունները ավելի ճիշտ կլինի ստանալ ՊԲ համապատասխան պաշտոնյաներից (ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանն անհասանելի էր, այդ իսկ պատճառով դիմեցինք Դ. Կարապետյանին- հեղ.): Կարող եմ միայն նշել, որ ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանքից հետո պատժիչ գործողությունները անխուսափելի են եւ ձեռնարկվում են հայկական կողմից:

Իսկ մասնավորապես Տավուշի հատվածում ՀՀ զինված ուժերի կողմից պատժիչ գործողություններ ձեռնարկվե՞լ են այս տարի:

Զինված ուժերի ռազմական գործողությունների վերաբերյալ մանրամասներ հաղորդելը նպատակահարմար չէ: Նման գործողություններ այս տարվա ընթացքում մի շարք անգամներ իրականացվել են, իսկ թե կոնկրետ որտեղ, երբ, մանրամասնել նպատակահարմար չէ:

Պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ հակառակորդի պատճառով մեր յուրաքանչյուր զոհի դիմաց ադրբեջանական կողմը կրելու է մի քանի անգամ ավելի մեծ կորուստ:

Նախարարը մշտապես նման դեպքերում հայտարարել է, որ պատժիչ գործողություններ են կիրառվելու, եւ դրանք առաջին հերթին ուղղված են լինելու ադրբեջանցի դիպուկահարների դեմ՝ նրանց հետագա սադրանքները բացառելու համար:

Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք սա կսթափեցնի հակառակորդին, թե՞ ինչ-որ ժամանակ անց նա նորից կդիմի նույն քայլին:

Ցավոք սրտի, հակառակորդին սանձելու, հետագա սադրանքներից զերծ պահելու ավելի կենսունակ մեթոդներ այսօր չկան:

Արծրուն Հովհաննիսյան (ռազմական փորձագետ)- Պատժիչ գործողությունների արդյունքում կարող են լինել ավելի շատ կորուստներ, բայց դրանց միակ հավաստիացումը տվյալ կողմի ընդունելն է: Ինչքան էլ դու պնդես, մինչեւ ինքը չընդունի, չես կարող վստահաբար ասել, որ այսքան կորուստ եմ պատճառել:

Իսկ հետախուզական տվյալը արդյո՞ք հիմք չէ դրա համար:

Իհարկե ոչ: Հետախուզական տվյալը իրենք որակում են որպես հայկական կողմի՝ սեփական լսարանին հագեցնելու միջոց: Եթե հայկական կողմը ընդունում է, որ կորուստ ունի, հայտնում է ժամ, տեղ, թաղում է կազմակերպում: Իսկ ադրբեջանական կողմը, խոսելով հայկական կորուստների մասին, փաստորեն ընդունում է, որ խախտել է հրադադարի ռեժիմը, սակայն այդպես նաեւ ոգեւորում է իր բանակին՝ ասելով, թե հայերն ընդունում են, որ մեր գործողություններից ունեն կորուստներ, իսկ քանի որ մենք չունենք, նշանակում է՝ թելադրում ենք, հաղթում ենք: Այդ հոգեբանությունն էլ սերմանում է, այդպես կերակրում է ժողովրդին: Բայց մենք լավ գիտենք, որ նրանք կարող են ունենալ տասնյակ կորուստներ, մորգերում ամիսներով պահել, փակ թաղումներ կազմակերպել, որ ծնողն անգամ չգիտի՝ դագաղի մեջ իր երեխան է, թե չէ, հետո պարզի, որ տվյալ զինվորի դիակը ուրիշին էին տվել եւ այլն: Նման թյուրիմացություններ իրենց մոտ եղել են:

Իսկ պատժիչ գործողությունները շարունակվում են նախապես ծրագրված ժամակահատվածու՞մ, թե՞ այնքան, ինչքան կթելադրի իրավիճակը:

Առավել հավանականությամբ ոչ թե ժամանակ, այլ արդյունք կնշվի, այսինքն՝ մինչեւ տվյալ արդյունքը: Ժամանակն էլ գործոն է, սակայն առաջադրանքը պետք է դիտարկվի կոնկրետ շոշափելի արդյունքներով:

Այսինքն՝ ելնելով պաշտպանության նախարարի հայտարարությունից՝ կարելի՞ է ասել, որ գործողությունները կշարունակվեն այնքան, մինչեւ մենք չպատճառենք մեր ունեցածից մի քանի անգամ ավելի մեծ կորուստ:  

Իհարկե: Եթե անգամ տարիների մամուլը թերթեք ու նայեք, թե պաշտոնապես հակառակորդը քանի մարտական կորուստ է ընդունել, եւ քանիսն ենք մենք ընդունել, համեմատությունից պարզ կդառնա, որ իրենցը եռակի-քառակի, ընդհուպ հնգակի շատ է: Դա գրեթե միշտ օրինաչափ բնույթ է կրել՝ սկսած պատերազմից: Եթե մենք 6000 զոհ ենք տվել, նրանք՝ 20000-ից ավելի: Նույն օրինաչափությունն է:

Այս գործողությունները կսաստե՞ն ի վերջո հակառակորդին:

Անցյալ տարի այս նույն հարցը հնչեց: Իհարկե այդպես չի լինի մի պետությունում, որտեղ կեղծ արժեքներ ու հերոսներ, զոհեր են ստեղծվում: Եթե իր մասնագիտական ձախողման ընթացքում իրենց հետախույզը, կոպիտ ասած, սատկում է, ու նրան հերոսացնում են, էլ ի՞նչ եք ուզում: Ոչ մի բան ուրեմն չի կարող զարմացնել այդ երկրում: Եթե այդ կորուստները կբերեն ներքաղաքական ցնցման, իրենք կխելոքանան, բայց որոշ ժամանակ անց տարբեր պատճառներով նորից կարող են ինչ-որ բան հրահրել:   

Առաջին լուսանկարը՝ Արմեն Երամիշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter