HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է իրավախախտում կատարած անձը՝ դատախազի տեղակալ Արմեն Շիրոյա՞նը, թե՞ Եգոր Սիմոնյանը

Ալավերդու կենտրոնական Թումանյան փողոցի մայթերն ապօրինի ծառահատումների պատճառով  մերկացել են՝ վերջին տարիներին ներկա եւ նախկին քաղաքապետերի կողմից փողոցի և քաղաքի կենտրոնով անցնող երկաթգծի արանքում գտնվող հողերն իրենց մերձավորներին և քաղաքի պաշտոնյաներին հասարակական օբյեկտներ կառուցելու նպատակով  հատկացնելու պատճառով: Հողերը հատկացնելուց հետ քաղաքապետարանը կառուցողներից չի պաշտպանում մայթերի ծառերը:

Լոռու մարզի դատախազի տեղակալ  Արմեն Շիրոյանը Ալավերդու Թումանյան փողոցի մայթեզրի՝49/8 հասցեում, երկհարկանի շինություն է կառուցում: Արմեն Շիրոյանը մի քանի տարի շարունակ եղել է Լոռու մարզի դատախազության Ալավերդու նստավայրի դատախազը: Շինարարության ժամանակ երկու ծառ է հատվել: Թումանյան փողոցը նաև միջպետական ճանապարհ է: Բանուկ փողոցով անցուդարձ անող  ալավերդցիների աչքից չի վրիպել, որ կառույցի շինարարական աշխատանքներին պարբերաբար  հետևում է Արմեն Շիրոյանի եղբայրը՝ Արթուր Շիրոյանը, շինարարության ընթացքը հաճախ դիտելու է գալիս  նաև մարզի  դատախազի տեղակալը:

Կառույցը քաղաքապետարանի շինարարական փաստաթղթերում ձևակերպվել է ոմն  Եգոր Սիմոնյանի անունով: Շինարարության թույլտվության մեջ, ի տարբերություն մյուս թույլտվությունների, Եգոր Սիմոնյանի անձի մասին որևէ տեղեկություն չի նշված, չի ներկայացված նաև օբյեկտի հակիրճ բնութագիրը:

Ասենք, որ  հատված ծառերի հետ կապված  մեր հարցումների ժամանակ քաղաքապետարանի աշխատողները միմյանց հարցնում էին. «Ո՞նց է Արթուր Շիրոյանենց  օբյեկտի մեզ մոտ գրանցված մարդու հասցեն»: Պարզվեց, որ Եգոր Սիմոնյանը ապրում է քաղաքի Ջրավազան թաղամասի  60/26 տանը: Նրանից փորձեցինք պարզել ծառերը կտրելու հանգամանքները: Եգորը տանը չէր: «Իսկապես շինարարության տերը  Եգո՞րն է»,- հարցի նրա մորը։ «Կարո՞ղ եմ Ձեր այդ հարցին չպատասխանել»,- նեղսրտած պատասխանեց մայրը՝ տիկին Քնարիկը: Վերջինս պատմեց, որ Եգորն աշխատում է «Թեղուտ» ՓԲԸ-ում:

Ամիսը 100-150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ընտանիքի միակ կերակրողն է: Թումանյան փողոցի մայթեզրի երկհարկանի շինությունը Արմեն Շիրոյանը կառուցում է  Ալավերդու նախկին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի 2015թ.-ի սեպտեմբերի 15-ի N17 թույլտվությամբ: Օբյեկտի նախագծային փաստաթղթերը պատրաստել է Վանաձորում գրանցված «Ռոսիա Քոնսալթինգ» ՍՊԸ-ն: Նախագծում մայթեզրի ծառերի վերեբերյալ խոսք չկա։ Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում անխոս ընդունել են նախագիծը: Ծառերի հատման մասին  մեր գրավոր հարցմանը իր պատասխան գրության մեջ քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը չի հերքել նշված հասցեում դատախազի տեղակալի շինարարություն կատարելու փաստը: «Ինչ վերաբերում է ծառերին, ապա այդ տարածքում 2 ծառ արդեն իսկ կան հատված, որի համար իրավախախտում կատարած անձինք կենթարկվեն  վարչական պատասխանատվության»,-նշել է քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը: Քաղաքապետի գրությունից , սակայն չհասկացանք, ով է իրավախախտում կատարած անձը, դատախազի տեղակալը,  թե՞ Եգոր Սիմոնյանը:

Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը Թումանյան փողոցի մայթեզրի 49/6 հասցեի հողամասի  վրա երկհարկանի խանութ կառուցելու շինթույլտվություն է տվել իր տեղակալ  Արթուր Վարոսյանի հորը՝ Կամո Վարոսյանին:

Վերջինս  2016թ.-ի օգոստոսի ի 4-ի  N 18 շինարարական  թույլտվությունը ստանալու ժամանակ եղել է համայնքի ավագանու անդամ: Կամո Վարոսյանը նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մերձավոր շրջապատի մարդկանցից է: Քաղաքապետի շինարարական  թույլտվության մեջ հայտնվում է, որ 49/6 հասցեի հողամասում նախատեսվում է կառուցել  երկհարկանի խանութ, որը պետք է լինի  քարե կառույց, ուղղանկյունաձև հատակագծով, 6,10x7,00 արտաքին չափերով ,1-ին, 2-րդ հարկերի  մաքուր բարձրությունը ՝3,0մ, միջին ռիսկայնության աստիճանի (2-րդ կատեգորիա):

Օբյեկտի նախագծային փաստաթղթերը կրկին պատրաստել է «Ռոսի Քոնսալթինգ» ՍՊԸ-ն:  Այստեղ ևս նախագծով  թվով 3 ծառերն «անտեսվել» են։ «Ինչ վերաբերվում է  ծառերին, այդ տարածքում  հատելու նախապատրաստված ծառեր չկան»,- նոյեմբերի 7-ի իր  գրությամբ  մեզ հայտնել  է քաղաքապետը: Իրականում ծառերն ու  Կամո Վարոսյանի օբյեկտը «գրկած  են» իրար, ծառերի ճյուղերի մեծ մասը  մտել են կառուցվող շենքի տարածքը, այդ պատճառով ճյուղերի մեծ մասը կտրվել է:

Թե որքանով է նախագծային պահանջներին  համապատասխանում Կամո Վարոսյանի կառուցվող  երկհարկանի խանութը և ինչու մայթերի ծառերից գոնե 1-2 մետր հեռու չի կառուցվել այն,  քաղաքապետարանում  մեզ չպատասխանեցին:

Հայտնին մեկն է, որ Թումանյան փողոցի մայթեզրերի ծառերը դարձել են խանութներ կառուցողների թիրախ ու հերթով հատվում են, իսկ դրա մասին գիտի անձամբ քաղաքապետը եւ քաղաքապետարանի աշխատակիցները։ Դրա վկայությունն է  ավարտված օբյեկտերին հարող ծառերից ազատված մայթերը: Այստեղ ծառահատումներ կատարելիս ոմանք ծառերի  արմատների վրա լցնում են ծառը չորացնող նյութեր, ապա կարճ ժամանակ անց կտրում դրանք: Կառուցողների մի մասն էլ  իրենց հատկացված տարածքների  ծառերը այրում են , ապա  գցում օբյեկտի հիմքերը:

Ալավերդցիներին երանությամբ եմ հիշում Թումանյան փողոցի լանջերի ու մայթեզրերի երբեմնի փարթամ ու գեղեցիկ ծառերը:  Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին լեռնամետալուրգիական կոմբինատի կողմից արտանետվող SO-2 գազը կլանելու հատկության պատճառով Ալավերդիում մասսայաբար  տնկում էի չինական ակացիաներ: Դրանք նույնպես անցած 25 տարիներին իսպառ վերացվել են՝չխնամվելու պատճառով :    

Մեկնաբանություններ (3)

Գեւորգ
,,Ալավերդի,, անունը գալիս է թուրք բորչալու ցեղի առաջնորդ Ալլահվերդի Մոլլա օղլուց! Մեծ ամոթ հազարամյակների բնակավայրը քոչվոր թուրքի անունով կոչելը: ,,Լենինական,, ,,Կիրովական,, ,,Ուզունլար,, նույնիսկ ,,Ղաչաղան,, եւ շատերը փոխվեցին, բայց մոլլի անունը մնաց! Առաջարկում եմ՝ ,,Ձորփոր,, (պատմ.), ,,Պղնձոր,, (կամ ,,Պղձոր,, - Վանաձորի նման), կամ ,,Քորի,, (Աքորի - նման) եւ այլն:
ԳՈՀԱՐ
Եթե օրենքի սահմաներում ինչ որ բանե են կառուցում օրինակ ես ուրախանումեմ անկախ նրանից ով է կառուցողը լիշ բը աշխատատեղ ավելանա ,որը մեր քաղաքին անհրաժեշտ է :
Սանթրո
Ի՜ ի, մթամ դրանց խանութներիցը բան տեն առնիլ, էնա մարթ չի մնացել քաղաքումը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter