
«Ձեր նյութի վերնագիրը դրեք՝ Նարեկի դպրոցի վերջը»,- ասում է դպրոցի տնտեսվարը
Արարատի մարզի Նարեկ գյուղի միջնակարգ դպրոցը մուտքից տեսնողները դժվար թե կարծեն, որ ներսում ավերակ է: Դպրոցի մուտքի կողմից երևում են վարդագույն տուֆից պատերը, փայլուն թիթեղյա նոր տանիքն ու մետաղապլաստե պատուհանները: Նման տեսարանից հետո դժվար թե ինչ-որ մեկի մտքով անցնի, որ այդ շենքի ներսում 137 աշակերտի կյանք վտանգված է: Նման տպավորություն նաև մենք ունեցանք, երբ կանգնեցինք դպրոցի մուտքի առջև: Բայց բավական է մտնել դպրոցի պատերից ներս կամ գնալ շենքի հետնամաս՝ պատկերն անմիջապես կփոխվի:
Մեր այցելության պահին դպրոցի տնօրենը տարածքում չէր: Ուսմասվարի հանձնարարությամբ դպրոցի շենքային պայմանները ներկայացրեց տնտեսվար Մանուկ Պողոսյանը: Վերջինս երկար տարիներ աշխատում է այստեղ և դպրոցի մասին գրեթե ամեն ինչ գիտի:
«Ձեր նյութի վերնագիրը դրեք՝ Նարեկի դպրոցի վերջը»,-ասում է Մանուկ Պողոսյանը: Պատմում է, որ 2009թ. մասնակի փոխվել են դպրոցի պատուհանները, իսկ 2011թ. դարձյալ մասնակի տանիքն են փոխել: Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով:
Դրանից հետո գրեթե ամեն տարի խոստացել են, որ դպրոցը կապիտալ կվերանորոգվի, սակայն մինչ օրս ուսուցչական անձնակազմն ու աշակերտները սպասում են այդ խոստումների իրականացմանը:
«Հույս տվել են՝ թե՛ մարզպետարանից, թե՛ Երևանից, ասել են՝ կգանք կվերանորոգենք, բայց չկան: Անցյալ տարի էլ են եկել, ասել, այս տարի դեռ չեն եկել, բայց մինչև հիմա չեն վերանորոգել»,-ասում է Մ. Պողոսյանը:
Դպրոցի առաջին հարկից արդեն հասկացվում է, որ այնտեղ առանց վախի նորմալ դաս անցկացնել գրեթե անհնար է: Երկհարկանի շենքի հիմնասյուներն առաջին հարկից մինչև վերջ լայն ճաքեր ունեն, ինչը թուլացնում է շենքի սեյսմակայունությունը: Լայն ճաքեր են առաջացել նաեւ դասասենյակների պատերին, ինչի պատճառով դրանք պինդ հպման դեպքում շարժվում են:
Տնտեսվարն ասում է, որ գյուղը սեյսմիկ գոտում է, եթե թույլ ցնցում լինի, շենքը չի դիմանա, և իրական վտանգ կստեղծվի երեխաների կյանքի ու առողջության համար: Մանուկ Պողոսյանի խոսքերով՝ երբ երեխաները երկրորդ հարկում վազում են, ներքեւում ցնցում են զգում: Պողոսյանը պնդում է՝ կոսմետիկ վերանորոգումները դպրոցը չեն փրկի, հիմնանորոգում է պետք:
«Մեր դպրոցը հիմքից վերանորոգման կարիք ունի: 30 տարի առաջ է կառուցվել, բայց ոչ մի անգամ չի հիմնանորոգվել: Բացի պատուհանների ու տանիքի մասնակի վերանորոգումից, դպրոցում ոչինչ չի արվել»,-նշում է Մ. Պողոսյանը:
Դպրոցի սանհանգույցները գրեթե չեն գործում: Մանուկ Պողոսյանը պատմեց, որ ինչ-որ կազմակերպություն տարիներ առաջ վերանորոգել է, սակայն անհաջող և այժմ չեն կարողանում պատշաճ օգտագործել: Դրանցից երկուսի դռները փակել են, որովհետև շահագործել հնարավոր չէ:
Շենքի ներսի որոշ հատվածներում առաստաղի ծեփերի մի մասը պոկված-կախված է և ցանկացած պահի կարող է ընկնել աշակերտների վրա:
Փոխված չեն էլեկտրական լարերը: Դպրոցի զգալի մասում վարդակները չեն աշխատում:
Մանուկ Պողոսյանն ասաց, որ դասասենյակները ջեռուցվում են էլեկտրական սալիկներով: Որտեղից որ պետք է սալիկը միանա, վարդակները վերանորոգել են, լարերը՝ փոխել, մնացածը վատ վիճակում է: Եթե ցանկանան միջոցառում անել, առաջին հարկում որևէ գործող վարդակ չեն գտնի, որ կարողանան էլեկտրականություն ստանալ:
«Մարդը որ հիվանդ է, ինչքան ուզում ես թանկանոց հագուստ հագցրու, էն չի: Նույնը սա է, պետք է զրոյից ամեն ինչ փոխվի»,-ասում է դպրոցի տնտեսվարը:
Երբ շրջում էինք դպրոցի ներսում, դասասենյակներից մեկում ֆիզկուլտուրա էին պարապում: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Էմին Գևորգյանն ասաց, որ մարզադահլիճում հնարավոր չէ դաս անցկացնել, ոչ մի պայման չկա:
«Դահլիճը շատ անմխիթար վիճակում է, ոչ մի հնարավորություն չկա: Իսկ ուսման որակն էլ՝ ըստ հնարավորության չափի, պահում ենք»,-ասաց Էմին Գևորգյանը:
Նա պատմեց, որ երբ երեխաները դահլիճում են պարապում, փոշու մեջ կորում են: Հատակը քանդված է, անհարթ և չի կարողանում գնդակի հետ աշխատելու կանոնները սովորեցնել: «Բասկետբոլ խաղալու համար գնդակը խփում ես գետնին լրիվ այլ կողմ է թռչում, հատակը անհարթ է»,-ավելացնում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Բացի այդ, դահլիճը չի ջեռուցվում:
Ֆիզկուլտուրայի դասերը շատ թե քիչ բնականոն հունով անցնում են միայն բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, երբ հնարավոր է լինում դրսում պարապել: Բայց դա էլ բավարար չէ, քանի որ ծրագրով նախատեսված պարապմունքներ անցկացնելու համար գույք չունեն, օրինակ՝ մագլցող պարան:
Ըստ Արարատի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության՝ Նարեկ գյուղի դպրոցի պատուհանները փոխելու համար գումար է հատկացվել 2011թ.՝ 14 մլն 610 հազար դրամի չափով: Այդ աշխատանքները վստահվել են «Շեն տանիք» ՍՊԸ-ին: Տանիքի մասնակի փոխման վերաբերյալ տեղեկատվություն չկա:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել