HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի նորակառույց եկեղեցիների համար ներդրվել է մի քանի հարյուր հազարից մինչեւ մեկ միլիոն դոլար

սկիզբը

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունիքի թեմը ձեւավորվել է կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով 1996-ի մայիսի 30-ին: Այն ներառում է Հայաստանի նույնանուն մարզը, որը մինչ այդ մտնում էր Արարատյան Հայրապետական թեմի կազմի մեջ: Առաջնորդանիստը Գավառի Ս. Աստվածածին եկեղեցին է: Ներկայում թեմի առաջնորդական տեղապահը տեր Կիրակոս վարդապետ Դավթյանն է, իսկ մինչ այդ՝ 2005-2015 թթ., առաջնորդը տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն էր, ով այժմ գլխավորում է Ուկրաինայի թեմը:

Տեր Կիրակոսը մեզ տրամադրել է թեմի նորակառույց եկեղեցիների ցանկը, սակայն այն ամբողջական չէր: Համադրելով այդ եւ բաց աղբյուրներից ձեռք բերված տվյալները՝ եկել ենք այն եզրակացության, որ 1991-ից հետո Գեղարքունիքի թեմում կառուցվել է 6 եկեղեցի:

Նորակառույցներն են՝

Ս. Հրեշտակապետաց (Վարդենիկ, օծումը՝ 2004 թ.),
Ս. Սարգիս (Ծաղկունք, 2006), 
Ս. Գրիգոր Նարեկացի (Վաղաշեն, 2014), 
Ս. Խաչ (Լիճք, 2014), 
Ս. Հրեշտակապետաց (Սեւան, 2015),
Ս. Գրիգոր Նարեկացի (Գետիկ, 2016):

(Սեղմելով քարտեզում նշված կետերի վրա՝ կարող եք տեսնել տվյալ եկեղեցու նկարագրությունը)

Անկախությունից հետո առաջին եկեղեցին կառուցվել է Վարդենիկ գյուղում: Ժամանակին այս համայնքն ուներ ավելի քան 10.000 բնակիչ: Չնայած 2011-ի մարդահամարի տվյալներով Վարդենիկի մշտական բնակչության թիվը 9880 է, ըստ մարդահամարի արդյունքների, Մարտունու տարածաշրջանի այս գյուղն ամենամեծն է Հայաստանում (մյուս համայնքների մշտական բնակչության թիվը եւս կներկայացնենք 2011-ի մարդահամարի տվյալներով):

Ս. Հրեշտակապետացը կառուցվել է Ս. Աստվածածնի տեղում: Վերջինս, ըստ համայնքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի, 19-րդ դարի կառույց է, չնայած այլ աղբյուրներում նշվում է 9-11-րդ դդ.: Գյուղի սրբավայրերից է նաեւ 13-րդ դարի Իշխանավանք եկեղեցին: Ըստ տեր Կիրակոսի՝ 2001-ին պեղումների ժամանակ հայտնաբերվել ու մաքրվել է Ս. Աստվածածինը, որի հիմքերի վրա էլ կառուցվել է Ս. Հրեշտակապետացը: Վերջինս օծվել է 2004-ին: 

2005-ից համայնքը ղեկավարող Հովհաննես Հովեյանն ասում է, որ Ս. Հրեշտակապետացի բարերարը համագյուղացի, 77-ամյա Գառնիկ Միքայելյանի ընտանիքն է: Գ. Միքայելյանը բնակվում է Վարդենիկում, իսկ ընտանիքը՝ ՌԴ-ում: Միքայելյանները պատուհանների արտադրություն ունեն գյուղում: Հ. Հովեյանի ասելով՝ ինքը տեղյակ չէ ներդրված գումարի չափից: Սակայն հաշվի առնելով եկեղեցու չափերը եւ համեմատելով մարզի այլ նորակառույցների հետ՝ կարելի է ասել, որ դրա համար ծախսվել է մի քանի հարյուր հազար դոլար:  

Սեւանից ոչ հեռու գտնվող Ծաղկունք գյուղը (901 բնակիչ) հարուստ է սրբավայրերով: Դրանցից Ս. Սարգիս եկեղեցին համարվում է 7-րդ դարի շինություն: Այն գտվում է գյուղից արեւելք՝ բլրի վրա: Ներկայում եկեղեցուց պահպանվել է մի փոքրիկ մատուռ՝ շրջապատված բազմաթիվ խաչքարերով: Հարեւանությամբ կա նաեւ 9-15-րդ դդ. գերեզմանոց: 2002-2006 թթ. մատուռի կողքին կառուցվել է նույնանուն եկեղեցի, վերանորոգվել է նաեւ մատուռը: Նորակառույց Ս. Սարգիսն օծվել է 2006-ի հոկտեմբերի 7-ին: Ճարտարապետը Վաչագան Թադեւոսյանն է, բարերարները՝ եղբայրներ Արսեն, Կարեն, Հրաչյա Աղաջանյանները:

Վերջիններիս հորեղբայրը՝ 2008-ից Ծաղկունքը ղեկավարող Պետիկ Աղաջանյանը, «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ եղբորորդիները նաեւ համայնքի դպրոցն են վերանորոգել, կարելի է ասել՝ հիմնանորոգել: Ըստ գյուղապետի՝ նոր եկեղեցի կառուցելու գաղափարը եղել է բարերարներինը, ովքեր դրա համար ներդրել են մոտ 1 մլն դոլար:   

2014-ին թեմում օծվել է երկու նոր եկեղեցի: Առաջինը Ս. Գրիգոր Նարեկացին է, որը գտնվում է Մարտունի քաղաքի հարեւան Վաղաշեն գյուղում (4267 բնակիչ): Եկեղեցին կառուցվել է համայնքի կենտրոնում՝ հարեւանությամբ Ս. Աստվածածին խոնարհված բազիլիկ եկեղեցու (17-րդ դար) եւ գերեզմանոցի (9-17-րդ դդ.): Ս. Գրիգոր Նարեկացին կենտրոնագմբեթ, խաչաձեւ հատակագծով կառույց է՝ 18 մ բարձրությամբ: Եկեղեցու հիմքերը բազալտից են, իսկ պատերն ու թմբուկը՝ Անիպեմզայի տուֆից: Սա ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծած 31-րդ եկեղեցին է: Գասպարյանի եկեղեցիներից են նաեւ Բերձորի Ս. Համբարձմանը եւ Եղվարդում դեռեւս ընթացքի մեջ գտնվող Ս. Սարգիսը, որոնց անդրադարձել ենք: Վաղաշենի եկեղեցու հովանավորը համագյուղացի, ուկրաինաբնակ Հենրի Մելքոնյանն է:

2005-ից Վաղաշենի գյուղապետ աշխատող Արթուր Սուվարյանը «Հետքին» ասաց, որ երբեք չի խառնվել եկեղեցու համար ներդրված ֆինանսական միջոցներին, սակայն տեղյակ է, որ ծախսվել է մոտավորապես 500-700 հազար դոլար՝ տարածքի բարեկարգումը ներառյալ: 

Եկեղեցու շինարարությունը տեւել է 4 տարի, իսկ օծումը կատարվել է 2014-ի հոկտեմբերի 4-ին՝ ձեռամբ թեմի այն ժամանակվա առաջնորդ Մարկոս սրբազանի: 

Վաղաշենի Ս. Գրիգոր Նարեկացի Լիճքի Ս. Խաչ

10 օր անց՝ հոկտեմբերի 14-ին, Մարտունու տարածաշրջանի մեկ այլ գյուղում՝ Լիճքում (5417 բնակիչ), Մարկոս սրբազանն օծել է Ս. Խաչ եկեղեցին: Լինելով բավականին մեծ համայնք՝ Լիճքը չուներ կանգուն եկեղեցի: 2010-ին գյուղի բնակիչները համատեղ ներդրումներով սկսել են նոր եկեղեցու շինարարությունը, որն ավարտվել է 4 տարի անց: «Որպես համայնքապետ՝ համայնքի ժողով հրավիրեցի, պայմանավորվեցինք, որ համայնքի բնակիչների, հիմնականում արտագնա աշխատանք ունեցողների միջոցներով եկեղեցի կառուցվի: Բայց կան նաեւ հարեւան գյուղերից ներդրողներ, ովքեր ընկերներ են, նույնիսկ ազգությամբ ռուս է ներդրում կատարել»,- ասում է գյուղապետ Գնել Գրիգորյանը (համայնքը ղեկավարում է 2008-ից):

Եկեղեցու կառուցման համար ներդրում է կատարել շուրջ 360 բնակիչ, ընդհանուր ներդրումը կազմել է մոտ 400.000 դոլար: Եկեղեցու ճարտարապետը Հակոբ Բաբախանյանն է: Ս. Խաչն ունի 20 մ բարձրություն, կենտրոնագմբեթ է: Իբրեւ շինանյութ օգտագործվել են բազալտն ու տուֆը: Ճարտարապետական տեսքն ընդօրինակում է 7-9-րդ դարերի ավանդույթները:

Նախկին շրջկենտրոն Սեւանը (համայնքը ներառում է նաեւ Գագարին գյուղը, միասին՝ 20.608 բնակիչ) չնայած ունի մի քանի գործող եկեղեցիներ (Սեւանավանք, Ցամաքաբերդ թաղամասի Ս. Գեւորգ), մինչեւ վերջերս բուն քաղաքում չի եղել գործող սրբավայր: 2009-ի հոկտեմբերին դրվել են Ս. Հրեշտակապետաց եկեղեցու հիմքերը՝ մասնակցությամբ կաթողիկոս Գարեգին Բ-ի: Նախատեսվում էր շինարարությունն ավարտել 2010-ին, սակայն այդ տարի աշխատանքները կանգ առան, 2013-ին հարցը բարձրացվեց այն ժամանակվա քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի կողմից, կապալառուն փոխվեց, եւ շինաշխատանքները վերսկսվեցին 2014-ի մայիսին: 

Գարեգին Բ-ի գլխավորությամբ եկեղեցին օծվեց 2015-ի մայիսի 31-ին, ներկա էր նաեւ երկրի նախագահը: Նորակառույցի բարերարներն են ֆրանսահայ Ալեն Մանուկյանն ու Սարգիս Պետոյանը: Վերջինս (Սարգիս Սերժ Բեդոյան) նաեւ սարկավագի աստիճան ունի եւ մասնակցում էր օծման արարողությանը: Օծումից հետո առաջին պատարագի ժամանակ էլ հենց նա էր սպասավորում:

Ս. Պետոյանը ցանկացել է ծնողների՝ Ավետիս եւ Թագուհի Պետոյանների հիշատակին եկեղեցի կառուցել: Մայր Աթոռը, ողջունելով այս նախաձեռնությունը, դարձել է կառուցման պատվիրատուն, 2007-ին ընտրել են տարածքը (այն ավագանու անդամ Կամո Ավագյանի սեփականությունն էր, որը նվիրել է՝ եկեղեցի կառուցելու համար), 2009-ին՝ սկսել շինարարությունը: Ճարտարապետը Արտակ Ղուլյանն է, ով հատկապես վերջին շրջանում մի շարք շքեղ նորակառույց եկեղեցիների հեղինակ է:

Սարգիս Պետոյանի մասին նախկինում գրել ենք մեկ այլ առիթով: Նա Ֆրանսիայի թեմի հոգաբարձուների խորհրդի անդամ է, բավականին սերտ կապեր ունի Մայր Աթոռի, մասնավորապես՝ Գարեգին Բ-ի հետ: 2011-ին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Պետոյանին պարգեւատրել է «Պողոս Նուբար» գերատեսչական մեդալով: 2014-ին էլ «Հանրապետության տոնի կապակցությամբ, հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը բերած նպաստի, ինչպես նաեւ հայապահպանության գործում ներդրած ավանդի համար» Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Եկեղեցու բացման օրը Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը Պետոյանին շնորհել է պատվավոր սեւանցու կոչում: Իր հերթին Գարեգին Բ-ն նորակառույցի հովանավորին պարգեւատրել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով, իսկ քաղաքապետին՝ «Սուրբ Ներսես Շնորհալիով»:

Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանի փոխանցմամբ՝ Ս. Հրեշտակապետացի համար ներդրվել է 1 մլն դոլար:

Կարմիրի տարածաշրջանի Գետիկ գյուղի (370 բնակիչ) Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին օծվել է մի քանի ամիս առաջ՝ օգոստոսի 13-ին: Սակայն դրա հիմքերը դրվեն են դեռ 2012-ին: Կենտրոնագմբեթ եկեղեցին ունի 20 մ բարձրություն: Հարեւանությամբ կառուցվել է նաեւ երիցատուն, հանդիսությունների սրահ: Հետաքրքիր է, որ եկեղեցու 16 անկյունաքարերը չէին տեղադրվել ու օծվել, քանի որ հովանավորը՝ գետիկցի, ռուսաստանաբնակ Ռոբերտ Ղուլյանը ցանկացել էր անձամբ ներկա լինել արարողությանը, որը կատարվել է 2013-ի հուլիսին: Ծրագրվում էր եկեղեցին ամբողջական ավարտին հասցնել ու բացել 2014-ի վերջին, սակայն օծումը տեղի է ունեցել միայն այս տարի:

2011-ից Գետիկը ղեկավարող Սարգիս Այունցը, ով նաեւ Ռոբերտ Ղուլյանի դասընկերն է, ասում է. «Բավականին մեծ գումար է ներդրվել, տարածաշրջանում առաջին գործող եկեղեցին է իր տարածքով, ծավալով, կատարված աշխատանքներով, բայց գումարի չափը չեմ կարող ասել, բարերարն էլ երեւի չի կարող ասել»: Այդուհանդերձ, եթե հաշվի առնենք, որ չափերով այս եկեղեցին շատ նման է Վաղաշենի ու Լիճքի եկեղեցիներին եւ կառուցվել է գրեթե նույն ժամանակահատվածում, ապա կարող ենք ասել, որ դրա համար ծախսվել է շուրջ կես միլիոն դոլար:

Գետիկի հարեւան Մարտունի գյուղի տարածքում են գտնվում Կարմիր եղցի կամ Հին Գետիկ հայտնի եկեղեցական համալիրի ավերակները (9-12-րդ դդ.): «Ճամբարակի տարածքը, որտեղ գտնվում է Գետիկ գյուղը, համեմատաբար աղքատ է Հայ Առաքելական եկեղեցու հավատի տներով, եւ այս եկեղեցու կառուցումը մեծ նշանակություն է ձեռք բերում ոչ միայն Գետիկի, այլ նաեւ տարածքի մի շարք համայնքների բնակիչների համար, ովքեր հավատի գործող տան խիստ կարիք ունեն»,- դեռ շինարարության ժամանակ ասել էր թեմի այն ժամանակվա առաջնորդ Մարկոս սրբազանը:  

Գեղարքունիքի թեմում այս պահին դեռ ընթացքի մեջ է մի քանի եկեղեցիների կառուցման գործընթացը: Գետիկի հարեւան Թթուջուր գյուղում (942 բնակիչ) եկեղեցու շինարարությունը, ըստ համայնքի ղեկավար Վիգեն Սահակյանի, ավարտվել է, սակայն տարածքի բարեկարգման աշխատանքները դեռ ընթանում են: Եկեղեցու բարերարը մոսկվայաբնակ, արմատներով թթուջուրցի Հայկ Բորյանն է: Գյուղապետի ասելով՝ ինքը տեղյակ չէ ներդրված միջոցներից:

Պատկերը մի փոքր այլ է Սեւանի տարածաշրջանի Լճաշեն գյուղում (4969 բնակիչ): Բավականին հին պատմութամբ, բայց առանց կանգուն եկեղեցու համայնքում որոշվել է գյուղապետարանի ու բնակիչների միջոցներով կառուցել նոր եկեղեցի, ինչն ավելի հարմար տարբերակ է համարվել համայնքի ու թեմի կողմից, քան 7-րդ դարի խոնարհված Ս. Հռիփսիմեի վերակառուցումը, որը գտնվում է գյուղի կենտրոնում: 2013-ի օգոստոսին կատարվել է նոր եկեղեցու հիմնօրհնեքը, սակայն հետագայում շինարարությունը կանգ է առել ֆինանսական խնդիրների պատճառով: Գյուղապետ Կորյուն Մարգարյանն ասում է, որ նախահաշիվը մոտ 130.000 դոլար է կազմում, գյուղի բարերարներից խոստացել էին օգնել, բայց դեռ չեն իրականացրել խոստումը:

Առաջին լուսանկարում՝ Ծաղկունքի Ս. Սարգիս եկեղեցին եւ մատուռը

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter