Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Միշտ չէ, որ պետք է նորաձևության հետևից վազել: Կարելի է և ստեղծել նորաձևություն»



Յորգ Շտաուդերը 30 հազար տպաքանակ ունեցող գերմանական Movum ամսագրի գլխավոր խմբագիրն է: Movum-ը լույս է տեսնում Բեռլինում, հրատարակվում է, այսպես կոչված, Կլիմայի փրկության գործիչների կողմից, որոնց գործունեությունը, անվանումից էլ հասկանալի է, կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերի շրջանակներում է:

Գերմանական «Մոլդովա-ինստիտուտ» (Լեյպցիգ) կազմակերպության կողմից Արևելյան գործընկերության երկրների լրագրողների համար կազմակերպված դասընթացների շրջանակներում Յորգ Շտաուդերն արտասահմանյան իր գործընկերներին ներկայացնում է լրագրության վերաբերյալ մի քանի կարևոր կանոններ:

«Հետք»-ն առանձնացրել է դրանցից 12-ը.

  • Լրագրությունը փոխվել է, գիտությունից վերածվել արհեստի: Լավ լրագրող լինելու համար անհրաժեշտ է հաղորդակցման լավ վարպետ լինել:

  • Լրագրողի խնդիրը հետևյալն է՝ գտնել նոր բան և խոսել դրա մասին: Խոսել այնպիսի թեմայի մասին, որն իսկապես հուզում է հանրությանը: Եթե ցանկանում եք շարադրել այն, ինչ միայն ձեզ է հետաքրքրում, ապա ճիշտ կլինի գիրք գրեք:

  • Լրագրությունը պրոցես է: Այսօր ես կարող եմ գրել մի թեմայի մասին, մեկ շաբաթ անց մեկնաբանություն վերցնել դրա վերաբերյալ, մեկ ամիս անց հարցազրույց վարել, իսկ մեկ տարի անց նույն թեմայի շուրջ ամբողջովին հակառակ պնդումներով հոդված գրել: Պետք չէ վախենալ սեփական մոտեցումները փոխելուց:

  • Լրագրողը չպետք է կենտրոնանա անպայման ճշմարտության մասին ճչալու մտքի վրա: Դա երկրորդական է: Գլխավորը, որ 4-5 տարի անց մեր աշխատանքը արդյունք տա: Հեռահար արդյունքները նույնպես կարևոր են, ես կասեի՝ ավելի:

  • Միշտ չէ, որ պետք է նորաձևության հետեւից վազել: Կարելի է և ստեղծել նորաձևություն:

  • Գրելով շրջակա միջավայրի մասին` պետք չէ նշել, որ տվյալ արտադրությունը կամ ձեռնարկության գործունեությունը նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն է, կամ եթե շրջակա միջավայրը աղտոտվի, ապա մարդիկ առողջապես կտուժեն: Այս դեպքում չարժե կենտրոնանալ մարդու վրա: Այդպես գրում են տնտեսական լրագրողները, հայտարարում քաղաքական գործիչները: Մեր գործն է կենտրոնանալ շրջակա միջավայրի, բնության վրա, համոզել, որ առանց բնության մարդը ոչինչ է:

  • Թաքցրեք ձեր էմոցիաները, բայց և հետևեք նրանց: Գնացեք դրանց հետևից և կարող եք օգնել հանրությանը:

  • Մեր գործը չէ լինել էկոլոգիական էքստրիմիստներ, մարդկանց համոզել, որ բուսակեր դառնան, քայլեն, ավտոմեքենա չվարեն եւ այլն: Մենք պարզապես պետք է քարոզենք սիրել կենդանիներին և Երկիր մոլորակը:

  • Գրել, թե դու լավ ես ապրում, իսկ մյուսները վատ, դա լրագրություն չէ, դա իդեոլոգիա է: Իսկ մենք իդեոլոգիայիով չենք զբաղվում:

  • Այսօր «Շպիգելում» քննարկվում է ավտոմեքենա արտադրողների կողմից իրենց ծախսերի թվերը ուռճացնելու թեման: Այս հարցին 2-3 տարի առաջ ուշադրություն դարձնող չկար: Սա լավ օրինակ է. մենք պետք է դառնանք կատալիզատոր, որը հանրային օրակարգ է ձևավորում:

  • Լրագրողի մասնագիտությունն աշխարհում ամենահրաշալին է: Մեր առավելությունը տարբեր մարդկանց հետ շփվելու հնարավորությունն է: Լրագրողը պետք է հետաքրքրվի, թե ինչ նոր բան կա աշխարհում: Եթե ինչ-որ մեկն իր մեջ այդ կիրքը չի գտնում, ճիշտ կանի թողնել լրագրությունը:

  • Մեր խնդիրը չէ քաղաքական գործիչներին համոզել ինչ-որ բանում: Մեր խնդիրը մեր տեսածը պատմելն է:  

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ