HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դարիջան Կանտելաձե. «Կցանկանայի համագործակցել հայ տեխնոլոգների հետ՝ նոր պանրատեսակների ստեղծման նպատակով»

Դարիջան Կանտելաձեն ասում է, որ կովկասյան տարածաշրջանում լավագույն պանրագործներն ազգությամբ հայերն են: Որպես իր խոսքի ապացույց նշում է, թե խորհրդային տարիներին պանրի արտադրության գաղտնիքներին ծանոթանալու համար անհրաժեշտ էր նախ ավարտել Երեւանի գյուղատնտեսության ինստիտուտի համապատասխան բաժինը, որը տարածաշրջանում միակն էր, հետո փորձառություն անցնել Հայաստանում գործող պանրի գործարաններում: Այն տարիներին Հայաստանում արտադրում էին ԽՍՀՄ-ում սպառվող կապույտ եւ դեղին պանրատեսակների մեծ մասը:

«Ամբողջ Վրաստանում էդ ֆակուլտետն ավարտած երկու հոգի կային, նրանցից մեկը վերջերս մահացավ,-ասում է Դարիջան Կանտելաձեն,-գուցե վրացական պանրի որոշ տեսակներ հռչակված են իրենց համային որակներով, սակայն մեծ թվով վրացի տեխնոլոգներ մենք չունենք՝  ում էլ որ գտնում ենք՝ պարզվում է հայ է: Պանրի իմ փոքրիկ ձեռնարկությունում ի սկզբանե աշխատող երկու տեխնոլոգներն եւս հայեր էին՝ հրավիրված Բոգդանովկայից, որտեղ եւս ժամանակին պանրի գործարան է եղել: Այդ նույն ժամանակ հրավիրված մասնագետ կար նաեւ Ամերիկայից, որ բազմաթիվ տեղեր էր աշխատել: Ինքը որ եկավ, զարմացել էր իմ հայ տեխնոլոգների կատարած աշխատանքի վրա, հարցնում էր՝ որտեղի՞ց եք գտել նրանց»:

Դարիջան Կանտելաձեն ֆերմերային տնտեսություն հիմնել է 1997թ.: Պատմում է, որ այդ տարիներին, երբ Թբիլիսիում խիստ վատացել էին կյանքի պայմանները՝ չկար գազ, լույս եւ ապագայի հույս, ինքը կտրուկ որոշում է կայացրել՝ ամուսնու եւ դստեր հետ մեկնել Ծալկայի շրջանի Սանտա գյուղ եւ զբաղվել գյուղատնտեսությամբ: «Մենք ապրում էինք Թբիլիսիի հեղինակավոր Սաբուրթալո շրջանում: Ես էլ, ամուսինս էլ ունեինք բարձրագույն կրթություն՝ ինժեներ էինք: Ընտանիքս մեծ չէր՝ մեկ աղջիկ ունեինք ու քչից-շատից ապրում էինք, բայց ես որոշեցի, որ պետք է գնալ գյուղ եւ զբաղվել ֆերմերությամբ»:

Ծալկայի շրջանում գտնվող Սանտան հունական գյուղ է, որտեղ ներկայում հիմնականում վրացիներ են ապրում: Դարիջանիի ամուսինը նույնպես հույն է: Սկեսրայրը սկզբում ընդդիմացել է հարսի որոշմանը՝ չհասկանալով, թե ինչպես կարելի է քաղաքաբնակի բարեկեցիկ կյանքը փոխարինել գյուղի ապրելակերպով: «Ես դեռ մանկուց էի սիրում ընտանի կենդանիներ, մինչեւ 9 տարեկան գյուղում եմ ապրել: Գյուղ տեղափոխվելուն սկզբում ամուսինս էլ էր դեմ, բայց ես իրեն համոզեցի,-Դարիջանին ծիծաղում է,-ես սկսեցի հույն բնակիչներից տեղական ցեղատեսակի կովեր ու հորթեր գնել, հետո խաչասերեցի Հոլանդիայից ներկրած ցեղատեսակների հետ: Տարիների ընթացքում իմ ֆերման մեծացավ, եւ ես հիմա 250 կով ունեմ, եղել է ժամանակ, որ թիվն հասել է 300-ի: Մի քանի տարի առաջ էլ պանրի ձեռնարկություն հիմնեցի, սակայն մեծ հզորություն չունենք, մեր արտադրանքն իրացնում ենք միայն Թբիլիսիում»:

Ըստ Դարիջանիի դիտարկումների, Վրաստանում խոշոր ֆերմերային տնտեսություններն այնքան էլ շատ չեն: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում մարդիկ դժվարությամբ են անասնապահությամբ զբաղվում: Չկան նաեւ կաթի վերամշակման եւ պանրի արտադրությամբ զբաղվող մեծ գործարաններ: «Վրաստանում նրանք ովքեր զբաղվում են պանրի արտադրությամբ՝ հիմնում են փոքր հզորության ձեռնարկություններ ու արտադրում երկու կամ երեք տեսակի պանիր,-ասում է Դարիջանին,-այս առումով այն ինչ ես տեսա Հայաստանում, պիտի ասեմ, որ մեզանից շատ առաջ եք»:

Հոկտեմբերի 26-ին, Հանուն գյուղական Եվրոպայի համագործակցության(PREPARE), Վրաստանի քաղաքացիական զարգացման կազմակերպության(CIDA) եւ հայաստանյան «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի աջակցությամբ կազմակերպված սեւծովյան ճանաչողական ճամփորդող աշխատաժողովի շրջանակներում(հոկտեմբերի 23-28), Դարիջանի Կանտելաձեն եւ աշխատաժողովի եւս 15 անդամներ եղան Տաշիրի «Դուստր Մելանյա» պանրի գործարանում:

«Ես անչափ տպավորված եմ,-խոստովանում է Դարիջանին,-նման գործարաններ, նման քանակի պանրատեսակների արտադրությամբ դուք Վրաստանում դժվար թե գտնեք: Տեսեք, ես հիմա փորձում եմ «Ռիկոտտա» եւ «Մոցցարելա» պանրատեսակների տեխնալոգիաները կատարելագործել, փորձում ենք նաեւ «Գաուդա» պատրաստել, սակայն մասսայական արտադրությամբ դեռ չենք զբաղվում: Լիքը հարցեր կան՝ սկսած տեխնոլոգիայից, վերջացրած փաթեթավորումով: Շատ ուրախ կլինեի, եթե հետագայում կարողանայի ձեր պանրագործների հետ համագործակցել՝ նոր պանրատեսակների ստեղծման նպատակով: Ասեմ, որ մենք ձեր նշանավոր ««Լոռի» պանրատեսակն ենք արտադրում շատ վաղուցվանից՝ դա էլ իմ հայ տեխնոլոգների շնորհիվ»:

Զրուցակիցս նշում է, որ երկու անգամ ծրագիր է գրել եւ դրամաշնորհ ստացել՝ տնտեսությունը զարգացնելու նպատակով, բայց դա բավարար չէ: Եվ Հայաստանում, եւ Վրաստանում պակասում է պետական աջակցությունը. «Այդ առումով շատ լավ վիճակում են օրինակ մոլդովացիներն ու էստոնացիները: Մոլդովայում, եթե դու ուզում ես ասենք գործարան կառուցել, ֆերմա ստեղծել՝ պետությունը 50 տոկոս աջակցություն է տալիս, դրա համար էլ զարգացած գյուղատնտեսություն ու սննդարդյունաբերություն ունեն»,-նկատում է զրուցակիցս:

Ինչ վերաբերում է հայերին ու Հայաստանին, Դարիջանիի համոզմամբ հայերն ամեն ինչ անում են՝ սկսելով հիմքից, որն իրեն շատ է դուր գալիս, իսկ վրացիները չգիտես ինչու գործը ձեռնարկելիս՝ սկսում են գագաթից.«Դե տեսեք, մենք ունենք եվրոպական շուկա մտնելու ավելի լայն հնարավորություն, քան դուք: Մենք հասել ենք դրան, բայց մենք եվրոպական պանրատեսակներ չենք արտադրում՝ սա է խնդիրը: Եղավ, որ գործը գագաթից ենք սկսել՝ շուկան կա՝ արտադրանքը չունենք»:

Առաջին լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Паргев
Ok

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter