HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետարանը հերքում է անհերքելին. շահերի բախումը շարունակվում է

Արմավիրի մարզպետարանը պարզաբանում է տարածել «Հետքում» հրապարակված «Արմավիրի մարզպետարանն աչք է փակում համայնքապետերի ու ավագանու ապօրինությունների վրա» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ: Մարզպետարանը չանդրադառնալով կոնկրետ հոդվածում բարձրացված հարցերին` ընդհանրական պարզաբանում է տարածել:

Ըստ դրա՝ մարզպետը սեպտեմբերի 27-ի և նոյեմբերի 3-ի գրություններով մարզի համայնքների ղեկավարներին առաջարկություններ է ներկայացրել իրավական ակտեր ընդունելուց ղեկավարվել բացառապես տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտերի ճիշտ կիրառման պահանջներով: Իսկ համայնքի ավագանու նիստերի օրակարգերում ընդգրկվելիք սոցիալական աջակցության և գույքահարկի զիջման հարցերի շրջանակներում նշված արտոնություններն ու աջակցությունը տրամադրել բացառապես այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների կողմից տրված եզրակացությունների հիման վրա: Բացի այդ, ավագանու անդամը, որպես պարտավորություն, պահպանելով օրենքի պահանջը` չմասնակցի ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին:

Այդ պարզաբանումն ընդամենը մեկ տողով է վերաբերում հոդվածին, այն, որ «մարզի համայնքներում 2016 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում վարչական հսկողության իրականացման ժամանակ Դալարիկ համայնքում տեղ գտած սխալն անհետևանք չի մնացել»: Թե ինչ հետևանքի մասին է խոսքը, ինչու վարչական վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը Դալարիկում չի արձանագրել այն թերությունները, որը «Հետքում» է հրապարակվել, ոչ մի տող չկա:

Նշենք, որ Արմավիրի մարզում արձանագրված նշված թերություններով արդեն զբաղվում է կառավարությունը:

Իսկ մինչ այդ, իրականում ոչինչ չի փոխվել: Մարզպետի գրություններից հետո էլ ավագանու անդամները շարունակում են խախտել օրենքը՝ իրենց իսկ քվեարկություններով հօգուտ իրենց ու մերձավորների, դրամական օգնություններ ու արտոնություններ շռայլել:

Օրինակ՝ մարզպետի համայնքապետերին ուղղված գրությունից մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 31-ին, Արևաշատ համայնքի ավագանին որոշել է սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնել օգնություն՝ յուրաքանչյուրին 30,000 դրամի չափով:

Այդ ցանկում է հայտնվել է նաև ավագանու անդամ Ռոբերտ Կարապետյանի հարսը՝  Ելենա Ասլանյանը: Սկեսրայր ավագանու անդամը մասնակցել է քվեարկությանը և քվեարկել է հարսին համայնքային բյուջեից 30 հազար դրամ օգնություն հատկացնելու օգտին:

30 հազար դրամ օգնություն ստացել է նաև ավագանու մեկ այլ անդամի՝ Ալիսա Բաբլոյանի եղբոր կինը՝ Նարինե Միքայելյանը: Այս դեպքում նույնպես ավագանու անդամը մասնակցել է քվեարկությանը:

Իսկ Հուշակերտ համայնքի ավագանին նոյեմբերի 4-ին որոշել է համայնքային սեփականություն հանդիսացող 0,0107 հա, 12 հազար դրամ կադաստրային արժեքով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը ուղղակի վաճառքի միջոցով օտարել հավագանու անդամ Արտյոմ Ղազարյանին: Ընդ որում, ավագանու 4 անդամներից նիստին մասնակցել են 3-ը, որոնցից մեկը Արտյոմ Ղազարյանն է եղել: Նա, ապահովելով քվորումը, կողմ է քվեարկել, որ հողն օտարվի իրեն:

Հուշակերտի համայնքապետ Սամվել Մխիթարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «շատ պարզ ու «պրիմիտիվ» գործողություն է կատարվել»: Համայնքապետի խոսքերով՝ գյուղի վարչական տարածքում ավագանու անդամ Արտյոմ Ղազարյանն ունի խանութ, գազալցակայան, դրա հարևանությամբ այլ մարդու հողակտոր է: Արանքում մնացել է մոտ 0,0107 հա ազատ հողատարածք, հենց դա է օտարվել ավագանու անդամին:

Հարցին, թե ավագանու անդամ Արտյոմ Ղազարյանն ինչու է մասնակցել իր օգտին կայացվող որոշման քվեարկությանը, Սամվել Մխիթարյանը նախ շփոթվեց, հետո ասաց, որ ավագանու նիստով «կարգավորել են»:

«Նոր նիստ է եղել, նոր որոշում ենք տվել, բայց առանց Արտյոմ Ղազարյանի քվեարկության»,-հավելեց համայնքապետը:

Նմանատիպ օրինակները շատ են և Արմավիրի մարզում համատարած բնույթ է կրում: Դժվար է գտնել մի համայնք, որտեղ շահերի բախում տեղի ունեցած չլինի: Վարչական ստուգում իրականացնելու նպատակով Արմավիրի մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովները «չեն նկատում» դրանք, իսկ վերջում, երբ մամուլը բացահայտում է այն, ինչը պետք է հանձնաժողովը բացահայտեր, մարզպետը գրություն է ուղարկում համայնքապետերին: Ու ամեն ինչ սկսվում է նորից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter