HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստուգատես՝ թիմի ու նոր մարզչի համար. Հայաստան-Մոնտենեգրո

Այսօր՝ 21:00-ին, Երեւանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ԱԱ-2018-ի ընտրական փուլի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպումը: Ընտրական 5-րդ խմբում թիմերը հակադիր դիրքերում են. Մոնտենեգրոն վաստակած 7 միավորով առաջին հորիզոնականում է, իսկ Հայաստանը, որը 3 խաղում 3 պարտություն է կրել, 0 միավորով եզրափակում է աղյուսակը:

Հանդիպումը կսպասարկի չեխական մրցավարական բրիգադը Պավել Կրալովեցի գլխավորությամբ: Նրան կօգնեն Ռոման Սլիսկովը Սլովակիայից եւ Իվո Նադվորնիկը Չեխիայից: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միրոսլավ Զելինկան Չեխիայից:

Սա առաջին հանդիպումը կլինի երկու թիմերի միջեւ. մինչ այս ոչ ընկերական, ոչ պաշտոնական խաղերում նրանց ճանապարհները չեն խաչվել:

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կողմից նախապես հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից վնասվածք են ստացել դարպասապահ Գոռ Մանուկյանը, կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, ապա նաեւ՝ կիսապաշտպան Դավիթ Մանոյանը: Եթե առաջին երկուսը պահեստային կազմի խաղացողներ են, ապա Մանոյանը վերջին շրջանում լավ մարզավիճակում էր ու կարող էր օգտակար լինել թիմին: Փոխարենը կազմում կլինի թիմի ավագ Մխիթարյանը: Որակազրկված է պաշտպան Գաել Անդոնյանը:

Ահա մեր թիմի կազմը.

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով, «Շիրակ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան» 

Պաշտպաններ

Լեւոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան) 
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան)
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» 
Սերոբ Գրիգորյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Մարկոս Պիզելի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) 
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով, «Մորդովիա» (Ռուսաստան)
Գեղամ Ղադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Վարդան Պողոսյան, «Փյունիկ»

Հանդիպումը կարեւոր ստուգատես է լինելու ոչ միայն մարզասերին հիասթափեցրած հավաքականի, այլեւ Արթուր Պետրոսյանի համար: 

Երեկ կայացած նախախաղային ասուլիսում Պետրոսյանն ու կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը անդրադարձել են հանդիպմանը:

-Գեւորգ, ի՞նչ մարզավիճակում եք, արդյո՞ք ամբողջությամբ պատրաստ եք մասնակցել վաղվա խաղին։

-Մարզավիճակս գնահատում եմ նորմալ, վերջին խաղերին մասնակցել եմ, ամբողջովին պատրաստ եմ խաղին:

-Ինչպե՞ս կգնահատես մրցակցին ու ըստ քեզ ի՞նչ շանսեր ունենք մենք։

-Բնականաբար, գիտենք, որ շատ ուժեղ մրցակցի դեմ ենք խաղում, շատ ամուր պաշտպանություն ունեն եւ շատ լավ հակագրոհում են: Մենք դիտել ենք մարզչի վերլուծությամբ նրանց խաղը եւ արդեն գիտենք, թե ինչպես ենք խաղալու նրանց դեմ: Շանսերը գնահատում եմ հավասար, մենք պետք է նվիրվենք եւ ավելին տանք խաղին, քան կարող ենք:  

-Պարոն Պետրոսյան, անցկացրիք առաջին հավաքը որպես գլխավոր մարզիչ: Ինչպիսի՞ տպավորություններ ստացաք, թիմն ինչպիսի՞ վիճակում էր, եւ կխնդրեի հատկապես մասնավորեցրեք Հենրիխ Մխիթարյանի մարզավիճակը:

-Սկսեմ Հենրիխ Մխիթարյանի մասին հարցից: Նա փայլուն վիճակում է, բավական բարձր տրամադրություն ունի, այնպես որ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ինչ վերաբերում է թիմին, ապա նրանց հիմնական մասին ճանաչում էի, երկու տարի առաջ Բեռնար Շալանդի օգնականն էի: Մեծ պատասխանատվություն է, սակայն, կարծում եմ, ամեն ինչ շատ լավ ստացվեց, տղաները պատրաստ են:

-Ի՞նչ-որ նորություն կա կապված Դավիթ Մանոյանի վնասվածքի հետ: Այս վիճակում, երբ շարքից դուրս է գալիս միջին գծի կարեւոր ֆուտբոլիստներից մեկը, լավ կլիներ փոխարինող գտնել ի դեմս Արթուր Եդիգարյանի, ով հիմա լավ մարզավիճակում է գտնվում:

-Ցավոք, Դավիթ Մանոյանն այս խաղին հաստատ չի մասնակցի, իսկ ինչ վերաբերում է Արթուր Եդիգարյանին, ապա ես նրա խաղը տեսել եմ, նրա հետ խոսել եմ, այնպես որ այս խաղի համար կտրուկ քայլեր անել դեռ պետք չէ, բայց նա մեր տեսադաշտում է:  

-Ձեր կարծիքը մրցակցի մասին: Ի՞նչ ուժեղ ու թույլ կողմեր ունեն, ու ի՞նչ հակախաղ կարող ենք գտնել:

-Իհարկե, հիմա չեմ պատմի: Կարող եմ ասել, որ շատ ուժեղ մրցակից է, այս խաղի ֆավորիտն է, բայց համաձայն եմ Գեւորգի հետ՝ շանսերը 50/50 են եւ մենք անելու ենք ամեն ինչ հաղթանակի հասնելու համար:

-Մրցակցի կազմում կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց կառանձնացնեք:

-Վերջին խաղերը նայելով` կառանձնացնեմ նրանց հարձակման գիծը՝ Բեչիրայ, Յովետիչ: Շատ ուժեղ ֆուտբոլիստներ են թե անհատական, թե թիմային խաղում: Այնուամենայնիվ, թիմն էլ շատ կազմակերպված թիմ է ու շատ բարդ մրցակից մեզ համար:

-Վաղվա խաղում ոչ-ոքին գոհացուցիչ կլինի՞ ձեզ համար, թե՞  նպատակը հաղթանակն է:

-Մենք փորձելու ենք հաղթանակի հասնել, բայց ելնելով վերջին 3 խաղերի արդյունքներից՝ ոչ-ոքին նույնպես առաջընթաց կլինի: Իհարկե տանը հաղթանակը շատ ցանկալի է, սակայն կրկնեմ՝ ոչ-ոքին նույնպես դրական արդյունք կլինի:

-Վերջին տարիներին Հայաստանի հավաքականը պաշտպանողական ֆուտբոլ է խաղում: Հնարավո՞ր է արդյոք Ձեր ղեկավարությամբ ինչ-որ բան փոխվի:

-Ես իմ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ նշել եմ, որ մենք շատ խնդիրներ ունենք ու եթե փորձենք այդ բոլոր խնդիրները միանգամից լուծել, մեծ խնդիրներ կունենանք: Պետք է քայլ առ քայլ առաջ գնանք:

-Նախորդ ասուլիսին նշեցիք, որ Ձեր առաջնային խնդիրը ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը բարելավելն է: Որքանո՞վ դա ստացվեց:

-Իմ կարծիքով մեզ այդ խնդիրը հաջողվեց լուծել, որովհետեւ թիմի մթնոլորտը շատ հանգիստ էր, բոլորն անկաշկանդ էին, ժպտում էին: Կարծում եմ, որ վաղը տղաները ցույց կտան, որ հոգեբանորեն պատրաստ են խաղին:

-Երկրպագուների շրջանում Հայաստանի հավաքականի նկատմամբ վերաբերմունքը փոխվելէ, քանի որ վերջին անգամ Հայաստանի հավաքականը տանը հաղթել է 3 տարի առաջ: Արդյո՞ք դա չի ճնշում տղաներին եւ արդյո՞ք դա չի զգացվելու վաղը:

-Ճնշելը ոչ, բայց կարծում  եմ զգացվելու է: Իրենք էլ են կարդում, իրենք էլ են հեռուստացույց դիտում, կարծում եմ` դա նորմալ է, բայց ամեն դեպքում դա մեր երկրպագուների իրավունքն է: Մենք մեր խաղով կփորձենք ետ բերել երկրպագուներին մարզադաշտ:  

-Բացի Մանոյանից, կա՞ մեկ այլ ֆուտբոլիստ, որի մասնակցությունը խաղին հարցականի տակ է:

-Պետրոս Ավետիսյանը նույնպես վնասվածքի պատճառով չի մասնակցի վաղվա խաղին: Եթե այս կարճ ժամանակում ուրիշ ոչ մի անախորժ բան չպատահի, թիմը կազմ-պատրաստ կներկայանա խաղին:

-Վերջին խաղերում հավաքականը խաղում էր առանց ընգծված հարձակվողի: Վաղը խաղալո՞ւ ենք կենտրոնական հարձակվողով, եւ եթե այո, ապա ո՞վ է հանդես գալու այդ դիրքում:

-Որոշել եմ, խաղալու ենք, բայց նորից չեմ բացելու փակագծերը: Մի բան հաստատ է, որ վաղը` ժամը 9-ին խաղալու ենք (ծիծաղում է): 

Հայտնի է, որ խաղին չի մասնակցի մրցակցի առաջատարներից Միրկո Վուչինիչը, չնայած դա առանձնապես չի նվազեցնում բալկանցիների ուժը:

Այսօր կկայանան նաեւ Դանիա-Ղազախստան, Ռումինիա-Լեհաստան հանդիպումները, որոնք կսկսվեն Երեւանի ժամանակով 23:45-ին:    

Լուսանկարը՝ հավաքականի նախախաղային մարզումից (ffa.am)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter