HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը հավանություն տվեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգի ստեղծմանը

Կառավարությունը հավանություն տվեց ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը հետագայում արդեն կքննարկվի ԱԺ-ում։

Նախարարի փոխանցմամբ՝ այս նախագծերով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ձեռք բերել մարտական գործողություններին մասնակցելու, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ։

Սարգսյանի դիտարկմամբ՝ այս տարվա ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ ծավալուն մարտական գործողություններ սկսվելու պարագայում, հնարավոր չէ այս պահին նախատեսված պետական բյուջեի միջոցներով ողջ ծավալով հոգալ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառվող վնասները և նրանց ընտանիքների կարիքները։ Այդ պատճառով, նախարարը կարծում է՝ անհրաժեշտ է ֆինանսական լրացուցիչ աղբյուրներ և նոր համակարգ։

ՊՆ նախարարը նաև հավելում է, որ նախագահի հանձնարարությամբ արդեն մշակվել և ներկայացվել է նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է ներդնել հատուցման հատուկ համակարգ: Այն կներառի և կհամախմբի պետական և հասարակական աջակցության տարրերը։

Մասնավորապես՝ համակարգի «հենասյունն» է լինելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հատուկ հիմնադրամը, որը կմիավորի թե՛ պետությունից և թե՛ հասարակության տարբեր խավերից ստացվող դրամական միջոցները, կապահովի դրանց պրաֆեսիոնալ կառավարումը և առաջացած միջոցների հաշվին զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցումը։

Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքների անդամներին։ Առաջարկվող հատուցման համակարգը նախատեսված է ներդնել 2017 թվականի հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար։

«Մահվան և առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերելու պարագայում նախատեսված է տասը միլիոն դրամ միանվագ վճարում, երկրորդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում՝ 5 միլիոն դրամ միանվագ վճարում, այնուհետև 20 տարիների ընթացքում ապահովագրական վճար։ Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության պարագայում սպայական անձնակազմին կտրամդրվի 300 հազ. դրամ, ենթասպայակական անձնակազմին 250 հազ. դրամ և շարքային զինծառայողներին՝ 200 հազ. դրամ։ Իսկ երկրորդ կարգի հաշմանդամություն ստանալու պարագայում համապատասխանաբար կկազմեն՝ 200 հազ. դրամ, 150 հազ. դրամ և 100 հազ. դրամ»,-նշեց նախարարը։

Վ. Սարգսյանը նաև հավելում է, որ ըստ այս նախագծի՝ զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու պարագայում սպային կամ նրա ընտանիքին  համապատասխանաբար կհատկացվի 82 միլիոն դրամ, ենթասպային՝ 70 միլիոն և շարքայինի պարագայում՝ 58 միլիոն դրամ։

Հիմնադրամի կողմից հատուցվող միջոցները ձևավորվելու են յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրամաշնորհային վճարներից, հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերումներից և նվիրատվություններից։

Ըստ նախարարի՝ հիմնադրամը կունենա կառավարման համակարգ՝ ՀՀ Կենտրոնական բանկի, կառավարության և հասարակության ներկայացուցիչների ընդգրկմամբ։ Հիմնադրամը նաև կունենա հոգաբարձուների խորհուրդ,  որի գործառույթն է լինելու հիմնադրամի միջոցների պրոֆեսիոնալ կառավարման ապահովումը։

ՊՆ նախարարը վարչապետին խնդրեց հավանություն տալ այս օրենքների նախագծերին և հնարավորության դեպքում ճանաչել անհետաձգելի, որպեսզի մինչ տարվա վերջ հնարավոր լինի ուժի մեջ մտցնել և հաջորդ տարվանից սկսել կիրառել, քանի որ այս նախագծերն արդեն քննարկվել են աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարության, ֆինանանսերի նախարարության և Կենտրոնական բանկի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter