Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

ՅՈւՆԻՍԵՖ. ալյուրի հարստացման սարքավորումները կտրամադրվեն կառավարության վերջնական դիրքորոշումից հետո



«Հետքը» մի շարք հարցեր էր ուղղել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին ալյուրի հարստացման ծրագրի վերաբերյալ: 

-Այս տարվա սեպտեմբերի 6-ին ՀՀ խորհրդարանից դուրս է եկել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագիծը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը, ո՞րն էր պատճառը:

-Մենք իրավասու չենք տվյալ հարցի վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն: Լավագույն բացատրությունը կարող է տրամադրվել ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի կողմից:

-ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը 2014-ին «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ 2012-ին ՅՈւՆԻՍԵՖ-ը Հայաստան է ներկրել ալյուրի հարստացման սարքավորումները: Ո՞ւմ են տրամադրվել այս սարքավորումները՝ ալրաղացների՞ն, թե՞ առողջապահության նախարարությանը:

-ՅՈւՆԻՍԵՖ-ը իսկապես գնել է տվյալ սարքավորումները. դրանք ՅՈւՆԻՍԵՖ-ի սեփականությունն են և գտնվում են մեր պահեստում: Սարքավորումները համապատասխան մարմիններին տրամադրելու որոշումը կընդունվի ալյուրի հարստացման նախագծի իրականացման վերաբերյալ կառավարության վերջնական դիրքորոշումից հետո: 

-Սարքավորումները և հավելանյութերը Հայաստանին նվիրատվությո՞ւն են լինելու, թե՞ վճարովի: Ինչպիսի՞ն է այդ սարքավորումները տրամադրելու կարգը:

-Համաձայն ՅՈւՆԻՍԵՖ-ի մանդատի՝ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում սարքավորումների և պարագաների տեսքով ամբողջ աջակցությունը երկրին տրամադրվում է նվիրատվության կարգով:

-ՅՈւՆԻՍԵՖ-ը պատրաստվո՞ւմ է շարունակել համագործակցությունը առողջապահության նախարարության հետ այս ոլորտում: Հնարավո՞ր է դարձյալ շրջանառության մեջ դրվի ալյուրի հարստացման մասին նոր օրինագիծ:

-Ալյուրի հարստացման ոլորտում առողջապահության նախարարության հետ հետագա համագործակցությունը կախված կլինի ալյուրի հարստացման նախաձեռնության իրականացման անհրաժեշտության վերաբերյալ Կառավարության պաշտոնական դիրքորոշումից:

-Ցորենի ալյուրի հարստացման նախաձեռնությունը ՅՈւՆԻՍԵՖ-ը համարո՞ւմ է հայաստանյան գրասենյակի ձախողում:

-Ցանկացած երկրում ՅՈւՆԻՍԵՖ-ի դերը կառավարությանը խորհրդատվություն տրամադրելն ու աջակցելն է երեխաների իրավունքների լավագույնս իրականացման հարցում՝ հետևելով ԱՀԿ-ի հանրային առողջությանը վերաբերող քաղաքականություններին ու ցուցումներին: Համագործակցության ծրագրի շրջանակներում ցանկացած նախաձեռնության վերաբերյալ վերջնական որոշում կայացվում է կառավարության կողմից՝ որպես տվյալ ազգային ծրագրի նախաձեռնող, իսկ հանրային քաղաքականությունների ընդունումը տվյալ երկրի քաղաքականություն և օրենք մշակողների պատասխանատվությունն է:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Վեհարի12:20 - 17 նոյեմբերի, 2016
ՅՈւՆԻՍԵՖ-ը թույն արտադրող սարքավորումները ձրի է տրամադրում, իսկ ձրի պանիրը մկան ականաթում է լինում` և ուրեմն ՅՈւՆԻՍԵՖ-ը հայոց ցեղասպանությունը շարունակողներից մեկն է: Եթե ՀՀ Ազգային ժողովը այս հարցը կրկին օրակարգ մտցնի, դրանով կրկին կապացուցի ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ նպատակների համընկնման մասին:
2. Սուրեն23:46 - 17 նոյեմբերի, 2016
Մեր ազգային Անվտանգության Ծառայությունը պիտի ձերբակալի Սերգեյ Խաչատրյանին ու մյուս կաշառակերներին այս ծրագիրը կյանքի կոչելու համար: Պարզել թե $250 միլիոն դոլլորը այս ծրագրի համար, որ հատկացվել է ՀՀ կառավարությանը, ո՞վ է կերել:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Արխիվ