HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիայից հեռացած Անդրանիկ Աղաբաբյանի համար հայրենիքում տանիք ունենալը երազանք է

Անդրանիկի ասելով` 4 տարի առաջ Հալեպից Հայաստան գաղթած հայերը 20 հազար հոգուց ավելի են եղել: «Այստեղ մարդիկ նայեցան, որ չեն կարա ապրին, եկամուտ չիկա, իրենց այդ կյանքը չեն կըրնա այդպես շարունակեն: Մի մասը՝ Գերմանիա, մի մասը՝ Հոլանդիա, Բելգիա, Ֆրանսիա գնացին: Բաժանվեցինք»,- պատմեց նա և հիշեց, որ 4 տարի առաջ Աշտարակի ճանապարհի վրա «Նոր Հալեպ» թաղամաս պիտի կառուցեին՝ պատերազմից փախած սիրիահայերի համար. «Կանչեցին մեզի՝ ով ուզում ա, բոլորիս ալ գրանցեցին: Այդ տունը սկիզբը անվճար էին տալու: Վերջը իմացանք, որ փող պետք է վճարենք՝ ատոնք ստանալու համար: Մենք ալ ըսինք` եթե փող ունենանք, կերթանք մենք մեզի տուն կառնենք»,-պատմեց Անդրանիկը:

ՀՀ սփյուռքի նախարարության կայքից տեղեկացանք, որ «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման ծրագիրը ոչ միայն դադարեցված, նաև ձախողված է: 25 մլն. դոլար նախահաշվային արժեքով ծրագրի համար մինչ օրս հավաքվել է 52 մլն. դրամ: Ծրագրի միակ խոշոր նվիրատուն եղել է «Գրանտ- Տոբակո» ընկերությունը, որն էլ ծրագրին նվիրաբերել է 42 մլն. դրամ:

Անդրանիկ Աղաբաբյանի բազմանդամ ընտանիքը վարձով ապրում է Երևանի Արարատյան մասիվ թաղամասի շենքերից մեկում վարձակալած 5 սենյականոց բնակարանում: «Գետնահարկ տուն է: Դուք 1-ին հարկ կասեք, մենք գետնահարկ կասենք»,- բացատրեց նա:

Տան վարձը սպառում է փախստական ընտանիքի հիմնական եկամուտների մեծ մասը. «Հլե աչքդ փակում-բացում ես՝ ամիսը պրծել ա, 90 հազար տան վարձ: Էդի կտաս, հիմա էլ 50-60 հազար կոմինալնիկները կուգան»,- հայտնեց Անդրանիկը:

Իր ամբողջ կյանքում ձեռք բերած ունեցվածքը 70-ամյա Անդրանիկը թողել է իսլամիստ ահաբեկիչների ոճրագործությունների թիրախ դարձած Հալեպում: Հայաստանում նա դժվարանում է ստեղծել ապրուստի նոր միջոցներ: «Ես կաշխատիմ, տղաս կաշխատի, հարսս կաշխատի, երեքով Սուրիայի նման կերակուրներ չենք կըրնալ ուտել: Էնտեղ ամեն օր միսով կերակուրներ կուտեինք, էստեղ չենք կարա ուտենք»,- դժգոհեց նա:

Տան և կոմունալ վարձերը վճարելուց հետո ընտանիքի եկամուտների մնացած մասը  բաժանում են ամսվա 30 օրերի վրա: «Էդ 30 օրը կնայես օրական 2500-3000 դրամ մնացեր ա,  հանկարծ, որ սխալվիս 5 հազար դրամ ծախսես, մյուս օրը սոված կմնաս»,- պատմեց Անդրանիկը:

Հայրենիքում պետության աջակցությամբ սեփական տունն ունենալու հույսեր Անդրանիկը այլևս չի փայփայում: Նա ապրում է հույսով, որ պատերազմը դադարելուց հետո տուն կգնի Հալեպում թողած տան, թանկարժեք ավտոմեքենայի, կահույքի և մնացած գույքի վաճառքից առաջացած  գումարով, այն դեպքում, երբ պատերազմը Հալեպում օրեցօր սպառնալից է դառնում:

«Հիմա խանութս չկա: 146 հազար դոլար տվել էի խանութիս, անցյալ շաբաթ ինտերնետի մեջ ցույց տվեցին, որ սարուխը (ռումբը-Լ.Փ.) ընկել է՝ գետնի հետ հավասարել ա: Չիկա խանութ: Ավտոս էնտեղ ա, 22 հազար դոլար է, ուզեցի էդ ավտոս վաճառեմ, ասացին, որ 5 հազար դոլար: Ես ալ ասացի, եթե 5 հազար դոլարի պիտի վաճառեմ, թող մնա, հենց որ գնամ, գոնե էնտեղ ավտո ունիմ, կքշեմ»:

Անդրանիկը Հալեպի իր տունը  ժամանակին 165 հազար դոլարով է գնել, հիմա կահույքով տունը 20 հազար դոլարով չի վաճառվում: «Պատերազմ է, ով պիտի գնե, կվախնա, որ գնե, հանկարծ որ մի հատ սարուխն ընկնի վրան, էդ ալ կերթա»,-բացատրեց նա:

Սեփական տանիք ունենալու դեպքում, Անդրանիկի ասելով, կազատվեն ոչ միայն  ընտանիքի հիմնական եկամուտները կլանող տան վարձից, այլև կվայելեն հայրենիքում սեփական տունն ունելու ուրախությունը: Անդրանիկի  համար կարևոր չէ հենց Երևանում տուն ունենալը. «Կարևորը մի բույն ըլլալն է»:

Իր և տղաների աշխատավարձով Հայաստանում տուն առնելը Անդրանիկը նույնպես անհնար է  համարում. «Էս երկիրը ուտելը, խմելը, վայելելը, քեֆ անելը, ման գալը շատ լավ է, սրա նման երկիր չկա: Էստեղ աշխատանք կա, աշխատավարձք չկա: Եթե ժողովուրդի աշխատավարձքը մի քիչ լավըն ըլլա, դրախտի մեջ են էստեղ ապրողները»:

Երբ եկել են Հայաստան, Անդրանիկը մի քիչ փող է ունեցել: Քանի փողը չի վերջացել, 70 տարեկան փախստականը օրն անց է կացրել բակի իր հասակակից հարևանների հետ՝ նարդի և թուղթ խաղալով: Երբ փողը վերջացել է, սկսել է աշխատել: Հասկացել է, որ եթե չաշխատի, մեծ  քաղաքի մեջ ընտանիքը սոված կմնա:

Արդեն 3,5 տարի է` Շվեդիա մեկնած իր բարեկամի ավտոմեքենայով Անդրանիկը «50/50-ով» տաքսի է վարում: Երևանի տաքսի ծառայություններից նրան մի քանի անգամ հրավիրել են իրենց մոտ աշխատելու: «Ես իրենց ասեր եմ, որ քաղաքը լրիվ հասցեներով չեմ գիտեր: Ինձի մի տեղ կասեք, վերջը չեմ կըրնա երթալ, ամոթ կըլլա: Ինձ ուղևորները լիքը օգնել են: Հիմա ավտոյիս մեջը նստի, ինձի ուղղություն տա, տարբեր է, քան օֆիսեն հեռաձայնով կապվին, ասեն, որ էս ինչ տեղը գնա»: Սա բացատրելուց հետո Անդրանիկը չի ընդունել առաջարկը:

Սիրիայում զբաղվել է ավտոպահեստամասերի առևտրով: Ապրանք ձեռք բերելու համար իր ասելով ճամփորդել է Ֆրանսիայի,Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի գյուղերով: «Ամեն մի գնալս  35-45 հատ էժան ավտոներ կգնեի, էդ ավտոներեն, որ Սիրիայի մեջը կան: Օգտագործված այդ ավտոմեքենաների մասերը կտեղափոխեի Սիրիա: Էդ էր իմ գործս: Տարին երեք ամիս կաշխատեի, սաղ տարին կուտեինք և փող կավելացնեինք»,-հիշեց:

Անդրանիկը մեկ աղջիկ, երկու տղա և 6 թոռիկ ունի: Տղաներից մեկը իր ասելով «մատորիստ», մյուսը՝ «խադավիկ»: «Եթե գործ ըլլա, լավ ա: Է, գործ չկա: Հազիվ մի քանի թուղթաք (դրամ-Լ.Փ.) իրենց կմնա, արդեն յոլա կգնանք դրա մեջ, ուզենք, չուզենք: Մի օր մսով, մի օր յուղով, մի օր չորով, մի օր ցամաք հացով՝ օրը կանցնի կոր: Էստեղ կերակուրը քո կամքովդ չպիտի ուտես: Քո գրպանի կամքով պիտի ուտես:,- դժգոհեց Անդրանիկը` հիշելով Հալեպում իր կյանքի լավ օրերը,- Էնտեղ ամեն շաբաթ գիշեր երկու հատ հավ կբերեի,  տունը կարտոշկան կտապկեին, սալաթը կսարքեին, օղիից կխմեինք: Այն կիրակի, որ պատշգամբներ են քյաբաբի մուխը չելլե, կզարմանայինք, որբա ինչ եղեր է, որ սրա պատշգամբեն էդ քյաբաբի մուխը չի ելնում»:

Աղջիկը՝ Մագին, Քուվեյթում է ապրում, ամուսինը Երևանում է: Երկու երեխա ունեն: Մագին նույնպես ցանկանում է Երևանում ապրել, քանի որ, Անդրանիկի ասելով, «արաբական երկիրներուն վրա վստահություն չի մնացել»: «Սուրիա, որ էդքան ուժեղ էր, էդքան վստահ էինք, որ մի բան չըլի, Ամերիկան Սուրիան քանդեց»,- դժգոհեց նա: Պատմեց, որ Մագին այս տարի մշտապես բնակվելու համար եկել  է Երևան, գործ է փնտրել: Նա Քուվեյթում անգլերենի ուսուցչուհի է:

«Հոս 200 դոլլար աշխատավարձ ըսին,  խենթացավ: Քուվեյթում ամիսը 1000 դոլարեն ավել կառնե: Ասաց՝ չեմ կարա: Էնտեղի տնօրենուհին հետ զանգեց, որ երեխեքը, ծնողները սաղ Մագին ուզում են, խնդրեց Մագիին, գոնե մի երկու տարի դեռ մնա Քուվեյթում, մինչև էս երեխեքը կամաց-կամաց վարժիվեն: Է, հոս ալ տուն պիտի առնեն, տուն առնելու փող չկա: Ըսավ, գոնե 2 տարի էնտեղ էրթամ, որ տուն առնեմ»:

Անդրանիկի սիրտը 9 տարի առաջ Սիրիայում վիրահատել են: «Ինչ կըրնամ աշխատել, կաշխատեմ»,- ասաց:

Հայրենիքում, իր ասելով, սկզբում 29 հազար դրամի անվճար դեղորայք են տվել: Հետո տվել են 7-8 հազարի դեղեր: Այս ամիս էլ անվճար դեղ չեն տվել. «Ասացին, որ բյուջե չի մնացել: Փողը պրծել ա:  Չենք կարա տալ»: Հիմա ինքն է առնում իր դեղերը:

Հառանչանքով հիշեց Սիրիան. «Մենք՝ հայերս ենք եղել, որ էդ երկիրը Սուրիա է դառել: Աշխատել ենք: Հալեպի արհեստավորների մեջը 195 հայեր են եղել: Շատ քիչը արաբներ են եղել աշխատող: Ես այլևս չեմգնա այնտեղ: Էդքան տարի Սուրիայի էդ մուսլիմանների հետ մենք կերել, խմել, ապրել ենք: Էդ արաբ մուսիլմանները շատ լավն են: Բայց Ամերիկան, որ էդ իսլամիստ ահաբեկիչ մուսլիմանները ղրկել է Սուրիա, սրանք մարդու թոքը կուտեն որ»:

Հրաժեշտից առաջ Անդրանիկը ափսոսանք հայտնեց. «Փող թող ըլլա, էս երկրի նման երկիր չկա: Դրախտ է, դրախտ»: Անդրանիկը չհամաձայնեց իրեն լուսանկարել: Ասաց՝ «թրաշ չէ եղած, ամոթ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter