HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լևոն Զուրաբյանը կարծում է, որ զինծառայողներին կարելի է բյուջեի ծախսերի միջոցով գումար հատկացնել

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ԱԺ քառօրյա նիստին քննարկվելիք հարցերին, առաջարկում է վերանայել դրանց հաջոդականությունը՝ սկզբում քննարկելով պետական բյուջեն, այնուհետ անդրադառնալ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծին։

Պատգամավորի խորին համոզմամբ՝ այդ բոլոր հարցերը կարող են լուծվել պետական բյուջեի շրջանակներում. «Այո՛, փոխհատուցման հարցը պետականության, մեր պետության առաջնային պարտավորությունն է, և դա պետք է լուծվի։ Միգուցե անգամ ավելի մեծ ծավալով, քան նախատեսված է փոխհատուցման մասին օրենքի նախագծով, և մենք դրա կողմնակիցն ենք։ Համարում ենք, որ դա պետք է անպայման արվի, բայց կարելի է դա անել ոչ թե լրացուցիչ հարկատեսակներ մտցնելու, այլ բյուջեի ծախսերի միջոցով։ Դրա համար մենք կարող ենք դա քննարկել։ Վստահ եմ, որ կարելի է գտնել միջոցներ այդ հարցերի լուծման համար»,-նշում է նա։
Պատգամավորը կարծում է, որ ԱԺ-ն փորձում է խաղալ ժողովրդի զգացմունքների հետ և սահմանել լրացուցիչ հարկատեսակներ այդ «քողածածկույթի» ներքո։ Զուրաբյանն այս մոտեցումը համարում է ցինիկ և վտանգավոր։

ԱԺ ղեկավար Գալուստ Սահակյանը, քննարկվելիք հարցերի հաջորդականությունը փոխելու առաջարկին, հակադարձում է, որ երբ նիստերից առաջ խորհրդակցություններ են տեղի ունենում, անհրաժեշտ է դրանց մասնակցել, և այդ դիտարկումներն այնտեղ անել։

Դրան ի պատասխան՝ Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ ԱԺ պատգամավոր է և իրավունք ունի այս հարցը բարձրաձայնել լիագումար նիստին։ Պատգամավորի խոսքով՝ որևէ հանգամանք չի կարող սահամանափակել իր իրավունքը և որևէ հանգամանք չի կարող խոչընդոտել Գ.Սահակյանին, որ փոխի հարցերի հաջոդականությունը։ Պատգամավորը նախագահին առաջարկեց հիմնավորել, թե ինչու՞ չի կարելի փոխել այդ հաջորդականությունը, որին ի պատասխան Սահակյանը նշեց, որ դա իր իրավունքն է, և նա այդ հերթականությունը կկարդա, պատգամավորն էլ կմասնակցի քննարկումներին՝ ասելով իր որոշման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter