HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որդին հոր սրտի վիրահատության գումար է փնտրում. «Ինչ-որ մեկից ոչ ուտելիք, ոչ շոր ենք ուզում»

49-ամյա Վախթանգ Միքայելյանը բնակվում է Խարբերդում: Հոկտեմբերի 17-ին սրտի կաթված է ստացել, ինչից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Որդու՝ Հայկի պատմելով՝ սրտի անոթները փակվել են, և բժիշկները շտապ ոչ դեղապատ ստենտ են տեղադրել պետպատվերի շրջանակներում: «Դեղապատ ստենտավորումը փողով է, սուր ինֆարկտով ում հասցնում են, էդ դեպքում ոչ դեղապատ մեկ ստենտ դնելն անվճար է: Ասացին, որ սիրտն անհապաղ պետք է վիրահատեն, որ հիվանդանոցն էլ տարա, դա ասացին»,- նշում է Հայկը:

Նախապես պայմանավորվել էինք հանդիպել Խարբերդում՝ տանը, սակայն որդին խնդրեց հանդիպումը կազմակերպել Երևանում՝ խոստանալով տրամադրել բոլոր բժշկական փաստաթղթերը: Հայկը բնակարանային վերանորոգման աշխատանքներ է անում: Մի քանի անգամ շեշտում է, որ հացի կամ հագուստի համար չեն դիմում լրագրողներին, քանի որ իրենց հացը վաստակում են:

«Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի սրտաբանության բաժանամունքից ստացած տեղեկանքի մեջ գրված է, որ «հիվանդին անհրաժեշտ է աորտակորոնար շունտավորում»: Վիրահատության համար 2,5 միլիոն դրամ է անհրաժեշտ: Հայկը պատմում է, որ սկզբից իրենց ասում էին 2,8 միլիոն, հետո նշել են, որ 300 հազարը զեղչում են: Երևանի մի քանի բժշկական կենտրոններում հետաքրքրվել են, սակայն բոլոր տեղերում էլ, ըստ Հայկի, նույն գինն են ասել: Վախթանգ Միքայելյանը մի քանի օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից, հիմա տանը դեղեր է ընդունում:

Հայկի քույրն ու եղբայրն ամուսնացած են, եղբայրը բնակվում է Օդեսայում: Ասում է, որ ինչքան էլ բարեկամներից գումար խնդրեն, միևնույնն է՝ առավելագույնը կարող են 1 միլիոն դրամ հավաքել:

Հայկը առողջապահության նախարարություն էր դիմել հոր վիրահատության համար: Հոկտեմբերի 27-ին նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը գրավոր պատասխանել է նրան:

«Սրտային վիրաբուժությունն ընդգրկված է ՀՀ առողջապահության նախարարի 28.09.2013 թ. թիվ 57-Ն հրամանով հաստատված «Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով կիրառմամբ մատուցվող բժշակական ծառայությունների չափորոշիչով սահմանված ցանկում» և բնակչության բոլոր խմբերի համար կատարվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ ՀՀ կառավարության 04.03.2004 թ. N 318-Ն որոշման հավելվածի 5-ի համաձայն անապահովության գնահատման համակարգում հաշվառված 36.00 և ավելի բարձր անապոհովության միավորներ ունեցող ընտանիքի անդամների, մինչև 7 տարեկան երեխաների, սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված 7-18 տարեկան երեխաների, ՀՀ կառավարության 25.07.2013 թ. N806-Ն որոշման հավելվածի 2-ի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների համար»:

2009-ին Վախթանք Միքայելյանը սրտի կաթված է տարել: Դրանից հետո 2-րդ կարգի հաշմանդամության թոշակ էր ստանում: Երկրորդ անգամ հաշվառման համար չի դիմել, ինչի հետևանքով հաշմանդամության թոշակ այլևս չի ստանում:

«Երեքշաբթի մտա նախարարի մոտ, ասաց՝ ոչ մի բանով չեմ կարող օգնել, ասաց՝ գնացեք 2,2 միլիոնը գտեք, կզանգեմ, էն 300 հազարը զեղչ կանեն: Ասացի՝ պարոն նախարար, եթե ես 2,2 միլիոնը գտնեմ, հենա 300 հազարն էլ կգտնեմ»,- պատմում է Հայկը, հետո շարունակում է, որ եթե նույնիսկ մեկը լինի, իրեն այդ գումարը պարտքով տա, ժամանակի ընթացքում կվերադարձնի:

«Մենք ոչ մի բանից չենք բողոքում, ինչ-որ մեկից ոչ ուտելիք, ոչ շոր ենք ուզում, ոչ էլ ասում ենք՝ բերեք մեր տունը սարքեք, ուղղակի էսպիսի մի խնդրի առաջ ենք կանգնել, ու չգիտենք՝ ինչ անենք, մարդը հո չի մեռնելու»,- ասում է Հայկը, հետո ավելացնում, որ չգիտի, թե ինչ է անելու, ընկերն առաջարկել է դիմել նաև վարչապետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter