HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Քաջարանի նորընտիր քաղաքապետը սրճարան ունի, լցակայան ու այլ բիզնեսներ

Սեպտեմբերի 18-ին Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար ընտրված Մանվել Փարամազյանը, պարզվում է, նաեւ գործարար է, քաղաքապետարանի իրավաբանը լինելուն զուգահեռ՝ 2012 թվականին, ձեռնարկատիրական գործունեություն է սկսել:

Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների առիթով թիվ 38 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում Քաջարան համայնքի ղեկավարի թեկնածու Մանվել Փարամազյանը հայտարարագրել էր 5 միլիոն դրամ չափով շահույթ, որի դիմաց նշված է՝ «իմ մասնավոր ձեռնարկատիրությունից»:

«Հետք»-ի հետ զրույցում Մանվել Փարամազյանը պարզաբանեց, որ խոսքը բենզալցակայանի, սրճարանի, ավտոլվացման եւ ավտոտեխսպասարկման կետերի մասին է, որոնք գործում են 2012 թվականից, Քաջարան քաղաքի Գետափնյա 4 հասցեում տեղակայված շենք-շինությունում: Նշված՝ հայտարարագրված 1200 քմ մակերեսով շենք-շինության սեփականատերը Փարամազյանն է: Նրա խոսքով՝ տարածքը նախկինում այլ սեփականատեր է ունեցել, եղել է անբարեկարգ, եւ ինքը գնելով, նոր շենք է կառուցել, տարածքը բարեկարգել:

Հարցին՝ ի՞նչ միջոցներով է բիզնես սկսել, Մանվել Փարամազյանը պատասխանեց. «Չեմ կարող պատասխանել էդ հարցին: Էսօր պետք է մտածենք, թե ինչ ներդրումներ անենք, ժողովրդի բարեկեցության մասին մտածենք, ոչ թե՝  ով ինչ միջոցներից է ներդրումներ անում»:

Հարցին՝ ինչպե՞ս եք համատեղելու քաղաքապետի պաշտոնն ու գործարարի պարտականությունները, Քաջարանի նորընտիր քաղաքապետը պատասխանեց. «Կան համապատասխան մարդիկ՝ իմ ընկերները, ովքեր կզբաղվեն իմ բիզնեսներով: Ես զբաղվելու եմ բացառապես համայնքի խնդիրներով»:  

Մանվել Փարամազյանը 39 տարեկան է: Քաջարանի քաղաքապետարանի կայքում նշված է, որ նա կրթություն է ստացել Գորիս քաղաքի «Սյունիք» համալսարանում, ստացել իրավաբան իրավագետի որակավորում: Քաջարանի քաղաքապետարանի արդեն նախկին իրավաբանի ռեզյումեի մեջ նշված է, որ Մանվել Փարամազյանը օտար լեզուներից տիրապետում է ռուսերենին, այդ լեզվով կարդում է եւ կարող է բացատրվել:

Սյունիքի մարզի լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Փարամազյանը Քաջարանի Սուրբ Հակոբ եկեղեցու վերանորոգման հովանավորներից է: Նա եւ ընկերները 10 միլիոն դրամ են հատկացրել կառույցի վերաշինման, նրա տարածքի բարեկարգման եւ կանաչապատման գործին:

Մանվել Փարամազյանը, հիշեցնենք, Քաջարանի քաղաքապետ է ընտրվել սեպտեմբերի 18-ին: Լինելով անկուսակցական, հանդես գալով ինքնառաջադրմամբ, չունենալով մրցակից՝ Փարամազյանը ստացել է 3983 քվե: Նա դեռեւս քաղաքապետի լիազորությունները չի ստանձնել: 

Մեկնաբանություններ (1)

Կարինե
Արդար քվե ստացած պարզ ու ճիշտ մարդ է , ինչ ունի հայտարարագրում նշված է , դրանից այն կողմ եզրակացություններ մի արեք ու Ձեզ ինչ մարդ ինչ ունի , կամ ինչ չունի, հիմի ինչ եք փորփրում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter