Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ցորենի ալյուրի հարստացման հետագա քայլերը կախված են նոր հետազոտությունից. ԱՆ- ի պատասխանները «Հետքին»



«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովի շրջանառությունից դուրս է եկել այս տարվա սեպտեմբերի 6-ին: 

Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել երկու օրինագիծ՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»: Առաջին օրինագծի համաձայն՝ Հայաստանում օրական 30 տոննա եւ ավելի հզորություն ունեցող ալրաղացներում բարձր եւ առաջին կարգի ցորենի ալյուրը նախատեսվում էր հարստացնել պրեմիքսներով (վիտամինահանքանյութային հավելումներով): Իսկ ծրագիրը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը: Հանրային լայնածավալ բողոքներից եւ մի շարք մասնագետների քննադատություններից հետո 2015-ի հունվարի 27-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը մեկ տարով հետաձգեց օրինագծի քննարկումը՝ որոշելով շարունակել ուսումնասիրությունները: 

Առողջապահության նախարարությանը «Հետքը» մի քանի հարցեր էր ուղղել: Դրանց պատասխանները ստացել ենք ԱՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանից:

Նախարարությանը հարցրել էինք, թե ինչ պատճառով է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի շրջանառությունից դուրս եկել: Նախարարությունը որպես պատասխան մեջբերել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետը: Իսկ այդ դրույթը հետեւյալն է. «Եթե Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում հարցի ընդգրկվելը գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հետաձգվել է, ապա այդ հարցը բ) հետաձգման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը դուրս է գալիս Ազգային ժողովում շրջանառությունից, եթե մինչեւ հետաձգման ժամկետը լրանալու օրը հեղինակը գրավոր չի դիմում գլխադասային հանձնաժողով»:

Հարցրել էինք նաեւ, թե նախարարությունն ինչպես է մեկնաբանում այդ հանգամանքը, եթե բազմիցս հայտարարել է, որ ցորենի ալյուրի հարստացումը հասարակությանն անհրաժեշտ է: ԱՆ-ն էլ նշել է, որ թե ինքը, թե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ՄԱԿ-ի Մանկական հիմադրամը վիտամիններով եւ միկրոտարրերով ալյուրի հարստացումը դիտարկում են որպես հանրային առողջապահության կարեւոր միջոցառումներից մեկը:

«Հայաստանում ցորենի ալյուրի հարստացման անհրաժեշտությունը հիմնավորվում է միկրոսննդատարրերի անբավարարության առկայությունը հաստատող (միկրոսննդատարրերի անընդունելի ցածր բաղադրությամբ սնուցման վիճակի մասին վկայող) տվյալներով»,- ասվում է պատասխանի մեջ: Ապա նախարարությունը մեջբերում է 2000 թ., 2005 թ., 2010 թ. ՀՀ ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց՝ միկրոսննդատարրերի անբավարարության պատճառներն են պարզունակ եւ միապաղաղ, հիմնականում հացազգիներով հագեցած եւ կենդական ծագման մթերքներով աղքատ սննդակարգերը, ինչի մասին, ըստ ԱՆ-ի, վկայում են նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Պարենային ապահովության եւ աղքատության» տեղեկագրերում բերված՝ սննդամթերքի հիմնական տեսակների միջին տարեկան սպառման ցուցանիշները:

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ առաջիկայում կառավարությունը նախարարության առաջարկով հանդես գա ցորենի ալյուրը հարստացնելու մասին նմանատիպ օրինագծով, ԱՆ-ն պատասխանել է հետեւյալ կերպ. «Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱՆ հետագա քայլերը կախված կլինեն ՀՀ ժողովրդագրության եւ առողջության հարցերի 4-րդ հետազոտության արդյունքներից (հետազոտությունը մեկնարկել է 2015 թ.-ին, արդյունքների վերլուծությունը ամփոփման փուլում է), միաժամանակ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող օրենսդրության պահանջներից (հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը 2014-ին միացել է Եվրասիական միությանը)»:

ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը «Հետքին» ժամանակին հայտնել էր, որ ՅՈւՆԻՍԵՖ-ը 2012-ին ներկրել է ալրաղացների համար անհրաժեշտ հարստացման սարքավորումները: Ու՞մ տրամադրության տակ են ներկայում այդ սարքավորումները, կառավարությունը կամ ալրաղացների սեփականատերերը վճարե՞լ են դրանց համար, թե՞ ՀՀ են բերվել իբրեւ օգնություն: Ըստ ԱՆ-ի՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից հարստացման համար ներկրված սարքավորումները կտրամադրվեն ալրաղացներին, իսկ սարքավորումների տրամադրման համար որեւէ վճար չի պահանջվում: Ներկայում դրանք ՅՈւՆԻՍԵՖ-ի տնօրինության տակ են, եւ դրանց հետագա տնօրինումը նույնպես կիրականացվի ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից՝ կազմակերպության իրավասության շրջանակներում:

Նոյեմբերի 5-ին «Հետքը» գրավոր հարցեր է ուղղել նաեւ ՅՈւՆԻՍԵՖ-ին: Պատասխան դեռ չենք ստացել:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ