HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անելիք բանկ»-ն ավելացրել է կանոնադրական կապիտալը. հայտնվել է օֆշորում գրանցված նոր բաժնետեր

«Անելիք բանկ»-ն ավարտել է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գործընթացը: Բանկը հայտնում է, որ բոլոր 405.511 բաժնետոմսերը տեղաբաշխվել են փակ բաժանորդագրությամբ: Համալրումն իրականացվել է բանկի նոր բաժնետիրոջ կողմից, ինչի արդյունքում բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 21,8 մլրդ ՀՀ դրամով:

Հիշեցնենք՝ «Անելիք բանկ»-ի կանոնադրական կապիտալը սեպտեմբերի 30-ի դրությամբ 9,8 մլրդ դրամ էր:  ՀՀ կենտրոնական բանկը 2014 թվականի դեկտեմբերին փոփոխեց տեղական բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն շեմը՝ 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։ Սահմանված պահանջն ուժի մեջ է մտնելու 2017թ․-ի հունվարի մեկից:

«Բաժնետերերի կողմից ձևավորվել է բանկի նոր Խորհուրդ, որում ընդգրկվել են բանկային համակարգում բազմամյա փորձ ունեցող մասնագետներ: Հիմնվելով բանկի նոր բաժնետիրոջ թիմային փորձի վրա` բանկը որդեգրելու է նոր ռազմավարություն` նպատակ ունենալով առաջատար դիրքեր զբաղեցնել ՀՀ բանկային համակարգում: Հիմնվելով լավագույն միջազգային ֆինանսական համակարգերի փորձի վրա` «Անելիք բանկ»-ն առաջարկելու է իր հաճախորդների պահանջմունքներին համապատասխան թարմացված բանկային ծառայությունների տեսականի` համալրված առաջադեմ տեխնոլոգիական լուծումներով»,- այսօր տարածած հաղրոդագրության մեջ հայտնել է բանկը:

«Անելիք բանկ»-ի բաժնետոմսերի հաջող թողարկումը վկայում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա ներդրողների կողմից հետաքրքրվածության մասին, ինչն էլ հնարավորություն կտա առաջիկայում մեծացնել բանկի գործունեության շրջանակները»,- ասել է «Անելիք բանկի» խորհրդի նոր նախագահ Վարդան Դիլանյանը:

Հիմա տեսնենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ով է նորահայտ բաժնետերը:

«Անելիք բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների կողմից՝ որպես փայատիրական կոմերցիոն բանկ:  
1996թ. «Անելիք» փայատիրական առևտրային բանկը գրանցվել է և սկսել է գործել որպես «Անելիք Բանկ» ՍՊԸ: 2007թ. «Անելիք բանկ» ՍՊԸ-ն վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության:

«Անելիք բանկ»-ի միակ բաժնետերը CreditBank S.A.L-ն էր: Սա լիբանանյան բանկ է, որի բաժնետերեըը լիբանանյան ծագման ընկերություններ և անձինք են: Կանոնադրական կապիտալի համալրումից հետո «Ալելիք բանկ»-ում CreditBank S.A.L-ի բաժնեմասը կազմում է 40 տոկոս: Իսկ 60 տոկոսի բաժնետերը Fistoco Ltd-ն է:

Fistoco Ltd-ն նոր ընկերություն է: Գրանցվել է Կիպրոսում 2016թ. հուլիսի 20-ին: Կիպրոսի ընկերությունների ռեգիստրից «Հետքի» ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ Fistoco Ltd-ի միակ բաժնետերը «Անելիք բանկ»-ի խորհրդի նոր նախագահ Վարդան Դիլանյանն է: Թե ինչու է նոր նախագահը որոշել օֆշորային ընկերության միջոցով մուտք գործի «Անելիք բանկ», հայտնի չէ: Հայտնի է, սակայն, այն, որ Վարդան Դիլանյանը ֆինանսական տարբեր կառույցներում աշխատելու մեծ փորձ ունի:

Վարդան Դիլանյանի կենսագրության մեջ նշվում է, որ նա ծնվել է Մոսկվայում: 1994թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, այնուհետև` «Սկոլկովո» Մոսկվայի կառավարման դպրոցը:  2008-2011թթ. աշխատել է  «ԲԻՆ բանկ» ԲԲԸ-ի տարբեր ղեկավար պաշտոններում: 2008թ. նշանակվել է «ԲԻՆբանկ» ԲԲԸ-ի նախագահ: «ԲԻՆ բանկ»-ը մասնավոր ֆինանսական ընկերություն է: 2011թ.-ից  աշխատում է «Ակսենչեր» (Accenture PLC) խորհրդատվական ընկերությունում: Ներկայումս Ակսենչեր» Accenture PLC ներկայացուցչության ղեկավարն է /համատեղությամբ/, Ղազախստանում «Ակսենչեր Թեքնոլոջի Վեչրզ Բ.Վ.» ՍՊ ՓԲԸ մասնաճյուղի տնօրեն, ինչպես նաև` «Ակսենչեր» ՍՊԸ կառավարիչ-տնօրեն «Ֆինանսական ծառայություններ»  գործառնական խմբում:

Բանկի խորհրդի կազմում է հայտնվել նաև մեկ այլ բինբանկցի՝ Մաքսիմ Մորոզովը: Նա էլ «ԲԻՆ Բանկ Ստոլիցա» ԲԸ վարչության նախագահն է:

Կիպրոսյան Fistoco Ltd-ն բանկային բիզնեսում և ընդհանրապես որևէ այլ ոլորտում կենսագրություն չունեցող ընկերություն է:  1000 բաժնետոմսից է բաղկացած բաժնեմասը, որից յուրաքանչյուրի արժեքը մեկ եվրո է: Թե որտեղից է ընկերությունը 21,8 մլրդ դրամ ներդրել «Անելիք բանկում» առանց որևէ գործունեություն ծավալալելու հայտնի չէ, քանի որ Կիպրոսի ընկերությունների ռեգիստրում որևէ նշում չկա: Չկան նաև բանկային վարկերի կամ պարտավորությունների մասին տեղեկություններ: 

Մեկնաբանություններ (2)

Արթուր
Արմեն ջան, եթե կարելի է, կարո՞ղ եք ասել ինչ հատուկ տվյալներ ձեզնից պահանջեցին բանկում հաշիվ բացելիս: Հուսով եմ դա գաղտնիք չէ: Ես ել եմ ID բանկի հաճախորդ և կցանկանայի ավելի շատ իմանալ այս բանկի մասին: Նախապես շնորհակալություն
Արմեն
Անելիք բանկի գոյատևումը խիստ կասկածելի է մի պարզ պատօառով՝ բացի զուտ բանկային գործառույթներից նրանք ստանձնել են նաև հատուկ ծառայությունների ֆունկցիաները։ Վերջերս ցանկացա նշված բանկում հաշիվ բացել, գործակալը ինձանից պահանջեց այնպիսի տվյալներ, որոնք նոյնիս չեն պահանջում հատուկ ծառայությունները։ Իմ դժգոհութանը գործակալը պատասխանեց, որ ինքքը մեղք չունի ,իրենցից պահանջում են։ Ստիպված հրաժարվեցի տվյալ բանկի ծառայությունից և հաշիվ բաց արի այլ բանկում, որտեղ նման տվյալներ չպահանջեցին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter