Կիրակի, 23 սեպտեմբերի

Պատանի Միշոն գերեզման մաքրելով պահում է իրեն ու հիվանդ հորը


Կոտայքի Նոր Գեղի համայնքում ձյունը տեղ-տեղ մնացել է խոտերին: 14-ամյա Միքայելը՝ Միշոն, այդպես է հայրը դիմում որդուն, ձնագունդ է սարքում և լսում մեր զրույցը:

«Կտեսնե՞ս էն բուդկեն, ա՜յ էնտեղ, երևում ա (ձեռքը երկարելով՝ ցույց է տալիս Սերգեյ Պետրոսյանը- հեղ.), 5 տարի էդտեղ ենք մնացել»,- սա ասելուց հետո շրջվում է, մոտենում տնակի մոտ դրված նստարանին: Ես դեռ նայում եմ ցույց տված ուղղությամբ: Միշոն էլ է նայում:

Արևի ջերմությունը, կարծես, մի բուռ դառած, իջել է ուղիղ նրանց բակի շան վրա: Շունը հանգիստ է, ուշադրություն չի դարձնում եկող-գնացողներին, փոխարենը անընդհատ շարժվում է սև կատուն: Մի քանի վայրկյան լուռ նստում ենք: Լռությունն առաջինը ես եմ խախտում, հարցնում եմ մարտական ուղուց:

Սերգեյ Պետրոսյանը ծնվել, մեծացել է Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում: Պատմում է, որ 1988-ին հայերի հանդեպ վերաբերմունքը վատացել էր, ու հնարավոր չէ բացատրել, թե ինչպես էին վերաբերվում հայ կանանց: Սերգեյի ընտանիքը տեղափոխվել է Վրաստան՝ Ախալցխա, իսկ ինքը 4 ընկերների հետ եկել է Հայաստան՝ կամավորագրվելու:

«Միշո, մարտական ուղու թուղթը բեր»,- դիմում է որդուն: Տղան բերում է թղթերը, միասին նայում ենք, հետո Սերգեյը հայացքը թեքում է: Մասնակցել է Ազատի, Կամոյի, Գետաշենի մարտերին: 1991-ին գլխից վիրավորվել է: «Տաք էր, երևի ամառ էր, էլի»,- կարճ ներկայացնում է նա:

Առհասարակ տարեթվերը դժվարությամբ է հիշում, գործողությունների մասին չի պատմում: Հուսահատության թանձր շղարշ է, կարծես, իջնում: Սերգեյը ծանր է շնչում թոքերում կուտակված ջրի պատճառով: Հիմա քայլելն էլ է դժվարացել: Սա շշուկով է ասում, որ Միշոն հանկարծ չլսի:

«Չգիտի, որ հիվանդ եմ, մտածում ա՝ կլավանամ»,- խզված ձայնով բացատրում է Սերգեյը: Միքայելը 8-րդ դասարանում է սովորում: Բյուրեղավանում գիշերօթիկ դպրոց է հաճախում: Շաբաթ-կիրակի օրերին է գալիս հոր մոտ, բայց հիմա, երբ հայրը հիվանդ է, ավելի հաճախ է գալիս: «Միշոն է աշխատում հիմա, ես չեմ կարողանում»,- Միքայելին նայելով՝ ասում է հայրը:

Միքայելի հետ տնակն ենք նկարում: Ծանոթներից մեկն է ժամանակավոր տրամադրել: Սենյակում երեք չաշխատող սառնարան կա, մի քանի դեղեր սառնարանին, վառարան, մահճակալ... Միշոն բռնքամարտի է գնում, երազանքների մասին չի խոսում: Տրամադրությունը փոխելու համար հարցնում եմ, թե, օրինակ, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին կուզեր հանդիպել, հայացքը միանգամից փոխվում է, գլուխը բարձրացնում է, նայում է ինձ ու ժպտում: «Դպրոցական արձակուրդներին էլ է աշխատում գարաժում, Ռուսաստանից եկող մեքենաները որ դատարկում են, մաքրում է ներսը, գերեզմանոցն է մաքրում, էդպես, հիմա ինքն է ինձ պահում»,- պատմում է հայրը: Միշոն համաձայնում է հոր ասածներին, ասում է, որ իր համար դժվար չէ աշխատելը: Մի հարուստ մարդու հարազատի գերեզմանն է մաքրում, ամսական 30.000 դրամ են տալիս:

Սերգեյն ասում է՝ չի ուզում, որ որդին չարչարվի, ուզում է, որ լավ արհեստավոր դառնա, որ միշտ գործ լինի ձեռքին: Մոտ 10 տարի Սերգեյը բնակվել է Ախալցխայում, զինվորական է եղել ռուսական ռազմաբազայում (գտնվում էր Ախալքալաքում), ենթասպա էր: Այդտեղ էլ ծանոթացել է կնոջ հետ, ով կիսով չափ վրացի էր: Նա ևս ենթասպա էր:

Ախալցխայից Հայաստան գալուց հետո ժամանակավոր կացարաններում են ապրել: «Թափառել ենք Արզնիում, Բյուրեղավանում, որոշ ժամանակ մնում էինք Արզնիի զավոդում»,- շարունակում է Սերգեյը՝ գետնին նայելով: «Ափսոսում եմ, որ կինս չկա…»,- թավ հոնքերը հավաքվում են, դեմքին դարսված կնճիռներն ավելի են շատանում: Կինը 2010-ին գլխուղեղի կաթված (ինսուլտ) է ստացել, ասում է՝ շատ բան փոխվել է նրա մահից հետո: Դուստրը հիմա բնակվում է մայրական տատի մոտ՝ Ախալցխայում:

«Մեկ-մեկ հարցնում են ինձ՝ բա ինչի՞ աղջիկդ քեզ հետ չի ապրում, բերեմ որտե՞ղ ապրի»,- ասում է ու ցույց տալիս միսենյականոց տնակը, որտեղ հազիվ տեղավորվում են ինքն ու որդին. «Ես չեմ ուզում, որ Միշոն էստեղ մնա: Էստեղ ուրիշ բան չկա, հասկանո՞ւմ ես, առավոտը ՝ հո-հո-հո-հո, իրիկունը՝ հո-հո-հո-հո, կովերի հետևից են գնում: Մնա էստեղ, ի՞նչ անի»: Միքայելը մեզ ուշադիր լսում է, բայց չի միջամտում: Միայն իրեն ուղղված հարցերին կցկտուր պատասխաններ է տալիս ու ժպտում:

Մի բաց նյարդ անընդհատ շարժվում է Սերգեյի խոսքերում: Ասում է, որ տարիներով այգիներում աշխատել է օրական 1000-2000 դրամով, հարևաններն էլ գիտեն, երեխեքին երբեք սոված չի թողել, ամեն ինչ արել է: «Հիմա՞… Հիմա հասել եմ էս վիճակին, որ Միշոն ա օգնում ինձ»,- սա ասելուց աչքերը կարմրում են, գլուխը թեքում է:

«Դժվարությունները… Հեշտ եք ասում, է՜: Մի 8 տարի առաջ եմ անձնագիր ստացել, մինչև էդ անձնագիր չէին տալիս, Միշոյի ծննդականն էլ հազիվ ստացա»,- ասում է Սերգեյը:

Մենք Միշոյի հետ նկարներ ենք անում, հետո երկուսին եմ նկարում: «Հիմա կասեն պապ ու թոռ ենք, չէ՞»,- ժպտում է հայրը: «Քանի՞ տարեկան եք»,- հարցնում եմ: «62 տարեկան եմ, բայց երևի մինչև թոշակիս տարիքը սաղ չեմ լինի»,- սա դարձյալ շշուկով է ասում:

Սերգեյը պատմում է, որ մեկ ամիս է, ինչ անհասկանալի պատճառներով, սոցիալական նպաստից զրկվել են, 24.000 դրամ էին ստանում: Հոկտեմբեր ամսվա նպաստը փոստում աշխատող կինը չի տվել՝ ասելով, որ Պետրոսյանների անունը հանվել է անապոհովության ցանկից: «Բա եթե անտունին չի հասնում էդ նպաստը, էլ ո՞ւմ են տալիս»,- հարցնում է Սերգեյ Պետրոսյանը:

«Եղանակը ցրտեց, չէ՞, սպասեք մի բաժակ թեյ խմենք, մեզ էսպես մի նայեք, էլի»,- ասում է նա: Հակադարձում եմ՝ Երևան պիտի վերադառնամ, երթուղայինին պիտի հասնեմ:

Մինչև գերեզմանոցի մոտ Սերգեյն ուղեկցում է ինձ: Ճանապարհին եմ իմանում, որ թոքի քաղցկեղ ունի: 3 ամիս առաջ Աբովյանում բժիշկն է ասել, բայց չի ուզում, որ որդին իմանա. «Գիտեմ, որ էդ հիվանդությունից դժվար է փրկվելը, ոչ մի բան էլ չեմ անում, ինչքան կապրեմ՝ կապրեմ»: Ես այլևս հարցեր չեմ տալիս: Այդ պահին եմ հասկանում այն բաց նյարդը, հուսահատության այն խորը շերտերը, որ աղյուսների պես շարվում էին մեր զրույցում: Հիմա որդու ապագայի մասին է մտածում:

Հասնում ենք այն «բուդկային», որտեղ 5 տարի ապրել են: Սերգեյը հեռվում ցույց է տալիս իր տնկած ծառերը, ասում է՝ տես, թե ոնց են մեծացել: Գերեզմանոցի ճանապարհով իջնում ենք, ասում է՝ սպասի զանգեմ ծանոթ տաքսիստիս, քեզ քաղաք տանի, ասում եմ՝ չէ, գյուղում նկարներ պիտի անեմ (սա ասում եմ, որ չպնդի իր ասածը), հետո ավելացնում է, թե նայի, որ հասնես Երևան, կզանգես, որ հանգիստ լինեմ: Երկուսս ժպտում ենք, արևի մի շող ընկնում է նրա դեմքին: 


Գլխավոր էջ

Այս թեմայով

... կարդացեք ավելին «Աղքատություն» թեմայով
Մեկնաբանություններ (2)
1. Սիրարփի Առուստամյան09:00 - 9 նոյեմբերի, 2016
Հարգելի Հետք, օրերս լսեցի ռադիոյով, որ անապահով ընտանիքների երեխաներին արհեստներ սովորեցնելու ծրագիր կա, սակայն մանրամասները չգիտեմ: Արդյո՞ք հնարավոր չէ այս երեխային էլ ընդգրկել, ծնողն էլ ավելի հանգիստ կլինի: Իսկ ինչ վերաբերվում է նպաստին, ապա տեսնես ովքե՞ր են ընդգրկված ցուցակներում, եթե նման մարդիկ դուրս են մնացել:
2. անանուն10:40 - 15 նոյեմբերի, 2016
Շիտակ, պարզ ու տխուր դեմք ունի, իսկ տղան իսկական հրաշք՜, բայց էլի տխուր ... ,,Հետքին,, խնդրում եմ հենց այստեղ գրել մարդու Ճիշտ անունը, ազգանունը, հասցեն (ըստ անձնագրի) Եւ ամենակարեւորը՝ հեռախոսի համար, (որով կարելի իրեն ՍՄՍ - ով փոխանցման կոդ ուղարկել:) Ես հարուստ մեկը չեմ, սակայն նրան մի քիչ օգնելը ինձ համար պարտք եմ համարում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։