HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Տեսուչ Մարինե Պետրոսյանը՝ 162 ծառի հատման միակ պատասխանատու

Հաղարծին գյուղի բնակիչ Մարինե Պետրոսյանը, ով «Հետք»-ին ահազանգել էր   «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցած ապօրինի անտառահատումների մասին, դատարանի կողմից դատապարտվել է 300 հազար դրամի չափով տուգանքի: Դատարանը նրան ճանաչել է որպես այդ անտառահատումների միակ պատասխանատու:

Դատավճիռն ընդունվել է հոկտեմբերի 25-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանի կողմից:

Մարինե Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Դիլիջան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի տեսուչ, նյութական պատասխանատվություն կրելով իրեն ամրակցված նյութական արժեքների համար, դրսեւորելով անգործություն՝ իր վրա դրված պարտականությունները պատշաճ չի կատարել, իր պահպանության տակ գտնվող պահաբաժնից քննությամբ ինքնությունը չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են առանձնապես խոշոր չափերի հասնող, 3 միլիոն 340 հազար դրամ սակագնային արժեքով 162 հատ տարբեր տեսակի թաց կանգուն ծառեր, պետությանը պատճառելով 16 միլիոն 745 հազար դրամի վնաս:

Ամբաստանյալը մեղադրանքը չի ընդունել

Մարինե Պետրոսյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ: Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): 

Ինչպես տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից, Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել այն մասին, որ իր ստանձնած պարտականությունները կատարել է շատ լավ եւ իր աշխատած ժամանակահատվածում կազմել է 260 անտառխախտման ակտ, իսկ երկու անձի նկատմամբ, իր կազմած ակտերով, քրեական գործ է հարուցվել: Նա դատարանում ասել է, որ 162 հատ հատած ծառերի դեպքն իր համար անհասկանալի է. «Իմ պահպանության տակ գտնվող տարածքը կազմել է 700 հեկտար, որն ունի անհարթ ռելիեֆ, երեք ճանապարհ, որից երկուսը Հաղարծին գյուղի ուղղությամբ է իջնում, իսկ մյուսը` դեպի Իջեւան: Բանավոր, պարբերաբար, տեսուչ Սպարտակ Ստեփանյանից պահանջել եմ տրանսպորտ կամ ձի, սակայն ո՛չ տրանսպորտ, ո՛չ ձի, ո՛չ էլ տրանսպորտի գումար չի հատկացվել: Իմ աշխատաժամանակը սահմանափակվում էր ամեն օր ժամը 9:00-ից մինչև 18:00-ն, իսկ շաբաթ եւ կիրակի օրերը օրենքով հանգիստ է եղել: Ոչ աշխատանքային օրերին իմ պարտականությունները ստանձնել է տեսուչ Սպարտակը: Հանձնման-ընդունման արձանագրության տակ ստորագրել եմ, սակայն փաստացի հանձնում-ընդունում չի կատարվել»,-դատարանում հայտարարել է ամբաստանյալը:

2015թ. մարտի 5-ին, ըստ Պետրոսյանի, իր պատասխանատվության տակ գտնվող պահաբաժնում ստուգումներ են իրականացրել ինքը, Սպարտակ Ստեփանյանը, Ռուսլան Հարությունյանը, Հրաչիկ Ավետիսյանը, Աշոտ Սարգսյանը եւ Տիգրան Հովսեփյանը: Բաժանվել են երկու խմբի, մեկ ժամում ստուգել են 200 հեկտար տարածք, որի արդյունքում հայտնաբերել են 14 հատ տարբեր տեսակի հատած ծառեր: Դրանից հետո իրեն զանգել եւ հայտնել են, որ իր պահաբաժնում հանձնաժողովի անդամները նորից ստուգումներ են իրականացնում, եւ ինքը հիվանդության պատճառով չի կարողացել ներկա գտնվել: Հիվանդության վերաբերյալ տնօրենին, իր ասելով, տեղեկանք է ներկայացրել:

Դատարանում վկայի կարգավիճակով հանդես են եկել նաեւ Դիլիջան ազգային պարկի աշխատակիցներ՝ Պետրոսյանի որոշ պնդումներ հերքելով, որոշները՝ հաստատելով, եւ որ հետաքրքիր է՝ նրան համարել լավ աշխատող: Գործով վկա Սպարտակ Ստեփանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ամենաշատ արձանագրությունները տեսուչներից Մարինեն է կազմել: 

Մարինե Պետրոսյանը ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանի կողմից սահմանված 5-օրյա ժամկետում հայտնաբերել է անտառախախտների մի մասին եւ ապօրինի հատած գրեթե 90 ծառի համար կազմել է 8 հատ անտառախախտման արձանագրություն, որոնք ստրորագրված են Մարինեի, անտառախախտների եւ Հաղարծին տեղամասի մասնաճյուղի պետի օգնական Ռուսլան Հարությունյանի կողմից:

Կազմված անտառախախտման արձանագրությունները, որոնց դեռևս ընթացք չէր տրվել, ըստ դատական նյութերի, խաբեության միջոցով ինժեներ Սարգսյանի աշխատասենյակից հափշտակվել է Մարինե Պետրոսյանի կողմից: ՊՈԱԿ-ը դիմել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին, եւ գործին տրվել է համապատասխան ընթացք:

Մեղադրանքը ճիշտ էր մասնակի

Վերլուծելով գործի նյութերը՝ դատարանը որոշել է, որ Մարինե Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է մասնակիորեն: Այն համապատասխանում է ոչ թե Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ, այլ նույն հոդվածի 1-ին մասին (Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):

Ամբաստանյալի գործողությունների կամ անգործության հետևանքով մարդու մահ չի պատճառվել, իսկ ծանր հետևանքի վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինը որևէ նշում չի արել, մեղադրանքի հիմքում որևէ փաստական հանգամանք չի դրել: 
Տվյալ դեպքում ամբաստանյալի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանն անզգուշությամբ պատճառվել է 3 միլիոն 349 հազար ՀՀ դրամի նյութական վնաս, որը տվյալ հոդվածի իմաստով էական վնասի սահմաններում է:

Ինչ վերաբերում է ամբաստանյալի ցուցմունքի այն մասին, որ իր պահպանությանը հանձնված տարածքում ապօրինի անտառհատումներ չեն եղել եւ 162 ծառ հատվելու փաստին չի հավատում, ապա դատարանը դա հերքված է համարել արտահերթ ստուգողական ստուգումների արդյունքում հանձնաժողովի կողմից կազմած ակտով, Մարինե Պետրոսյանի մասնակցությամբ ստուգման առաջին օրը հայտնաբերված հատված ծառերի կոճղերով, նրա մասնակցությամբ նույն տարածքում կատարված դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ, գործով վկաների ցուցմունքներով: 

Մեղմ ու վերադաստիարակող

Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա խնամքին ունի մինչև 14 տարեկան մեկ երեխա, նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական: Գործում ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: 
Վերլուծելով գործի նյութերը, հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսդրության վերը նշված պահանջներն ու Մարինե Պետրոսյանի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները, դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանքի ձեւով, որը բավարար կլինի նրա ուղղման ու վերադաստիարակման համար:

Մարինե Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դատավոր Զոյա Զաքինյանի վճիռը չի բողոքարկելու:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter