HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Կորուսյալ ճակատագրերի երգիչն ու պոետը

Սկիզբը

Կիթառահար Արամ Բաջակյանը համագործակցել է մեր օրերում ջազի և ռոքի առաջնակարգ շատ երաժիշտների հետ: Ամերիկաբնակ հայազգի այս երաժիշտը այն բացառիկներից է, ում հաջողվել է ոչ միայն աշխատել, այլև ճամփորդել ու այս ընթացքում նաև փոքր-ինչ մտերմանալ Լու Ռիդի հետ:

Լեգենդար այս երաժշտին նվիրված իր հիշատակի խոսքում ջերմ հուշեր և միայն երախտապատության զգացումով գրված տարբեր պատմություններ են, որոնց միջից հստակորեն ուրվագծվում է Լու Ռիդ երաժիշտն ու մարդը: Նա պահանջկոտ էր, խիստ պարտաճանաչ և այս սկզբունքով էլ մոտենում էր իր երաժշտությանը, որը, ինչպես հասկանում ենք, ոչ միայն վայելք էր, այլև կենսաձև: Շատերը նրա մասին ասում են, որ դժվար մարդ էր, և շատ բարդ էր նրա հետ լեզու գտնելը: Սակայն նրանք, ում հաջողվել է հասկանալ կամ ընդունել նրան, ինչպիսին որ էր, այլ բան են պատմում:

Լուն բծախնդիր էր հնչյունը զգալու և արտահայտելու հարցում: Երաժշտության հանդեպ պահանջկոտ և չափազանց հարգալից իր վերաբերմունքը նա անպայման ներարկում էր բոլոր նրանց, ովքեր ստանձնել էին նրա վստահությունը շահելու պատասխանատվությունը:

«Նա հաճախ էր ասում, որ եթե խորհրդանշական «Wilde Side»-ի սոլո հատվածը մի քանի ժամ ուշ ձայնագրած լինեին, ապա այն բոլորովին տարբեր բան կլիներ:- գրում է Բաջակյանը,- Շատ անգամ պատահել է, որ ինչ-որ գործի կամ հատվածի վրա մենք աշխատել ենք ժամեր շարունակ, որպեսզի նվագենք այնպես, ինչպես պահանջվում էր: Իսկ հաջորդ օրը Լուն կարող էր ասել. «Ոչ, ոչ, սա այն չէ, ինչ պիտի լինի»: Եվ բնականաբար մեզնից մեկը պիտի պատասխաներ. « Բայց Լու, երեկ մենք այստեղ հասանք»: «Դա երեկ էր, իսկ այսօր այսօր է»,- պատասխանում էր Լուն»:

1989թ. լույս տեսավ Ռիդի 15-րդ սոլո ալբոմը՝ « New York» : «Velvet Underground» խմբի տարիներին և անհատական գործունեության շրջանում նա ունի մի քանի ալբոմներ ևս, որոնք, անշուշտ, հիշատակության արժանի են («The Velvet Underground» (1969թ.), «White Light/White Heat» (1968թ.), «Berlin (1973), «Metal Music Machine» (1975թ.), «The Blue Mask» (1982թ.) և այլն): Իսկ լավագույնների շարքում առանձնացվող «The Velvet Underground & Nico» և «Transformer» ալբոմներին նախորդ հոդվածում անդրադարձել ենք:

Ընդհանրապես Նյու Յորքը, կարծում եմ, Ռիդի երգերի գլխավոր հերոսն է: Այս քաղաքն ամենուրեք է՝ իր ձայնով, կենսակերպով, վարքով ու գլխապտույտ փոփոխություններով, միևնույն ժամանակ՝ լավ ու վատ ազդեցություններով: Այն ժամանակակից կյանքի կենդանի արտացոլանքն է ու մի ողջ սերնդի պատասխանատուն: Նոր ալբոմում քաղաքի բոհեմի սիրահարն ու երգիչը արդեն փոքր-ինչ այլ՝ այդ բոհեմից ավելի վեր կանգնած ու կյանքի աստիճաններն ամուր կանգնած մարդու հայացքով է աշխարհին նայում: Թեպետ թվարկված նախորդ ալբոմներում այս տրամադրությունները մշտապես առկա էին, սակայն գլխավոր ասելիքն այս անգամ ավելի ուղղորդված հնչեց: Նրա դիտարկումները հիմա ավելի սուր են, ավելի հստակ: Խոսքը արդեն երգիծանքի հետ խառնված ընդվզում է. Ռիդը մատը դրել է խորացող խնդիրներին ու ռոքնռոլի մեջ բացառիկ իր հանդարտ ձայնով բարձրացնում է դրանց ցավոտ կողմերը քողարկած շղարշը: Հնչող անունների և երևույթների վերաբերյալ իր վերաբերմունքից պարզ երևում է, որ պարոն Ռիդը զայրացած է:

«… That՚’s New York՚s future not mine, Oh you better hold on-something’s happening here»,- երգում է Ռիդը: Նա բարձրաձայնում է մշտապես հնչած գաղափարական տարբեր քարոզների, քաղաքականության, դրան հետևող խորհրդանիշերի էության, առաքելության և իրականության հետ կապ չունենալու խնդիրը:  Նա մատնացույց է անում դրանց ներկայության և հավերժ բացակայության անհամապատասխանությունը: Ռիդն ավելի շատ անարդարություն է տեսնում: Նրա ընդվզման ու զայրույթի, կամ պարզ նկարագրության հասցեատերերը ժամանակի ամենապահանջված անուններն են՝ ազատության խորհրդանիշ-արձանից մինչև ԱՄՆ նախագահ, բռնցքամարտիկ Մայք Թայսընից մինչև Հռոմի պապ, Աստվածածնից մինչև այն օրերի և մերօրյա հերոս Դոնալդ Թրամփը և այլք:

«New York» ալբոմը մեծ ընդունելություն գտավ ունկնդիրների լայն շրջանակներում: Այն քննադատական դրական արձագանքների ուղեկցությամբ վերադարձրեց երաժշտին իր նախկին դիրքին ու հաջողությանը, որն այդ տարիների ընթացքում փոքր-ինչ նիրհել էր: «New York» -ը նաև համաշխարհային նոր շրջագայությունների սկիզբ դրեց՝ ներկայացնելով Ռիդի նոր՝ «Velvet Underground»-ից առավել տարբեր ու այս անգամ խիստ հնչող «հաղորդագրությունները»: Ի դեպ, խմբի թմբկահար Մորին Թաքերը նվագում է այստեղ ընդգրկված ստեղծագործություններից մի քանիսում:

Այս ալբոմը համարվում է Ռիդի լավագույն գործերից մեկը ողջ կարիերայի ընթացքում, իսկ ոմանց կարծիքով՝ լավագույնը:

Ըստ մեկնաբանություններից մեկի՝ Լու Ռիդը ոչ թե միայն գրում էր կյանքի ձախողակ, կործանված կերպարների մասին, այլև թույլ էր տալիս, որ նրանք իր երգերում երևան իրենց խեթ նայվածքով և շնչեն սեփական ձայնով: Հետո նա իրեն ծանոթ այդ բնության նկարը  գունավորում էր հենց նրանց աչքերով: Արդյունքում Ռիդը ստեղծել է երաժշտական մի մարմին, որը շատ մոտ է մարդկային կորուստների որոշ պարամետրերի բացահայտմանն ու, հավանաբար, դրանց վերականգնմանն ուղղված մեր որոնումներին: Հենց սրանում է կայանում այս արտիստի մեծությունն ու նրա անհատականությունը ռոքնռոլի պատմության մեջ: (Gilmore, Mikal. "Lou Reed՚s heart of darkness", Rolling Stone magazine, March 22, 1979 pp. 8, 12)

2011թ. 70-ամյա երաժիշտը հանդես եկավ «Metallica» խմբի հետ համատեղ նախագծով: Արդյունքում ձայնագրվեց «Lulu» ալբոմը: Այն առանձնապես մեծ տպավորություն չգործեց, ավելին, նույնիսկ հիասթափեցրեց շատերին ու քննադատության թիրախ դարձավ: Սակայն Բոուին՝ Ռիդի հավատարիմ երկրպագուն, համոզված էր, որ այն Ռիդի լավագույն գործն է: Նա գտնում էր, որ այն խորապես արվեստի գործ է և ժամանակը դեռ ցույց կտա, որ թեկուզ միայն «Junior Dad»-ը արժանի է կարծիքների վերանայման:

Ալբոմի երգերը մեծ մասամբ Լուի գրած խոսքերով էին: Կարծիքներ հնչեցին, որ այս համագործակցությունը մեծագույն սխալ էր «Metallica»-ի համար: Սակայն բացասական և տեղ-տեղ ոչնչացնող այս մեկնաբանությունների կողքին կային այնպիսի կարծիքներ, որոնք ծայրահեղ տարբեր էին և գտնում էին, որ «Lulu»-ն երկու տարբեր մշակույթների շատ յուրօրինակ ու արժեքավոր միաձուլում է: Ինքը՝ Ռիդը, առանձնապես մեծ հիասթափություն չապրեց ոչ «Lulu»-ի անհաջող ճամփորդության, ոչ էլ քննադատությունների տարափից:

Նման պատմությունների մեծ փորձ ունենալուց բացի, նա լավ գիտեր իր ասելիքի և երաժշտության հետ իր հարաբերությունների արժեքը: Երբ 1975թ. նա թողարկեց իր էլեկտրոնային՝ «Metal Music Machine» խորագրով ալբոմը, դարձյալ մեծ հաջողությունների չհասավ ո՛չ ընդունելության, ո՛չ էլ քննադատների առումով: Վերջիններից ոմանք այն մեկնաբանեցին իբրև արհամարանքի ժեստ՝ լեյբըլի և, նույնիսկ, երկրպագուների հանդեպ: Ռիդի համար այս ամենը ոչ միայն մերժելի էր, այլև ծիծաղելի: Նա հենց նման մեկնաբանություններին էր անտարբերության հասնող արհամարանքով վերաբերում: Ռիդը համոզված էր, որ «Metal Music Machine»-ը իր հաջողված աշխատանքներից մեկն է:

Նույն հանգստությամբ էր նա վերաբերվում նաև «Lulu»-ի արձագանքներին, ավելին՝ ցանկություն ուներ շարունակելու համագործակցությունն ու թողարկելու այս ալբոմի երկրորդ մասը:

Ի պատասխան քննադատություններին, թե երկու կողմի երկրպագուներին էլ հիասթափեցրել են, Ռիդն ասել է. «Ես  երկրպագուներ չունեմ, քանի որ նրանք բոլորը «Metal Music Machine»-ից հետո փախել են: Իսկ այս նախագծում եմ ուղղակի հաճույքի (հավեսի) համար»: Մեկ այլ առիթով էլ ասել է, որ այն «գրագետ մարդկանց» համար է: «Metallica» խմբի հիմնադիրներից Լարս Ուլրիխը, անդրադառնալով ալբոմի արձագանքներին, ասել է, որ իր համար անակնկալ չէին դրանք, քանի որ «Ռիդի պոեզիան ամեն մեկի համար չէ»: «Metallica»-ի կենսագիրներից  մեկը՝ բրիտանացի Ջոել Մքայվերը այն բնորոշել է որպես «ավանգարդ թատերական ստեղծագործության սաունդթրեք», որն այնքան էլ հեշտ չի լինի լսել: Նրա կարծիքով՝ նման համադրությունը ավելի հոգեհարազատ է Ռիդի երաժշտասերներին: ««Metallica»-ի երկրպագուները մեծ մասամբ անտեսելու են այն և շարունակելու են լսել «Master of Puppets»-ը »,- գրում է Մքայվերը:

Չնայած Ռիդի՝ համագործակցությունը շարունակելու ցանկությանը` «Lulu»-ն նրա վերջին ձայնասկավառակն էր: Ռոքի պատմության մեջ ամենաինքնատիպ, ամենապահանջկոտ ու դժվար մարդու անունը թողած այս արտիստը մահացավ 2013թ.` հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո: 50 տարի շարունակ ռոքնռոլի աշխարհը ալեկոծելուց ու ձևափոխելուց, բազմաթիվ երաժիտների համար ամենաազդեցիկ ուսուցիչը լինելուց բացի, նա պոետ էր, լուսանկարիչ և մի ամբողջ սերնդի խորհրդանիշ:

«Լուն իր երաժշտության մեջ ներարկեց արվեստի ու բանաստեղծության զգացմունքը,- ասել է երաժշտի հին ընկերներից Փաթի Սմիթը,- նա մեր սերնդի նյույորքյան պոետն էր, ով իր ձախողակներին պաշտպանում էր այնպես, ինչպես Ուիթմենը՝ աշխատավորին և Լորկան՝ հալածյալներին»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter