HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հրազդանցիները Երեւան հասնելու համար վճարել են 1000 դրամ

Այսօր կասեցվել էր Հրազդան-Երևան երթուղու ուղևորափոխադրումը: Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հերթական հանրահավաքը, ինչպես կարծում էին ժամը տասնութի սահմաններում Երևան-Հրազդան կանգառում հավաքված հրազդանցիները, պատճառ էր դարձել, որ դադարի գործել միջքաղաքային տրանսպորտը:

Թե այս դեպքում ինչպես էին իրենք Հրազդանից տեղափոխվել Երևան, ուղևորներից մեկը պատասխանեց. «Առավոտյան տրանսպորտ չկար, պատահական մեքենայով եմ եկել Երևան, տաքսի չէր, ուղղակի Երևան էր գալիս, ինձ էլ բերեց, հիմա էլ չեմ կարողանում հետ գնալ»:

Զրուցակիցս ուսանող էր, ով Երևան էր եկել ոչ թե ՀԱԿ-ի հանրահավաքին մասնակցելու համար, այլ ուսանող էր և դասի պետք է հասներ:

Հրազդան-Երևան երթուղում աշխատում են միկրոավտոբուսներ և տաքսիներ: Վերջիններս փոխադրում են չորս ուղևոր` յուրաքանչյուրից վերցնելով 500 դրամ: Միկրոավտոբուսները ուղևորափոխադրումն իրականացնում են նստատեղերի քանակով` յուրաքանչյուր ուղևորից վերցնելով 400 դրամ:

ՀԱԿ-ի հանրահավաքի օրերին բացակայող միկրոավտոբուսների և տաքսիների փոխարեն գործում են անհայտ մեքենաներ` ուղևորներին առաջարկելով իրենց գինը` միայն 1000 դրամ: Այսօր նույնպես այդպիսի իրավիճակ էր: Փող աշխատել էին ցանականում պատահական, առանց տաքսու տարբերանշանի մեքենաները, որոնցից մի քանիսին, ի դեպ, հաջողվեց ուղևորներ փոխադրել հազար դրամով: Բայց քանի որ այդպիսի ուղևորները մեկ-երկուսն էին, կանգառում հավաքվածների թիվը նկատելիորեն չէր պակասում. հեռվից նայողին կթվար, որ  հանրահավաքը կանգառում  է:

Թե ինչ էր լինելու  հրազդանցիների հետ, փորձեցինք ճշտել Երևան-Հրազդան երթուղու կարգավարից: «Դե մի բան կանենք, է~լի, հո էստեղ չեն մնալու»: «Մի բան»-ը շուտով արվեց: Կանգառին մոտեցավ երևանյան 14 համարի երթուղային մի տաքսի և կարգավարի միջնորդությամբ ստանձնեց Երևան-Հրազդան երթուղու փոխադրամիջոցի դերը: Մի քանի հրազդանցիների բախտը չբերեց. նրանք չկարողացան արագ վազել դեպի տասնչորս համարի երթուղայինը, հրել կողքինին, որպեսզի իրենք հասցնեն մտնել երթուղային: «Անբախտներից» մեկն իր խառնաշփոթը այսպես բնութագրեց. «Ոնց որ 90-ական թվերը լինեն»:

Եվ նա, հնարավոր է, դեռ կանգառում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter