HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տաշիրցի պանրագործներն արտադրում են 14 տեսակի պանիր, որի մեծ մասն արտահանվում է ԱՄՆ և ՌԴ

Սկզբում միայն մեկ պանրատեսակ՝ «Լոռի» եւ արտադրության ընթացքն ապահովող 5-6 աշխատակից: Սկզբի համար պարզապես ընտանեկան բիզնես՝ 90-ականների ճգնաժամը հաղթահարելու համար: Տաշիրում գործող «Դուստր Մելանյա» պանրի արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ի փոխտնօրեն եւ արտադրության պետ Ասատուր Հարությունյանի փոխանցմամբ, բիզնեսն ընդլայնելու ծրագրերը ծնվեցին այն ժամանակ, երբ 1999թ.-ին օրենք ընդունվեց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման վերաբերյալ:

«Մեր ընտանեկան բիզնեսը հիմնվել է 1996 թ.-ին: Այն ժամանակ ընտանիք պահելու հարց կար: Աշխատանքներն իրականացնում էինք հարազատներով՝ եղբորս եւ իմ ընտանիքի անդամներն էին հիմնականում: Երեք տարի անց վերածվեցինք ՍՊԸ-ի եւ որոշեցինք ընդլայնվել: Սկսեցինք մեկ պանրատեսակից՝  «Լոռի», հետո արդեն ավելացրեցինք «Չեչիլ»-ն ու «Սուլուգունի»-ին: Հիմա արդեն պատրաստում ենք 12 տեսակի պանիր, մշակվողն էլ հետը`14»,-ասում է Ասատուր Հարությունյանը:   

«Դուստր Մելանյա» պանրի գործարանում աշխատանքով ապահովված է 40 մարդ: Աշխատանքների սեզոնային փոփոխությունները չեն ազդում աշխատակիցների թվաքանակի վրա: Ասատուր Հարությունյանն ասում է, որ ձգտում են չգնալ կրճատումների՝  ամռան ծանրաբեռնված սեզոնից ձմեռային ավելի թեթեւ գրաֆիկի անցնելուց հետո աշխատակիցների վերաբաշխում են՝ աշխատելով ամեն մեկի համար թեեւ փոքր, բայց աշխատանք ապահովել:

Ձեռնարկության արտադրանքի գրեթե 70-80 տոկոսն արտահանվում է ՌԴ եւ ԱՄՆ: Օվկիանոսից սյն կողմ ուղարկվում են հիմնականում «Լոռի» եւ «Չանախ» պանրատեսակները: «Պահանջարկ ձեւավորողն հայկական սփյուռքն է, ասում է զրուցակիցս: Ռուսաստանի Դաշնություն արտահանում են վեց տեսակի պանիր՝ «Լոռի», «Տաշիր», «Ալաշկերտ», «Փոքր Ալաշկերտ», «Գաուդա», «Չեչիլ»: «Ռուսաստան ավելի շատ տեսականի ենք արտահանում, քանի որ հատկապես Մոսկվայում մեծ սպառում ունենք: Այնտեղ մեր արտադրանքի վաճառքի կազմակերմամբ զբաղվում է եղբայրս՝ Ռուբեն Հարությունյանը, որ մեր ձեռնարկության տնօրենն է,-հավելում է Ա. Հարությունյանը,- ի դեպ, մեր ձեռնարկությունն էլ կոչվում է ի պատիվ եղբորս դստեր»:

Հարցնում եմ, թե գործունեության 20 տարիների ընթացքում ինչ տիպի աջակցության կարիք է ունեցել գործարանը, որ չի ստացել, սակայն կարիքը կա: «Աջակցության կարիք այդքան շատ չունենք եւ չէի ասի, թե տառապում ենք դրա բացակայությունից-վստահաբար պատասխանում է զրուցակիցս,-իմ կարծիքով, աջակցություն պետք է ցույց տալ ֆերմերական տնտեսություններին, գյուղացիներին, որ կարողանան կովերի գլխաքանակը մեծացնել, որ մենք հանձնվող կաթի քանակի հետ խնդիր չունենանք: Եթե գյուղացիները կարողանային կաթ արտադրել եւ ամառը եւ ձմեռը՝ մեր աշխատանքն էլ հավասարաչափ կբաշխվեր: Իսկ այսպես ամռանը աշխատում ենք ծանրաբեռնված, կուտակում ենք, իսկ ձմռանը թերբեռնված ենք՝ դա գումարների ոչ ճիշտ օգտագործում է՝ մինչեւ վեց ամիս գումարների հետադարձ չի լինում: Լավ կլիներ, եթե մեր գործունեության հետ կապված աշխատանքները լինեին հոսքային՝ գնվեր, մշակվեր հասունացվեր, իրացվեր՝ ցիկլը չընդհատվեր»:

Հաջողության բանաձեւը «Դուստր Մելանյա»-ն հիմնած եղբայրների շատ պարզ է. «Աշխատած գումարները տարիներ շարունակ նորից ամբողջությամբ ներդրել ենք արտադրության մեջ,-ժպտալով բացատրում է Ասատուր Հարությունյանը,-զվարճությունների վրա չենք ծախսել, անտեղի վարկեր չենք վերցրել: Իհարկե, դա չի նշանակում, թե ընդհանրապես բանկերի հետ գործ չունենք՝ սեզոնային վարկեր վերցնում ենք, հատկապես ամռան շրջանում, երբ մեծ քանակությամբ կաթ պետք է գնել: Բազմիցս է խոսվել, բայց մեկ անգամ էլ եմ ասեմ՝ պետք է վարկերը ավելի մատչելի դարձնել, որ տնտեսությունը զարգանա: Գյուղացին ցանկություն չունի կով պահելու, որովհետեւ երկու կովը եկամտաբեր չէ, ֆերմերն էլ ունեցած անասնագլխաքանակը չի մեծացնում, որովհետեւ երկուսի դեպքում էլ պիտի վարկ վերցնեն: Եթե գյուղացու վիճակը լավացավ, հավատացեք, որ արտադրողի վիճակն էլ, երկրի վիճակն էլ լավ կլինի»:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Կալինինոյի համով պանի՜րը, բա կարա՜գը, կտրելու ժամանակ ծաղիկների բուրմունք էր գալիս: Հիմա էլ են խանութները լիքը՝ լֆիկների թանկանոց սփրեդով: Մի բան էլ հիշեմ - ընկերս հոսանքը բոլ բոլ ծախսում էր, բայց կոպեկները չէր տալիս, պրինցիպի համար՝ բնակիչի տոկն անջատել օրենքը չէր թույլատրում, ոչ մի դեպքում! Կորչե՜ն կոլխոզն ու ախմախ սոցիալիզմը, կեցցե՜ շեն ու բոլ կապիտալիզմը!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter