HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ:

Որպես հիմնավորում նշվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հասարակական լայն արձագանքը, ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման կարևոր նշանակությունը: Միևնույն ժամանակ ներդրված պարտադիր վճարի կատարման արդյունքում ձևավորված ֆոնդի արդյունավետ և նպատակային ծախսման համար բավարար վստահություն ձևավորելու անհրաժեշտությունը, որը անմիջականորեն կապված է նախկինում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պետական բյուջեից տրամադրված միջոցների հնարավոր յուրացման, վատնման, այլ չարաշահումների և կոռուպցիոն դրսևորումների հետ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարությանն էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել հիմնադրամ:

Յուրաքնչյուր աշխատող քաղաքացի ամսական հիմնադրամին պետք է փոխանցի 1000 դրամ: Այդ միջոցներից հատուցման գումարներ կվճարվեն այն զինծառայողներին կամ նրանց հարազատներին, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել կամ մահացել մարտական գործողություններին մասնակցելու, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

Նոյեմբերի 17-ին ԱԺ-ն 102 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթը:

Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված նախագծով առաջարկվող ժամանակավոր հանձնաժողովի հիմնական առաքելությունն է լինելու ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների ձևավորման աղբյուրները, ինչպես նաև նրանց գույքային վիճակը, վերջիններիս գույքի և եկամուտների, դրամական միջոցների և գույքի աղբյուրների օրինականությունը, դրանց ձևավորման հետ կապված հնարավոր կոռուպցիոն երևույթները:

Ժամանակավոր հանձնաժողովը վերը նշված գործառույթներն իրականացնելու նպատակով հարցումներով պետք է դիմի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք ողջամիտ ժամկետներում, բայց ոչ ուշ քան հարցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:

Բացի այդ, հանձնաժողովի որոշմամբ հրավիրվելու են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պաշտոնատար անձինք, հանրային ծառայողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ՝ Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալու նպատակով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանցից պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալու գործընթացը կարող է տեսանկարահանվել:

Ըստ նախագծի՝ հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունն ունենալու է 2, իսկ մնացած խմբակցությունները՝ մեկական ներկայացուցիչ ներկայացնելու իրավունք: Հանձնաժողովն իր կազմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրելու է նախագահ:

Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնելու է երեք փուլով և ընտրանքային մեխանիզմով, ինչը ենթադրում է որոշակի ռիսկերի հաշվառմամբ կոնկրետ պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների, դրանց առաջացման աղբյուրների ուսումնասիրություն: Ընդ որում ընտրանքային մեխանիզմը չի վերաբերում Հանրապետության նախագահներին և նրանց հետ փոխկապակցված անձանց, որոնց եկամուտները և դրանց առաջացման աղբյուրները ենթակա են անվերապահ ուսումնասիրության:

1-ին փուլում վերը նշված ուսումնասիրությունները պետք է իրականացվեն 2008թ. հունվարի 1-ից հետո պաշտոնավարող և պաշտոնավարած բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների մասով։ 1-ին փուլը պետք է ավարտվի մինչև 2017թ. ապրիլի 2-ը։

2-րդ փուլում նախատեսված ուսումնասիրությունները իրականացվելու են 1998թ. հունվարի 1-ից մինչև 2008թ. հունվարի 1-ը պաշտոնավարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների մասով։ 2-րդ փուլը պետք է ավարտվի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը։

Իսկ 3-րդ փուլում ուսումնասիրվելու են 1991թ. հոկտեմբերի 1-ից մինչև 1998թ. հունվարի 1-ը պաշտոնավարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների մասով։ 2-րդ փուլը պետք է ավարտվի մինչեւ 2017թ. նոյեմբերի 1-ը։

Յուրաքանչյուր փուլի ավարտման օրը հրապարակվում է Հանձնաժողովի գրավոր եզրակացություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter