HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում հաստատված Բուլղադարյանների ընտանիքը որոշել է վերադառնալ Արցախ

Գայանե Սարգսյան

Յաղդանում բնակվող  30-ամյա Աննային հանդիպում ենք բակում. հղիության 5-րդ ամսում գտնվող կինը դույլով ջուր էր կրում: Տանը՝ փայտի վառարանի շուրջ հավաքված երեխաները անձայն խաղում են: 

«Փայտը վարկով ենք գնել»,- տան ջերմության համար ասես արդարանում է  Աննան:

Արցախի Թալիշ գյուղից ընտանիքը Հայաստան է տեղափոխվել ապրիլյան պատերազմի առաջին օրերին: Աննան 5 երեխաների հետ նախ հաստատվել է Մասիսում, մինչ որպես կամավորական դիրքեր բարձրացած ամուսինը կհասներ ընտանիքին:

 «Ես դիրքերում եմ եղել էդ ժամանակ: 16 օր դիրքերում մնալուց հետո եկա ընտանիքիս տեսնեմ, վերադառնամ: Վերադարձա Թալիշ, այդ ժամանակ արդեն Թալիշում ոչինչ չկար, տներն էլ թալանված էին»,- պատմում է Սարգիսը:

Ընտանիքին հատուկենտ իրեր է հաջողվել փրկել ու տեղափոխվել Հայաստան: Յաղդան տեղափոխվելուց հետո պետական ու միջազգային կառույցները որոշակի աջակցություն են ցուցաբերել սննդի, հագուստի ու այլնի տեսքով, ինչի համար Սարգիսը խնդրում է փոխանցել իր շնորհակալությունները:

Ընտանիքի միակ կայուն եկամուտը ամիսներ շարունակ եղել է Սարգիսի 40.000 դրամ կազմող աշխատավարձը, որը նա ստանում է Յաղդանի հէկ-ում որպես պահակ աշխատելու համար:

Շուրջ 6 ամիս Յաղդանում բնակվելուց հետո Բուլղադարյանները  որոշել  են  վերադառնալ Արցախ: 

«Ստեղ ոչ մեկին չես ճանաչում, աշխատանք չկա, տունը մերը չի, մի օր էլ տան տերերը կգան, կուզեն ապրել կամ տան վեշը կհանեն, բա ես որտե՞ղ մնամ: Ամեն օր փայ ենք հավաքելո՞ւ: Ամոթ բան ա,- ասում է Աննան ու հավելում,- մեկը չի, երկուսը չի, էսա 6-րդն էլ կծնվի,  ո՞վ ա պահելու իմ երեխեքին: Աղջիկներս մեծանում են, ասում են՝ ինչի՞ ուրիշի երեխեն լավ ա հագնվում, մենք՝ չէ: Վարկ ենք վերցնում, տոկոսը հազիվ տալիս ու մնում սոված: Փայտ ենք պարտքով վերցնում, չենք կարում փակենք…»:

Երեխաներն Արցախ վերադառնալու մեծ ցանկություն ունեն, սրան զուգահեռ նաև վախի զգացում ունեն:   

«Երեխեքը վախենում են: Արդեն երկրորդ անգամ եմ տրաքոցներից փախցնում: Առաջին անգամ մի երկու տարի առաջ փախանք, էն ժամանակ փոքրս քառասունքի մեջ էր: Մեկ էլ հիմա՝ ապրիլին: Երեխեքս ասում են՝ չգնանք Թալիշ,  կրակոցներ կան Թալիշում, Թալիշն էլ մերը չի»,- պատմում է Աննան:

«Ճիշտ է, երեխեքի անվտանգության համար մեր մոտ էլ վախ կա ինչպես ցանկացած գիտակցող ծնողի մոտ… Էստեղ ապահով է, բայց միշտ լարված վիճակում ես, որ այստեղ ոչ մի բան քոնը չի: Դու ամեն ինչ ունեցել ես ու այսօր չունես ոչինչ: Ընտանիքիս կարգավիճակը նայում եմ, շատ կներեք, բոմժի կարգավիճակում ենք»,- ավելացնում է Սարգիսը:

Մինչ վերջնական որոշում կայացնելը Սարգիսը մի քանի անգամ մեկնել է Արցախ, հասել մինչև Թալիշ, բարձրացել բարձունքում գտնվող հարազատների գերեզմանոցն ու մոմ վառել հարազատ եկեղեցում:

«Դժվար ա բացատրել բառերով, թե ինչի եմ գնում: Կարոտում եմ: Կարոտում եմ իմ անցած ուղին, ապրածս կյանքը, ընկերներիս, մեր եկեղեցին»,- փորձում է բացատրել Սարգիսը: 

Վերջին անգամ Թալիշ գնալիս հասկացել է. հարազատ գյուղ վերադառնալու ցանկությունը դեռևս իրականանալի չէ:

«Գյուղը ռմբոկոծության տակ ա ինչպես միշտ, դիրքերի վրա է ռմբակոծությունը հիմնականում, բայց էնտեղ էլ հնարավոր չի ապրել: Թալիշ կուզեինք գնալ, բայց հնարավոր չի,- ասում է նա ու ապագայի հույսերը բարձրաձայնում,-եթե  դիրքերը նախկին տեղերում տեղակայվեն, խաղաղության պայմանագիր կնքվի, կգնանք: Պապերիս գերեզմանն է էնտեղ, երեխեքս էնտեղ են ծնվել, տունս, տեղս, իմ տնկած ծառերը, սաղ էնտեղ են»:

Ու քանի դեռ Թալիշ վերադառնալն անհնար է, ընտանիքը ընդունել է Դրմբոնի գյուղապետի ժամանակավորապես այդ գյուղում հաստատվելու առաջարկը: Սարգիսը համաձայնվել է մի պայմանով.

 «Ասեցի, որ Դրմբոնում երկար չեմ կարող մնալ: Երբ Ալաշանի դոմիկների կահավորումը վերջացնեն, ես կտեղափոխվեմ էնտեղ: Բոլոր թալիշցիներն էնտեղ են: Մի 30 ընտանիք արդեն տեղավորվել են, մի 20-նն էլ երևի կգան»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter