HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Լենըրդ Քոհեն. «Ես մտադիր եմ հավիտյան ապրել»

Հոկտեմբերի 21-ից համաշխարհային երաժշտական մամուլի էջերը ողողվել էին քոհենյան երաժշտության ու պոեզիայի հնչյուններով. լույս էր տեսել լեգենդար արտիստի նոր՝ 14-րդ, և ինչպես շաբաթներ անց պարզվեց, վերջին ստուդիական ալբոմը՝ «You Want It Darker» խորագրով հավաքածուն: Պոետիկ, մշտապես սուր հումորով, թավ ու խիտ վոկալի հմայիչ ելևէջներով հայտնի Քոհենը այս անգամ ավելի մռայլ է, մերթ ծանր ու մտահոգ, և կյանքի ու մահվան աղոթքն արդեն սիրո փոխարեն առավել շատ հնչում էր հավատի, առանձին տողերում՝ հստակ հրաժեշտի լեզվով: Ու, ամեն դեպքում, ինպես նրա բոլոր երգերում և բանաստեղծություններում, հոգին ներսում լույսի անսպառ էությամբ լի է:

«Իրականում արտառոց փաստն այն չէ, որ Քոհենը շարունակում է ալբոմներ ձայնագրել,- գրում է UK Telegraph-ը, այլ այն, որ դրանք նույնքան հարուստ են, խոր ու հզոր, ինչպես եղել է միշտ»: Թեև Քոհենի դեպքում հակառակն ակնկալելը անհնարին է:

«Սա Քոհենի նվերն է երաժշտասերներին. իրատեսորեն՝ մռայլ, հոգեպես՝ պայծառ, խորապես բանաստեղծական մի աշխարհայացք, որը հյուսված է ռոմանտիկ ծոպերով ու գոյատևման ակնթարթի թելերով,- գրում է Rolling Stone-ը:

Քոհենին գրեթե պաշտում են նրա ունկնդիրներն ու ընթերցողները. նա բացառիկ խորը հարգանք է ներշնչում այդ մարդկանց զգացողություններում, հարգանք, որն իրականում ապրում է միայն ներսում, որովհետև այդպես են լինում մեծերը: Նրան ունկնդրելիս, առավել ևս կատարումները դիտելիս, սովորում ես երգը ապրել իր ողջ հոգով ու էությամբ:

«You Want It Darker»-ի հայտնության հետ նրա երկրպագուներն ու երաժշտագետներից շատերը ոգևորված խոստովանեցին, որ  բեմական երկարատև ընդմիջումն այնուամենայնիվ հերթական ժամանակավոր դադարն էր, բայց շատ խոսուն ու արդարացված դադարը: Քոհենը մշտապես ներկա էր այդ տարիների ընթացքում և պատրաստվել էր իր «հարազատների» հետ նոր խոսք ու զրույցի: Եվ մարդիկ նորից սկսեցին հուսալ, որ շուտով կրկին վայելելու են նրա պոետիկ երաժշտությունը բեմից: Նրա վերջին շրջագայությունը, որը 2008-2010 թվականներին էր, աշխարհագրական հսկա տարածքներ էր ընդգրկում:

Բայց Քոհենն այլ անակնկալ էր նախապատրաստել…

Նոյեմբերի 11-ին համացանցը Քոհենի նոր անակնկալի մասին իմացավ. «Հայրս Լոս Անջելեսի իր տանը մահացավ խաղաղությամբ ՝ իմանալով, որ նա հասցրել էր ավարտել այն, ինչը զգում էր, որ իր լավագույն գործերից մեկն է,- ասել էր որդին՝ Ադամը,- մինչև իր վերջին պահն էլ գրում էր՝ իրեն հատուկ բրենդային հումորով»:

«Ես պատրաստ եմ, Տեր իմ». ալբոմի համանուն երգում հնչող այս տողերը նա վերջին ամիսներին հաճախ էր ասում: Քոհենը մահացել էր նոյեմբերի 7-ին:

Բանաստեղծ, արձակագիր, երգահան և երգիչ Լենըրդ Քոհենը 6 տասնամյակ ընդգրկող իր գործունեությամբ խորը հետք թողեց և՛ երաժշտության, և՛ պոեզիայի աշխարհում: Նրա ստեղծագործությունները թեմատիկ առումով ընդգրկուն էին՝ սեր, կյանք, սեքս, հավատ, քաղաքականություն, մարդկային հարաբերություններ, մեկուսացում, կիրք, պարտություն, հաղթանակ, կյանքի ու մահվան փիլիսոփայություն և այլն: 1950-ականներից մինչև 2016 թ. նրա հրատարակած գրքերն ու թողարկած ալբոմները առանձնահատուկ տեղ ունեն ոչ միայն հասարակ ունկնդիրների, այլև գրական-երաժշտական աշխարհի հայտնի անունների ձևավորման մեջ: Քոհենը մեկն էր այն բացառիկներից, ում ստեղծագործությունը ուղղորդում է կողմնորոշվել «ինչ»-ի և «ինչպես»-ի ճանապարհին: Պոետիկ երաժշտություն. այսպես միայն կարելի է բնորոշել նրա ստեղծագործությունը (Այս առանձնահատկությունն է իշխում նաև Բոբ Դիլընի երգերում):

«Երգեր սիրո և ատելության», «Տարբեր դիրքեր», «Գիրք կարոտի», «Հին մտքեր»… բազմաթիվ հիթային և ստանդարտ ամրագրված երգեր, 14 ստուդիական, 8 համերգային ալբոմ, արձակ բանաստեղծություններ և երկու վեպ: Քոհենի ձեռագիրն ու ստորագրությունը անքննարկելի ապացույց է մեր կյանքում նրա մեծության ու առանձնահատուկ ներկայության:

«Մենք կորցրեցինք երաժշտության ամենապատկառելի ու ամենաբեղուն մարգարեներից մեկին»,- հայտնում է արտիստի հետ համագործակցած ընկերությունը:

1998թ. հարցազրույցներից մեկում, անդրադառնալով իր գրական գործունեությանը, Քոհենն ասում է. «Ես ինձ զգում եմ այն արջի նման, որը գայթակղված ձգվում է դեպի մեղրի փեթակը: Ես գայթակղությամբ ուղիղ խրվում եմ մի բանի մեջ, որը համեղ է, բայց նաև սարսափելի: Ես այս ամենի մեջ եմ, իսկ դա այնքան էլ շնորհալի բան չէ. շատ դժվար է, շատ ցավոտ, բայց նաև մի բան է, որից դժվար է ազատվել»:

Առաջին բանաստեղծությունները տպագրվեցին 1954թ. կանադական ամսագրերից մեկում, սակայն մինչ այդ, դեռևս համալսարանական ուսանողի կյանքում արդեն մեծ մրցանակներ կային: Պատանեկության տարիներից գրականության մեջ նրա համար ամենաազդեցիկ անուններն էին Ուիլիըմ Բաթլեր Յեյթսը, Ուոլթ Ուիթմենը, Հենրի Միլլերը և, անպայման, Ֆեդերիկո Գարսիա Լորկան: Քոհենը Լորկա է անվանել իր դստերը՝ ի պատիվ իսպանացի այս մեծագույն պոետի, ում գրականությունից խորապես ազդվում և ներշնչվում էր նա:

Առաջին գիրքը հրատարկվեց 1956թ.՝ «Let Us Compare Mythologies»: Այն ընդգրկում էր Քոհենի բանաստեղծությունները, որոնք հիմնականում գրվել էին 15-20 տարեկանում: Երիտասարդ բանաստեղծն այս գիրքը նվիրել էր հոր հիշատակին, ում կորցրել էր ինը տարեկանում: 1963թ. հրատարակվեց առաջին վեպը՝ «The Favourite Game»: Այս գրքից հետո Քոհենի ստեղծագործական կյանքում հաջորդեցին նորերը՝ երկարատև ընդմիջումներով, իրեն բնորոշ անսպասելի, բայց ալեկոծող հայտնություններով: Դրանցից ամենահայտնիներն էին 1966թ. հրատարակված «Գեղեցիկ անհաջողակները», «Գիրք շնորհակալության»-ը և ավելի ուշ՝ 2006թ., «Գիրք կարոտի» ժողովածուն: Մրցանակներն ու պարգևները, գրականագիտական հարթակներն իրենց բարձր գնահատականներով ուղեկցում էին նրան այս տարիների ընթացքում: Իսկ գրքից գիրք ընդմիջումներն, իրենց հերթին, նշանավորվում էին երգիչ և երգահան Քոհենի հաջողություններով:

Քոհենի մուտքը երգի և երաժշտության աշխարհ սկսվում է 60-ականներից: Այն, որքան էլ պոեզիայից տարբեր, Քոհենի դեպքում` որոշ առումներով, նման տարածք էր՝ հարուստ, էմոցիոնալ ու միաժամանակ ծանր՝ dark, darker: Սակայն հենց այս առանձնահատկությունները ոչ միայն չտեղավորեցին նրան փոքր, բայց բարձրակարգ լսարանում (ինչպես սովորաբար լինում է), այլ հակառակը՝ դուրս բերեցին համաշխարհային մեծ բեմեր: Քոհենը ոչ միայն ճանաչված էր, որովհետև սիրում էին նրա երգերը, այլև հավատում էին դրանց:

1967 թվականին է թողարկվել առաջին ալբոմը՝ «Songs of Leonard Cohen»-ը: Նրա ձայնադարանը տարիների ընթացքում հարստացավ այնպիսի ճանաչված երգերով և հիթային ստանդարտներով, որոնցից են «Suzanne», «Famous Blue Raincoat», «So Long Marianne», «Bird On The Wire», «Dance Me To The End of Love», «I’m Your Man» և, իհարկե, «Hallelujah» երգերը: «Suzanne»-ը ամերիկացի երգչուհի Ջուդի Քոլինզի համար քոհենյան բացահայտումներից մեկն էր, որը նա կատարեց բազմաթիվ անգամ: Ի դեպ, ակումբային ելույթներում, այս երգը կատարելիս մի քանի անգամ ջեմսեյշն-իմպրովիզացիոն փոթորիկներին մասնակցել է նաև Ջիմի Հենդրիքսը:

«Մարդիկ մտածում են, որ Լենըրդի արվեստը ծանր է, մռայլ, բայց իրականում նրա հումորի զգացումն ու հայացքը աշխարհին չափազանց թեթև է»,- ասում է Ջուդի Քոլինզը:  

Քոհենի երգերն ունեցան և մինչ օրս էլ ստեղծվում են հարյուրավոր cover կատարումներ: Քրիս Քրիստոֆերսոնը մի առիթով ասել է, որ նա կցանկանար «Bird On The Wire» երգի առաջին տողերը փորագրվեին իր տապանաքարին՝

Like a bird on the wire,

like a drunk in a midnight choir

I have tried in my way to be free…

«Նա գոյության մեծագույն խնդիրների միջով առաջնորդող երաժշտական հոգի էր, ով երգում էր սիրո, սեքսի, ընտանիքի, մահվան մասին, այս անտարբեր ու անկարեկից տիեզերքում բարոյական կյանքով ապրելու անհնարին թվացող հարցերի մասին»,- գրում է երաժշտական քննադատ Նիլ Մըքորմիքը:

«Մի՛ խաղացեք բառը: Երբեք մի՛ խաղացեք բառը: Երբեք մի՛ փորձեք ձեր ոտքերը պոկել հատակից, երբ խոսում եք թռչելու մասին: Երբեք մի՛ փակեք ձեր աչքերը և մի՛ խոնարհեք ձեր գլուխը, երբ խոսում եք մահվան մասին: Մի՛ ուղղեք ձեր վառվող աչքերը ինձ, երբ խոսում եք սիրո մասին: Եթե ցանկանում եք տպավորել ինձ, սիրո մասին խոսելիս պահեք ձեր ձեռքը գրպանում ու խաղացեք ինքներդ ձեզ հետ: Թե ամբիցիան և ծափահարությունների քաղցն են դրդում խոսել սիրո մասին, պետք է սովորեք՝ ինչպես անել դա առանց խայտառակելու ինքներդ ձեզ և նյութը»:
Լենըրդ Քոհեն (թարգմանությունը` Դիանա Հակոբյանի)

Երբ դեռևս համալսարանական ուսանող Լենըրդ Քոհենը  տպագրության է հանձնում իր առաջին բանաստեղծությունը՝ «Սատանան Վեսթմաունթում», իր սիրելի դասախոսներից մեկին՝ բանաստեղծ Իրվինգ Լեյթընին 19-ամյա գրողն ասում է. « Ես սովորեցրի նրան, թե ինչպես պետք էր հագնվել, իսկ նա ինձ՝ ինչպես ապրել հավերժ»: 

Կարդացեք Քոհենի բանաստեղծությունները հայերեն այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter