HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը «Հետաքննող լրագրողներ»-ի դիմումի առնչությամբ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 19-ին որոշում է կայացրել հաղորդակցել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության դիմումը Հայաստանի կառավարությանը՝ նրան առաջադրելով հետեւյալ հարցը. «Արդյո՞ք խախտվել է դիմողի արտահայտվելու ազատության, մասնավորապես՝ դիմողի տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու իրավունքը, հակառակ ՄԻԵԿ (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա) 10-րդ հոդվածի պահանջների»:

Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն 2011 թվականին դիմելով ՄԻԵԴ՝ խնդրել էր ճանաչել Հայաստանի Հանրապետության կողմից իր խոսքի ազատության իրավունքի խախտման փաստը այն բանից հետո, երբ երկրի եռաստիճան դատական համակարգում պարտվեց «Իջեւանի քաղաքապետարանն ընդդեմ «Հետաքննող լրագրողների»» դատական գործում: Մասնավորապես՝ իր դիմումում կազմակերպությունը նշել է, որ դատական իշխանությունների կողմից «արտահայտման ազատության իր իրավունքին միջամտությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջների խախտում է, այն նախատեսված չէ օրենքով, չի հետապնդում օրինական նպատակ եւ անհրաժեշտ չէ դեմոկրատական հասարակությունում»:

Ներպետական դատարանները որոշել էին, որ Իջևանի քաղաքապետի և քաղաքապետարանի բարի համբավն արատավորելու համար «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն պետք է հերքում հրապարակի եւ վճարի 450 հազար դրամ՝ որպես հայցվոր կողմի փաստաբանական ծախսերի փոխհատուցում:

Ըստ ՄԻԵԴ-ում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ ներկայացուցիչներ փաստաբաններ Վահե Գրիգորյանի եւ Լուսինե Հակոբյանի` Հայաստանյան դատարաններն անտեսել էին կազմակերպության այն փաստարկները, որ տեղական ինքնակառավարման մարմինը չէր կարող պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջ ներկայացնել: «Հայաստանյան դատարաններն անտեսել էին ներպետական բողոքների այն հիմնավորումները, համաձայն որոնց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ քննադատությունը, նամանավանդ երբ խոսքը վերաբերում է կոռուպցիոն ռիսկեր մատնանշող հետաքննական լրատվական նյութերին, պետք է առավել ընդգծված հանդուրժողականություն դրսեւորեն նույնիսկ այն հրապարակումների նկատմամբ, որոնք կարող են իրենց անարժանահավատ թվալ: Եւ, ի վերջո, հայաստանյան դատարանները եւ պաշտոնատար անձինք պարտավոր են նվազագույն իրավական գրագիտություն ունենալ՝ տարբերակելու համար փաստի վերաբերյալ պնդումը գնահատողական կարծիքից կամ դատողությունից: Այս գործն ակնհայտ դարձրեց, որ դատավորները, ներառյալ բարձր դատական ատյանների անդամ մոտ մեկ տասնյակ դատավորներ ի վիճակի չեն եղել այս գործով տարբերակել կարծիքը փաստի վերաբերյալ պնդումից»,- նշել էին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչները:

ՄԻԵԴ-ը կառավարության իրավական դիրքորոշումը ներկայացնելու համար նշանակել է վերջնաժամկետ՝ 2017թ. փետրվարի 15-ը, դատարանի հարցին պատասխանելու եւ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի դիմումի կապակցությամբ իր ունեցած մյուս բոլոր դիտարկումները ներկայացնելու համար: Կառավարության պատասխանն ու դիտարկումները այնուհետեւ կուղարկվեն «Հետաքննող լրագրողներ»-ին՝ դրանց կապակցությամբ նրա մեկնաբանությունները լսելու եւ արդարացի փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter