ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

««Արմենիան Քափըր Փրոգրամ»-ի վերաբերմունքը ազդակիր համայնքների նկատմամբ շանտաժի է նման»



«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը Ալավերդու պղնձաձուլական գործարանի 2013թ.-ից մինչև 2016թ.-ի հոկտեմբերի 1-ը կառավարության կողմից սահմանված արտանետումների չափաքանակները համարում է թույլատրելի նորմաներ և գտնում է,  որ դրանք բնակչության առողջության վրա բացասական ազդեցություն չեն ունենում:

Լուսինե Մեջլումյանը

Արտանետումների ազդեցության բացակայության չափանիշներն էլ տիկին Մեջլումյանը հիմնավորում է իրենով. «Իմ մանկությունն անցել է Ալավերդիում, հիմա ես երկու երեխաներ ունեմ, մենք ապրում ենք Ալավերդիում և շատ առողջ ենք»,- ասում է նա:

Հիշեցնենք, որ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 2015թ.-ին գրանցած էին 706 ուռուցքով հիվանդներ: Տարեվերջին նրանցից մնացել են 594-ը: Մահացել են քաղցկեղով հիվանդ 112 քաղաքացիներ:

Ալավերդիում և մյուս ազդակիր համայնքերում 2013-2016թթ.-ին ոչ միայն ուռուցքային, նաև սրտանոթային, երիկամային և այլ հիվանդությունների աճ է արձանագրվել: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը չի ուսումնասիրել իր գործարանի վտանգավոր արտանետումների ազդեցությունը բնակչության առողջության վրա: Վարչապետի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության դիմումի քննարկման ժամանակ Լուսինե Մեջլումյանը ընկերությանը արդարացրել է, թե սահմանված չափաքանակների թույլտվությունը տվել են կառավարության կողմից լիազորված անձինք: «Մենք ինքներս մեզնից չենք հնարել, քննարկումներ են եղել, հանրային լսումներ են եղել, ապա թույլտվությունները տրվել են»,- բացատրել է նա:

Ալավերդու «Օրհուս» կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը տնօրենին հակադարձել է,  որ կառավարության կողմից պղնձաձուլական գործարանի արտանետումների չափաքանակների հետ կապված 2013թ.-ին տրվել է սխալ թույլտվություն՝ հաշվի չառնելով ազդակիր համայնքերի մարդկային արժեքները:

ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի խոսքով՝ եթե 20 մետր խողովակով ենք հաշվարկում արտանետման նորման, այդ խողովակից  կոպիտ հաշվարկով պետք է լինի 40 տոննա արտանետում: Արտանետելով տարեկան, ասենք, 25 հազար տոննա ծծմբի երկօքսիդ՝ իրականում գործարանը գերազանցում է օրենսդրությամբ սահմանված նորմը՝ միայն այդ աղբյուրի մասով՝ 625 անգամ: Գաբրիելյանը դա աներևակայի թիվ է համարում և պնդում է, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանին 2006 և 2013թթ.-ի արտանետումների չափաքանակները տրվել են  կամայականորեն, և դա հիմք է ծառայել գործարանի համար, որպեսզի չմուծի, կամ քիչ մուծի բնությանը և բնակչության առողջությանը հասցրած իր վնասների բնապահպանական վճարները:

Արմեն Ղարագյոզյանը

Բնապահպանության տեսչության ավագ մասնագետ Արմեն Ղարագյոզյանը իրատեսական չի համարում Ալավերդիում արտանետումները 10 անգամ նվազելու եզրակացությունը։ «Վիճելի է 10 անգամ նվազելու թիվը, ես չեմ ասում՝ մոնիտորինգի կենտրոնը ինչ-որ բան արել է, հնարավոր է՝ իջներ էս թիվը, բայց 10 անգամ իջնելը մի քիչ անհասկանլի է»,- բացատրում է Ա. Ղարագյոզյանը:

«Հետքի» հետ զրույցում բնապահպանության տեսչության ավագ մասնագետը առաջարկեց Կոշաբերդի արտանետումների հետ կապված կատարել նոր ուսումնասիրություններ: «Վալլեքս» խմբի ընկերությունների բնապահպան Սուրեն Երիցյանի ասելով՝ արտանետումների սահմանաքանակները դադարեցնելու դեպքում 2017թ.-ի հոկտեմբերից կավելանան «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության՝ պետբյուջե վճարվող բնապահպանական վճարները:

Հիշեցնենք, որ 2016թ.-ին ընկերությունը պետբյուջե վճարելու է 140-150 մլն դրամ, 2017թ.-ի հոկտեմբերի 1-ից հետո այն կդառնա 400 մլն դրամ: Վերջինս չվճարելու դեպքում ընկերությունը հսկայական շահույթ կունենա։ Այստեղից էլ սկսվում է ընկերության շահագրգռությունը արտանետումների սահամանքանակները ևս 5 տարի երկարացնելու ցանկությունը։

Պղնձաձուլական գործարանի Կոշաբերդի ծխնելույզից արտանետվող չափաքանակները ընկերությունը գաղտի է պահել ազդակիր համայնքներից: Այն հայտնի է դարձել ընկերության կողմից վարչապետին ուղղված դիմումի հրապարակումից հետո: Այդ դիմումն առաջ է բերել Ալավերդու և ազդակիր մյուս համայնքերի բնակիչների դժգոհությունը։

«Ես ուզում եմ ինքս ինձ հասկանալ՝ ոնց կարող է 1170 տ արտանետումը միանգամից 26 անգամ աճել: 2011թ.-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումը կազմել է 1170 տ: Երբ ծխատարը տարել են Կոշաբերդ սարի գագաթ, 2012թ.-ի արտանետումների չափորոշիչը միանգամից դարձել է 26 հազար տոննա: Ո՞նց կարելի է: Դա պետք է կարգավորվի ինչ-որ մի ձևով»,- ասում է Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:

Կարեն Փարեմուզյանը

Վերջինս  չի թաքցնում, որ  որպես համայնքապետ՝ իրեն ավելի շատ հետաքրքրում են բնապահպանական սումբվեցիաները։ «Սոցիալական խնդիր ա, բունտ ա բարձրանում: Առաջ գոնե բնակչին բացատրում էինք, ասում էինք՝ մի քիչ համբերեք, ծուխ ա, դրա համար քեզ կաթ ու մածուն ենք տալիս, առողջարան, ճամբար ենք ուղարկում, հիմա էդ ամեն ինչը կտրվել ա»,- բացատրում է քաղաքապետը:

«Մենք բոլորս նկատում ենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության վերաբերմունքը ազդակիր համայնքների նկատմամբ ավելի շատ շանտաժի է նման: Գործարանը սոցիալական մեծ խնդիրներ է լուծում, հիմա եթե մեր համաձայնությունը չտանք, գործարանը կփակվի և ավելի մեծ խնդիր կունենանք: Բայց գուցե այլ ճանապարհ ընտրեք, գուցե ինքնարժեքի իջեցման, կամ կառավարությունը մտածի այլ ճանապարհի մասին: Պարտադիր պետք է դադարեցնե՞ք բնապահպանական վճարները, որոնք հետո սուբվենցիայի տեսքով գալիս են համայնք և շատ թե քիչ համայնքի պահպանման խնդիր են լուծում: Ամեն դեպքում, ազդակիր համայնքը իր բնակչությամբ ամենախոցելի խավն է: Եվ միշտ վերջում ամբողջ հարցի ծանրությունը գալիս է  հենց բնակչության ուսերին: Գուցե դուք ձեր ֆինանսական դժվարությունների այլ լուծումներ գտեք»,- առաջարկում է Օձունի գյուղապետի տեղակալ Արմինե Միքայելյանը:

Արտանետումների սահմանքանակները երկարաձգելու պահանջը չհիմնավորելով՝ ընկերության տնօրենը վերադառնում է  պղնձաձուլական գործարանում չինացիների ներդրումներին. «Մենք ստացել ենք ծրագրի իրականացման նախնական ֆինանսական բյուջեն, որը կազմում է 360 մլն դոլար»,-հայտնեց նա:

Լուսինե Մեջլումյանի խոսքով՝ նոր պղնձաձուլարանը ենթադրում է իրենից պղնձի, ծծմբաթթվի և կատոդային հումք պղնձի արտադրություն: «Դա նշանակում է, որ արտանետումների 95,8 տոկոսը կլանվելու է և վեր է ածվելու արտադրանքի՝ ծծմբաթթվի: Մենք կարծում ենք՝ եթե ծրագիրը զարկ ստանա և ունենանք զարգացումներ, մեզ պետք կլինի 3-5 տարվա ժամկետ»,- հայտնեց նա: Թե այդ 3-5 տարիներին անթույլատրելի արտանետումների տակ առանց ընկերության փոխահատուցումների ալավերդցիները ինչպես են ապրելու, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը իր խնդիրը չի համարում:

Ազդակիր համայնքերի ղեկավարները ստեղծված իրավիճակում կառավարությունից պահանջում են կանոնակարգել Ալավերդու պղնձաձուլական գործարանի Կոշաբերդի խողովակից 99,4 տոկոս ծծմբաթթվի պարունակությամբ անթույլատրելի չափաքանակներով արտանետումները, արտանետումների 2013-2016թթ.-ին չափաքանակներին համապատասխան վերականգնել պետբյուջե վճարվող բնապահպանական վճարները և դրանից բխող ազդակիր համայնքերի բնապահպանական սուբվենցիաները:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. ՄԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՑԻ16:25 - 18 նոյեմբերի, 2016
այո շա տ մտահոգվելու տեղ ունենք ,որ գազը խեղդում է դա անվիճելի է բայց դրանից շատ չեմ խոսա որովհեվտեվ մասնագետ չեմ : Ինձ հետաքրքիր է ինչու գործարանը իր բոլոր տեսակի գնումները չի կատարում Ալավերդի քաղաքից , որ բերումա երեվանից ավելի թանգ գնով քան Ալավերդում է ով է դրանով զբաղվելու ծուխը ալավերդցին շնչը փողը տան մայրաքաղաք բիզնեսները մի քիչ կշնչի խնդրումեմ այս ուղղությամբ մտածեք : Ես կարողեմ բազում օրինակներ բերել երբ Ալավերդցի բիզնեսմեները ավելի էժանեն առաջարկում քան իրանքեն գնում բայց չեն համաձայնվում թող գնահարցումներ անեն ինչը Ալավերդիում թանգ կլինի թող դրսից բերեն այլ մարդու էշի տեղ չդնեն
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ