HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պավլիկ Մանուկյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը։ Մանուկյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց գործով փաստաբան Հրանտ Գևորգյանը՝ պաշտպանական կողմը կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն չէր ներկայացրել՝ հետագայում այդ մասով լրացուցիչ միջնորդություն ներկայացնելու պատճառաբանմամբ։

Գևորգյանի փոխանցմամբ՝ Մանուկյանը դատական նիստին ներկա չի գտնվել, ուղարկել է դիմում՝ նշելով, որ չի ցանկանում մասնակցել շոուին և փաստաբաններին ևս հորդորել է չմասնակցել դրան։ Սակայն փաստաբանները, Գևորգյանի դիտարկմամբ, պարտավոր էին մասնակցել դատական նիստին, քանի որ Մանուկյանը նրանցից չի հրաժարվել։

«Դատարան չեն բերվել այն հիմքերը, որով Մանուկյանի նկատմամբ պետք է կիրառվի կալանք, այնուհետ բավարարվի՝ դրա ժամկետի երկարացման միջնորդությունը։ Նրան առաջադրված յուրաքանչյուր մեղադրանք ևս մեկնաբանման կարիք ունի։ Այդ մասով արդեն միջնորդություն եմ ներկայացրել, քանի որ դրանցում պատճառահետևանքային կապ չեմ տեսնում»,- նշեց փաստաբանը։

Գևորգյանի պարզաբանմամբ՝ քննիչի միջոդության բավարարման հիմքում դրվել են այն հանգամանքները, որ Պավլիկ Մանուկյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի այդ գործով դեռևս օժանդակության գործով կասկածվող և ազատության մեջ մեջ գտնվող անձանց հայտնաբերելուն և հարցաքննելուն։ Փաստաբանը ասում է՝ հակադրվել է այս պատճառաբանությանը՝ հայտնելով, որ օժանդակությունը հասարակության կողմից է եղել, իսկ այլ օժանդակողներ քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ են, որոնք արդեն հարցաքննվել են և Մանուկյանը չի կարող որևէ ազդեցություն և ներգործություն ունենալ։

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, այժմ ավելացել են նաև 238-րդ և 185-րդ հոդվածները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter