HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Ասատրյան. «Կարո՞ղ ես՝ դիմակայիր, ոչ թե վեր կաց, գնա»

Արվեստանոցում թեյնիկը եռում է, գազօջախի վերևում գեղարդցի գաթա վաճառող տատիկի դիմանկարն է: Բարությունը, տխրությունը, հոգսը միաձուլվել են նրա հայացքում, և դժվար է հասկանալ, թե տատիկն ինչ է մտածում: Սառնարանին էլ փակցված է տաթևցի տանձ վաճառող տատիկի նկարը:

Տիգրան Ասատրյանի նկարներում արվեստի ժամանակաշրջանները տարբեր են՝ վաղ վերածնունդ, բարոկկո, ռուսական ավանգարդ… Վերջինն ավելի շատ ազդեցություն է ունեցել նրա գործերում: Նկարչության մեջ կուռք չի ունեցել, բայց, նկատում է, Բոտիչելիի արվեստը շատ է սիրում, նրա գիծը, պլաստիկան (Բոտիչելին վաղ վերածննդի իտալացի գեղանկարիչ է, նկարներից են «Վեներայի ծնունդը», «Մեդալիոնով երիտասարդը» և այլն- հեղ.): Ասում է՝ իսկ երբ Միքալանջելոյի «Դավիթը» տեսնեք, կհասկանաք, թե մարդն ինչքան ուժեղ է:

Մեր զրույցի սկզբում Տիգրան Ասատրյանը աթոռի վրայից վերցնում է կիթառն ու դնում թախտին: Ասում է՝ կիթառ սիրում է նվագել, և վատ չէր նվագում: Հետո երբ հարցնում եմ, որ եթե ոչ նկարչությունը, ապա ինչ մասնագիտություն կընտրեր, ասում է՝ կիթառահար կդառնար: «Եվ հիմա չեմ կարող ասել, նկարչությունը մի կողմ թողնեմ, սկսեմ կիթառ նվագեմ: Դա դավաճանության պես բան է: Եթե ինչ-որ բան անում ես, պիտի նվիրվես: Նկարելուց թեթևանում եմ: Սա իմն է մինչև վերջ: Երևի վրձինը ձեռքիս մեռնեմ: Երանելի բան է, գիտե՞ք, ոնց որ, զինվորը մարտի դաշտում (ժպտում է- հեղ.):

-Արվեստանոցն իրականությունից փախչելու տե՞ղ է Ձեզ համար:

-Երևի մենակ մնալու, առանձնանալու ցանկությունն է: Փոքրուց սիրել ենք, չէ՞, մենակ մնալ, թաքուն մի բան անել, որ մաման կամ տատիկը չտեսնեն:

-Օրինակ, Դուք ի՞նչ էիք սիրում անել:

-Երբ մենակ էի մնում, սիրում էի նկարել: Առաջին, երկրորդ դասարաններում մի պատճառ փորձում էի գտնել, որ դասի չգնամ, տանը մնամ և նկարեմ: Հա, արվեստանոց գալը գուցե մի քիչ էլ փախուստ է, երբ մնում ես քո նկարների հետ, բացի դա, նաև իմ աշխատատեղն է: Ամեն երեկո տուն գնալուց պետք է հասկանամ, որ այդ օրն ինչ-որ բան արել եմ, օրս հենց այնպես չի անցել, թեկուզ մեկ-երկու ժամ նկարելով: Էլ չեմ ասում էն առողջ ժամանակներս… Նստելու ժամանակ չունեի, երբ նստում էի, սիգարետ ծխում, ասում էի՝ վա՜յ, էս ինչ լավ է… Երբ հիվանդանոցից դուրս եկա, ինձ արգելեցին աշխատել, այսքան հարկեր բարձրանալ: Բայց 3-4-րդ օրը եկա արվեստանոց ու մեծ նկար նկարեցի: Անկախ քեզնից, դու արարում ես արվեստանոցում, քո մտքերի հետ ես, քո Աստծու հետ ես խոսում, և հարմար է, գիտե՞ք, բարձր հարկ է (կատակում է, ծիծաղում ենք- հեղ.):

-Ասացիք՝ փոքր ժամանակից եք սկսել նկարել... Ինչո՞ւ որոշեցիք հենց գույնով ասելիքն արտահայտել:

-Գույնը նախևառաջ տրամադրություն է: Տեսեք, աշնան գույներն ինչ հաճելի են: Երբ առիթ է լինում, սիրում եմ քայլել Երևանի փողոցներում: Սիրում եմ մեր քաղաքը:

Մանկության տարիներին ձգտում էի նկարել այնպես, ինչպես կար առարկան: Օրինակ, էրեխեքը մատներով նկարում են, տունիկ, արև են նկարում... Էդպես չեմ նկարել: Օրինակ, փոքր ժամանակ շատ էի սիրում ձի նկարել: Մայրիկիս խնդրում էի օգնել: Նա Թիֆլիսից էր, ռուսերենի ուսուցչուհի:

-Բայց կա՞ր մի փուլ, որ մտածում էիք, թե ոչ մի բան չի ստացվի, դժվարություններ, որոնք գուցե կխանգարեին:

-Չկար նման փուլ, միշտ ուզում էի նկարել: Մանկության տարիներից խոսեցի, չէ՞, երբ երեկոյան նկարում էի, առավոտյան մահճակալից միանգամից վեր էի կենում, առանց հագնվելու, վազում նկարի մոտ, տեսնեմ, թե ինչ եմ նկարել: Մորաքույրս կանչում էր, թե Տիգրանչիկ, արի նախաճաշն արա, ասում էի՝ չէ: Հետո գնացի Շահումյանի պիոներ պալատը: Առաջին ուսուցիչս Սերգեյ Ստեփանյանն էր: Նրան «Ցիրկ Սերոժ» էին անվանում, որովհետև Խորհրդային Միության տարիներին կրկեսի մեծ պաստառներն ինքն էր նկարում: Նկարիչներից շատերին մականուններ էին դնում, օրինակ, «դեղձ Աշոտ»...

-Դուք էլ ունե՞իք մականուն:

-Ո՞նց կարող է՝ չունենամ: Թերլեմեզյանում սովորելու տարիներին (խոսքը Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի մասին է- հեղ.), քանի որ շատ կարճահասակ էի, փոքր-մոքր էի, «Ճուտո» էին ասում: Մինչև հիմա երևի մարդ կա, որ հիշում է, չնայած շուտով 50 տարեկան եմ դառնալու: Ի դեպ, Պիոներ պալատում քանդակ էի սովորում, կարկաս էի կապում:

-Բայց չընտրեցիք քանդակագործությունը:

-Չէ, գեղանկարչությունն ինձ ավելի շատ էր գերում:

-Դիմանկարներ շատ եք անում: Մարդուն հե՞շտ է ճանաչելը:

-Մարդուն կարելի է ճանաչել հենց առաջին հայացքից: Որ ասում են, մարդուն ճանաչելու համար հաց պիտի կիսես նրա հետ և այլն, իմ դեպքում այդպես չէ: Մարդն ուժեղ բան է: Եթե Դավիթի քանդակը տեսնեք, հաստատ կհամոզվեք:

-Գրեթե բոլոր դիմանկարներում տխրություն կա, թախիծ կա, ինչ-որ հոգս կա: Մարդն առհասարա՞կ տխուր է:

-Հեռու չգնանք, ես ինքս այդպիսին եմ: Չէ՞ որ նկարիչն իր որոշակի որակներն է փոխանցում կտավին: Արվեստագետը չի կարող մակերեսային տեսնել էս աշխարհը, որը հատկապես այդքան ուրախ չէ, վարդագույն չէ: Մեկ-մեկ նույնիսկ կարոտի մեջ այնքան սիրուն բան կա:

-Իսկ ինչո՞ւ է տխուր, ինչի՞ց է թախծում:

-Երևի շատ բաների համար է թախծում: Տեսեք, (ցույց է տալիս նկարներից մեկը- հեղ.) մարդու և հավի միջև զրույցը, մելամաղձոտ երաժշտություն է լսվում: Կիսաթախծոտ միջավայր է, չէ՞, բնությունն էլ, գույներն էլ են տրամադրում դրան: Կարոտն, օրինակ, կերպար է ինձ համար, ոչ թե գույն, որ կարող է հայտնվել դիմացս: Օտար երկրներում ապրելու ժամանակ սրվում է այն: Պատկերացրեք, էդ պահին հնչում է Բախի երաժշտությունը, այդ ամենը ձուլվում է և դառնում նկար (ժպտում է- հեղ.): Կյանքը նաև դրանով է սիրուն՝ և՛ ուրախությամբ, և՛ թախիծով, չէ՞ որ ձմեռվանից հետո գարուն է գալու: Մի պատահարը, մի միջադեպը հոգեկան ապրումներ կարող են առաջացնել քեզ մոտ, բայց ժամանակի ընթացքում անցնում են դրանք: Ապրումներն իրար հաջորդելով անցնում են, ինչպես մարդու կյանքը: Եվ ուղղակի հետքեր են թողնում քո հիշողության մեջ: Այդպես փոփոխական էլ անցնում է կյանքը:

-Եվ հետո ի՞նչ է հասկանում այդ պտույտից կամ գլորվելուց:

-Այ դա չգիտեմ… Մարդուց է կախված, մարդ կա, կարող է հիմար է, չհասկանա դա: Բայց միգուցե դա է ճիշտը: Շատ ենք հարցեր տալիս մեզ, այ մարդ, դե ապրեք, էլի: Ընթացքով գլորվում է, գուցե դա է մեր կյանքը, մենք ենք ուղղակի փորփրում:

-Օրինակ, Ձեզ հարցեր չե՞ք տալիս:

-Զարմանալի բան է, չէ՞, երբեք հարց չեմ տվել ինձ: Իմ կյանքն անցել է այս ամենի մեջ, ի՞նչ հարց տամ, եթե տեսնում եմ նկարը, մնում է իմ տեսածը վերարտադրել: Քո պատկերացման մեջ է ծնվում նկարը, անգամ կարող է ավտոբուսի մեջ լինեմ այդ պահին և ինչ-որ բան տեսնեմ՝ նկարը շրջանակով: Էլ ի՞նչ հարց տամ, որ անգամ շրջանակով տեսնում եմ նկարը: Ուղղակի սկսում ես վերարտադրել: Ու երբ երեկոյան հոգնած տուն ես գնում քեզնից գոհ, որ այդ օրն իզուր չանցավ, դրանից երանելի բան չկա:

-Անկախ արդյունքի՞ց:

-Այո, անկախ արդյունքից, դու հասկանում ես, որ կյանքդ անիմաստ չի անցել: Պազոլինին ասել է՝ «մահը կյանքի հայելին է»: Այս ամենն իմ կյանքի հայելին է: Հիմա գիտեմ, որ ինչ էլ լինի, ես դատարկ չեմ ապրել: Անբացատրելի պահանջ կա, բարեգործի պես ինչ-որ բան ես անում: Էս նկարն 90 թվականին եմ նկարել (ցույց է տալիս աոթռին նստած կատվի նկարը-հեղ.): Դու ուղղակի անում ես քեզ համար, որպեսզի արդյունքը տեսնես, հանգստանաս: Դու անելիք ունես, նորն ես սկսում անել, մտնում ես էս աշխարհի մեջ և սկսում նորն անել:

-Արվեստագետը պիտի դուրս գա փողոց, պայքարի: Այս մոտեցումն ինչպե՞ս եք բացատրում:

-Արվեստագետը քաղաքացի է, և բավականին ազնիվ է: Տանձ վաճառող տատիկը Տաթևում, Գեղարդում գաթա վաճառող տատիկը… Սա է իմ հայացքը: Մենք շատ անապահով խավ ունենք երկրում: Էս ամեն ինչը ցույց է տրվում, ասվում է, և չեմ կարող անտարբեր լինել: Ինչ-որ հարցեր փորձում եմ տեղ հասցնել վերին ատյաններին արվեստի միջոցով: Պատրաստվում եմ այդպիսի շարք անել, երբ ավարտեմ աշխատանքս: Ցավոք, նախկին աշխատանքային արագությունը չունեմ հիմա, բայց ամեն դեպքում աշխատում եմ, կամաց-կամաց կհավաքեմ այդ շարքը:

-Ասացիք՝ արվեստով եք Ձեր խոսքը տեղ հասցնում: Եվ ո՞նց եք իմանում, որ տեղ է հասել, կապը ո՞նց է լինում:

-Շարքը, որ պիտի անեմ, ավելի ծավալուն պետք է խոսել, աշխատել, և այդ ժամանակ կհասկանամ, թե ինչքանով է տեղ հասել ասելիքը, թեև կասկածում եմ, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան կասի: Պաշտոնյաների մասին է խոսքը: Կուշտը սովածին չի հասկանա, երբ իր մոտ ամեն բան լավ է, կներեք, բայց թքած ունի ներքևի վրա: Այ դա չեմ սիրում, ուզում եմ, որ այդ ներքևը ցույց տամ: Չի կարելի վերևից նայել և անցնել այդ ամենի կողքով, պետք չի:

-Ձեր կարծիքով՝ չե՞ն տեսնում:

-Իհարկե, տեսնում են, ուղղակի անտարբեր են: Մարդկային բնություն է, իր մոտ ամեն բան լավ է, տունը տաք է, կուշտ է, և իրեն հետաքրքիր չէ, ասում են՝ թող աշխատեն, ապրեն: Բոլորս գիտենք, թե էս երկիրն ինչ խնդիրներ ունի: Ճիշտ է, շաբաթը երկու օր եմ գնում աշխատանքի, ամսական աշխատավարձս 24.000 դրամ է, բայց դա նշանակություն չունի, բարեգործության պես բան է, էրեխեքին էտյուդների եմ տանում իմ հաշվին, որովհետև պետությունը ոչինչ չի անում դրա համար:

-Երբ ինչ-որ մեկը սկսում է բողոքել երկրի վիճակից, երբեմն էսպիսի բան են ասում, թե բա գնա երկրից, եթե քեզ դուր չի գալիս:

-Ո՞ւր գնամ, սա իմ հայրենիքն է: 1,5 ամիս Քաթարում էի աշխատում, տեղի թանգարանի համար մեծ կտավ էի նկարել, բայց չէի կարողանում մնալ, կարոտում էի Հայաստանը: Դրսում չեմ կարողանում երկար մնալ: Ամեն տեղ մեկ է՝ օտար ես, ավելի լավ չէ՞ քո տանն ապրես: Գիտեմ, որ բոլորիս համար էլ դժվար է, բայց դժվարությունները պիտի հաղթահարել, այլ ոչ թե փախչել: Կարո՞ղ ես՝ դիմակայիր, ոչ թե վեր կաց, գնա:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter