HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում ամենահարուստներն ավելի են հարստացել, ամենաաղքատներն՝ աղքատ էլ մնացել

2015 թվականին Հայաստանի տնտեսության աճի տեմպը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 3%-ով, ինչը բավարար չէ երկրում աղքատության մակարդակի նվազման համար: 2015-ին աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոփոխվել, նախորդ տարվա համեմատ այն նվազել է միայն 0.2 տոկոսային կետով (30.0%-ից 29.8 %):

2015-ին, ինչպես և նախորդ վեց տարիների ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը դեռ գերազանցել է 2008-ի աղքատության մակարդակը (27.6%): Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» հրապարակման տվյալները։

2015-ին Հայաստանում աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 310 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` 60 հազար մարդ: 29.8% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 8.4%-ը շատ աղքատ է (առանց ծայրահեղ աղքատների), իսկ 2.0 %-ը՝ ծայրահեղ աղքատ, մնացած 19.4%-ը՝ ուղղակի աղքատ է:

Հայաստանում աղքատության մակարդակի վերաբերյալ զեկույցում հետաքրքիր փաստերը շատ են։  Դրանցից առավել ուշագրավներից մեկը վերաբերում է սպառման ծավալներին, որոնք ուղղակիրոն ցույց են տալիս, որ Հայաստանում ամենաաղքատները համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո մնացել են նույն մակարդակում կամ հետընթաց են ապրել,  իսկ ամենահարուստներն ավելի են հարստացել։

Այսպես, ԱՎԾ-ն արձանագրում է, որ ազգային մակարդակով, 2008-2015թթ. սպառման աճ չի նկատվել ամենաաղքատ (առաջին դեցիլի) բնակչության մոտ, իսկ աննշան աճ գրանցվել է երրորդ դեցիլի բնակչության մոտ (0.1%՝ յոթ տարվա ընթացքում):  Նրանք երկրի ամենաաղքատ խավն են։ Սպառման ծավալների աճ չարձանագրվելն ուղղակիորեն նշանակում է, որ նրանք այս տարիներին առաջընթաց չեն ապրել՝ 2015-ին նույնքան աղքատ են եղել, որքան  2008-ին էին։ Ավելին՝ շատ հնարավոր է, որ ավելի են աղքատացել։

Իսկ առավել ամենամենահարուստներն ավելի են հարստացել։ Դրա մասին էլ վկայում է այն, որ նշված ժամանակահատվածում սպառման աճ է նկատվել մնացած բոլոր դեցիլային խմբերում, իսկ ամենաբարձր տեմպը գրանցվել է տասներորդ դեցիլի բնակչության մոտ (15.2%)։

«Ճգնաժամից ամենից շատ տուժել է ամենաաղքատ առաջին դեցիլային խումբը ք.Երևանում (2.6% անկում) և գյուղական բնակավայրերում (1.8% անկում), իսկ 49 ամենահարուստ 10-րդ դեցիլային խումբն ամենաշատն է շահել ճգնաժամից ք. Երևանում, իսկ Երևանից դուրս` այլ քաղաքներում այն անգամ նվազել է»,- նշված է ԱՎԾ հրապարակման մեջ։

Հավելենք, որ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից: 

2015-ին աղքատության ընդհանուր՝ վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ աղքատության գծերը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար 41 698 դրամ (կամ 87.2 ԱՄՆ դոլար), 34 234 դրամ (կամ 71.6 ԱՄՆ դոլար) և 24 109 դրամ (կամ 50.4 ԱՄՆ դոլար):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter