HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Էրեբունի» ԲԿ-ի տնօրենը հերքում է Հովհաննեսի ոտքի սևացումը, փաստաբանը պնդում է՝ Հովհաննեսի առողջական վիճակը լավ չէ

Գրեթե մեկ շաբաթ է` լուրեր են «տարածվում», որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի վիրավոր ոտքի գույնը մգացել է, և Հովհաննեսը չի կարողանում շարժել այն։

Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ երկու օր առաջ է տեսակցել Հովհաննեսին, ում առողջական վիճակը լավ չէ. «Ոտքը ծալում է, բայց չի կարողանում տարածել, բացել. սառչում է։ Արդեն հենակներով տեղաշարժվելը չի չարաշահում, ոտքը չի կարողանում դնել գետնին, հենվել, ցավում է»,-նշում է փաստաբանը։

Ըստ փաստաբանի՝ Հովհաննեսը քրոջը փոխանցել էր, որ բժիշկները չեն բուժում, ինքն էլ ասում է՝ կա'մ բուժեն, կա'մ էլ թող հեռացնեն ոտքը։

Պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Սարգսյանը դիմել է արդարադատության, առողջապահության նախարարություններ, քրեակատարողական վարչություն, ՄԻՊ։ Նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնին տեղեկացրել է, թե ինչ գանգատներ ունի իր վստահորդը, հարցեր է ուղղել, որոնցից, իր խոսքով, թերի պատասխաններ է ստացել, մասնավորապես, բուժկենտրոնից չեն պատասխանել, թե ինչո՞ւ չեն վիրահատել Հովհաննեսին, վիրահատելու դեպքում ի՞նչ ռիսկեր կային, բացի դա, արդյոք նշանակվել է ֆիզիոթերապիա։

Փաստաբանը նաև հավելում է, որ երկու օր առաջ «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկներն այցելել են Հովհաննեսին ու ասել, որ ինքը պետք է իրեն բուժի, իրենք չեն կարող։ Իսկ ոտքի սևանալու մասին պարզաբանել են, որ այն առաջացել է ոտքի՝ շատ անշարժ մնալուց,  որի հետևանքով արյունը նորմալ չի շրջանառվել։

Սակայն փաստաբանը հիշեցնում է, որ ԲԿ-ի տնօրենը սեպտեմբերի 12-ին հայտարարել էր, որ մեկ ամիս ոտքը պետք է անշարժ մնա, սակայն այժմ հայտնում են, որ Հովհաննեսը պետք է շատ շարժի ոտքը։ 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, անդրադառնալով  Հովհաննեսի՝ ոտքը անշարժացնելու իր հայտարարությանը, նշում է, որ դեռևս սեպտեմբերին, նրան հիվանդանոցից դուրս գրելիս հորդորել են՝ ոտքը երեք-չորս շաբաթ անշարժացնել, սակայն երբ հանել են ոտքի հատուկ վիրակապը, բժիշկները վարժություններ կատարելու ցուցումներ են տվել։

Մանուկյանը հավաստիացնում է, որ Հովհաննեսի ոտքը չի սևացել և նրան վիրահատություն պետք չէ։ Ասում է՝ ԲԿ-ի բժիշկները պարբերաբար այցելում են նրան.

«Ասեմ ավելին՝ ՔԿ-ում կան առավել լուրջ վնասվածքներ ստացած  հիվանդներ, ովքեր, մեր ցուցումներին հետևելով, արդեն ամեն ինչ հանգիստ անում են։ Նույն Պավլիկ Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Արմեն Լամբարյանը, նրանց վնասվածքները զգալի, մի քանի անգամ ավելի  ծանր էին, քան Հովհաննեսինը։  Ես չգիտեմ՝ ինչու է այս աժիոտաժը արվում, երևի ուրիշ միտում ունի»,-նշում է Մանուկյանը։

Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով՝ Հովհաննեսի առողջական վիճակը իր «հունով գնում է», պարզապես կան մկանային խնդիրներ, որի կապակցությամբ նա պետք է առավել շատ վարժություններ կատարի, որոնք նա չի անում։ Մանուկյանը ևս մեկ անգամ է շեշտում, որ Հովհաննեսը պետք է ինքն իրեն վարժություններ կատարի, դրա համար պետք չէ մասնագետ լինել կամ բժշկի ներկայություն ապահովել։

Դեպքի վերաբերյալ նաև հաղորդագրություն է տարածել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ հայտնելով, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԻՊ հաղորդած տեղեկությունների հիման վրա, դրանք ստուգելու նպատակով, այսօր այց կիրականացվի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter