HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներառական և հատուկ դպրոցների արանքում

Գայանե Սարգսյան

Ներառականում պայմանները չկան, իսկ հատուկին երեխան ու ծնողը չեն ցանկանում դիմել

11-ամյա Ալիկը սովորում է Վանաձորի թիվ 6 ներառական դպրոցի երրորդ դասարանում: Տղան ընդհանրապես չի տեսնում: Այդուհանդերձ, ծնողները նախընտրել են, որ նա ուսումը շարունակի ոչ թե Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան հատուկ դպրոցում, որը նախատեսված է չտեսնող երեխաների համար, այլ հարազատ քաղաքի ներառական դպրոցում:

«Երկու տարի առաջ տարանք Երևան՝ կույրերի դպրոց, բայց մի շաբաթ էլ չմնաց: Առանց մեզ չի մնում, էլի»,- բացատրում է մայրը՝ Օվսաննան:

«Սուտ ա ասում, ընդեղ լավը չէր»,- անմիջապես միջամտում է մեր զրույցին ներկա գտնվող Ալիկը:

«Ամեն ուրբաթ պիտի գնային բերեին, հետո կիրակի տանեին: Այ բալա ջան, ձյուն-ձմեռ, փողն էլ հո հարդուկած դրած չի՞»,- նկատում է տատիկը՝ Գեղեցիկը` մատնանշելով Երևանի հատուկ դպրոցում չմնալու ևս մեկ պատճառ:

Երեխայի կարծիքը հաշվի առնելով` ծնողները նրա հետ վերադարձել են Վանաձոր: Ներառական կրթություն իրականացնող Վանաձորի թիվ 6 դպրոցն ընդունել է 8-ամյա տղային, ու Ալիկը 6 տարեկանների հետ սկսել է հաճախել առաջին դասարան:

Վանաձորի թիվ 6 դպրոցը

Ի տարբերություն հասակակիցների` Ալիկի մասնակցությունը դասերին ի սկզբանե եղել է միայն բանավոր: Առանձնահատուկ հիշողության հաշվին Ալիկը կարողանում է հիշել ուսուցչի կամ ծնողների ասածն ու պատասխանել դասերը՝ հիշածը վերարտադրելով բարձրաձայն:

Տարիների ընթացքում, սակայն, առաջադրանքները բարդանում են, հիշելը՝ դժվարանում:

«Բանավոր խոսքն իր մոտ հղկված չէ, բայց ակտիվ մասնակցում է բոլոր դասերին: Մաթեմատիկայի ժամանակ առաջ ավելի ակտիվ էր, ավելի լավ էր պատասխանում, բայց հիմա, երբ եռանիշ թվեր ենք անցնում, կանգնել ենք դժվարությունների առաջ. դժվարությամբ է կարողանում բանավոր հաշվել այդքանը»,- ասում է Ալիկի դասվարը՝ Նազելի Սաղաթելյանը և մտավախություն հայտնում, որ ծրագրի բարդանալուն զուգահեռ տղայի համար շատ ավելի դժվար կլինի:

Դպրոցը լոգոպետ ու տիֆլոմանկավարժ ունի: Տիֆլոմանկավարժ Լինա Սահակյանի աջակցությամբ Ալիկը մինչ այժմ սովորել է Բրալյան տառերը:

«Բրալյան համակարգով սովորում ենք տառերը, բայց չունենք տետրեր, չունենք գրականություն, դպրոցը չունի այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են տղայի լիարժեք ուսուցման համար»,- ասում է Լինա Սահակյանը:

Հանրակրթության մասին ՀՀ օրենքը որպես ներառական կրթություն յուրաքանչյուր երեխայի համար (այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) նախանշում է զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում:

Օրենքի այս կետը, սակայն, թիվ 6 ներառական դպրոցում չի ապահովվում:

«Դադարեցվել է, որովհետև տվյալ թիթեղիկը ումից վերցրել էինք, դա իր անձնականն է եղել: Եվ տրվել էր պայմանով, որ երեխան պետք է գնա կույրերի դպրոց, որովհետև նրանք դեռևս կույրերի դպրոցից թղթերը չեն հանել… Բայց դա փաստորեն չի իրականացել: Մարդու անձնական իրն էր, հետ է վերադարձվել»,- ասում է տիֆլոմանկավարժը:

3-րդ դասարան հաճախող Ալիկը Բրալյան այբուբենը լիովին սովորել ու բառեր-նախադասություններ կազմելուն անցնել այդպես էլ չի հասցրել: Տառերի ուսուցումը այս ուսումնական տարվա սկզբից մանկավարժը դադարեցրել է` դա հիմնավորելով ժամանակավորապես ձեռք բերած սարքը տիրոջը վերադարձնելով:

Հիմա անհրաժեշտ Բրալյան համակարգն ուսուցանելու փոխարեն դպրոցում բավարարվում են դասվարի հանձնարարած առաջադրանքները Ալիկի համար բարձրաձայն կարդալով:

«Հիմա Բրալյան համակարգ չենք ուսումնասիրում, այլ ուղղակի  դասերը կարդում ենք… հիմա Ալիկը կցած է պրակտիկանտներից մեկին, ով դասերը կարդում է, Ալիկը լսում է ու դասերին պատմում»,- նշում է Լինա Սահակյանը:

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից  հրապարակված «Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու ձեռնարկը» որպես ներառական կրթական հաստատության հիմնարար սկզբունք` սահմանում է.

Ներառական կրթական հաստատության հիմնարար սկզբունքն այն է, որ բոլոր երեխաները պետք է կրթություն ստանան միասին՝ անկախ դժվարություններից և նրանց միջև առկա տարբերություններից: Ներառական կոչվելու համար կրթական հաստատությունը պետք է հարմարեցված լինի այնտեղ հաճախող բոլոր սովորողների կարիքներին և նրանց բազմազանությունն ընդունի որպես կրթությունն էլ ավելի հարստացնելու հնարավորություն:

«Ծնողները չեն ուզում նրան տանել կույրերի դպրոց, բայց դա երեխայի իրավունքների ոտնահարում է, ես դա այդպես եմ գտնում, որովհետև դպրոցը չունի այն բոլոր անհրաժեշտ պայմանները, որ պետք է նրան: Չէ՞ որ բացի ուսուցումը նրան  պետք է շոշափելիք զարգացնել, պետք է տարածական կողմնորոշում զարգացնել, ինչի պայմանները մենք այստեղ չունենք»,- ասում է տիֆլոմանկավարժը` խնդրի լուծումը տեսնելով տղային Երևանի հատուկ դպրոց տեղափոխելու մեջ:

Այլ կերպ ասած` երեխան չլինի, չի լինի նաև խնդիրը:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի  կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 6 տարի առաջ, 7-րդ հովածի 1-ին կետով սահմանում է.

  1. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար հաշմանդամություն ունեցող երեխաների` մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով օգտվելը:

Կրթություն ստանալու իրավունքը երեխայի հիմնարար իրավունքներից է, որն ամրագրված է երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքով:

Հոդված 11. Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Մանկավարժի խոսքով՝ Ալիկը թիվ 6 դպրոց է ընդունվել` պայմանով, որ որոշ ժամանակ անց պետք է ուսումը շարունակի կույրերի դպրոցում, միաժամանակ ծնողները նաև վստահեցրել են, որ տղան պետք է վիրահատվի, ինչի արդյունքում բժիշկները մի աչքի համար մինչև 50 տոկոսի չափով տեսողության վերականգնում են կանխատեսել:

«Այդ մի աչքով կարող էինք էլի որոշ չափով… աշխատանք հետը կտարվեր որպես թույլ տեսնող երեխա:- ասում է տիֆլոմանկավարժն ու համեմատականներ տանում Երևանի հատուկ ու իրենց դպրոցի միջև,- Հանրակրթական դպրոցը ոչինչ տալ չի կարող: Միայն պայմանները վերցնենք: Էնտեղ բազրիքներից, աստիճաններից սկսած` հարմարեցված են կույրերին, ձեռնափայտեր ունեն: Մենք այստեղ այդ ամենը ապահովել չենք կարող»:

Մանկավարժի վստահեցմամբ՝ դպրոցը քայլեր է ձեռնարկում Ալիկի համար այբուբենի ուսուցման սարքը, նաև համապատասխան տետրեր ու գրականություն ձեռք բերելու համար: Փաստ է, սակայն, որ 2.5 տարվա ուսումնառության ընթացքում, բացի ժամանակավոր օգտագործման համար հայթայթված սարքից, դպրոցն այլ ձեռքբերում չի ունեցել:

«Ալիկը գրելու առումով խեղճանում է: Երևի որ պայմաններ լինեին, ավելի առաջ կգնար: Ձանձրանում է շատ: Եթե իր հետ կապված աշխատանք չենք անում, ինքը գրավորների ժամանակ գլուխը դնում է ու քնում:,- պատմում է դասվարն ու կիսում դպրոցի տիֆլոմանկավարժի տեսակետը,- Ավելի լավ է ինքը գնա իրեն ավելի համապատասխան դպրոց: Բազմիցս եմ ասել ծնողներին, չեն համաձայնվում»:

Արդյունքում, դասերի բանավոր մասին մասնակցելով, իսկ գրավոր մասի ընթացքում քնելով` ներառական կրթական հաստատությունում սովորող երեխան դուրս է մնում ներառական համակարգից:

Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան հատուկ դպրոցի կրթական գծով փոխնօրեն Ռուզաննա Գրիգորյանը ևս կողմ է, որ չտեսնող երեխան սովորի իրենց դպրոցում:

«Չտեսնող երեխան շատ լավ կլինի, որ մեր դպրոցում սովորի: Մեր դպրոցում համակարգչային դասարան ունենք, «Արև» ծրագիրն ունենք, տեխնոլոգիայի կաբինետ ունենք, որտեղ չտեսնող երեխան խոհանոցում ուտեստներ է պատրաստում, ձեռք է բերում կյանքի հմտություններ»,- ասում է փոխտնօրենը` ընդգծելով, սակայն, որ ներառական դպրոցներում չտեսնող երեխաների ուսուցումն արդարացված կլիներ, եթե դրանք ևս ապահովված լինեին անհրաժեշտ պարագաներով:

Ալիկի ընտանիքում ծնողները հաստատակամ են. երեխան կարող է և պետք է հաճախի ներառական դպրոց, մանավանդ, որ դասընկերներն ու ընկերները նրան շատ լավ են ընդունում:

«Թե՛ դպրոցում, թե՛ բակում երեխաները ազատ շփվում են Ալիկի հետ, ընկերություն անում, անհրաժեշտության դեպքում՝ օգնում: Ալիկը նույնիսկ չի էլ զգում իր ու ընկերների միջև եղած տարբերությունը»,- ասում է հայրը՝ Արամը:

Նույնը հաստատում է նաև դասվարը: Մեր այցի ժամանակ Ալիկը դասարանում նույնքան ազատ էր, որքան տանը: Նա ակտիվորեն, հանգիստ ու դեմքից չհեռացող ժպիտով պատասխանում էր դասվարի բոլոր հարցերին: Ակնհայտ էր՝ այդ դասարանում նա իրեն լավ է զգում:

«Մեր դասարանի տղեքը ինձ շատ են օգնում: Ես մենակ էլ կարամ, բայց իրանք օգնում են, որ ճաշարան գնամ, զուգարան գնամ»,- անկեղծանում է Ալիկը՝ վստահ իր ուժերի վրա:

Տեսնելով, որ դպրոցն այլևս չի զբաղվում երեխայի Բրալյան տառերի ուսուցման կազմակերպմամբ` Ալիկի հայրը դիմել ու Երևանի կույրերի միավորումից ստացել է հատուկ տետրեր ու Բրալյան սարք՝ գրելու համար, որը թեև չափերով փոքր լինելու պատճառով այնքան էլ հարմար չէ, սակայն Ալիկն այն սիրով օգտագործում է տանը:

Առավել ինքնուրույն դառնալու ու զարգացման համար Ալիկին հիմա անհրաժեշտ է կարդացող մեքենա, տարածության մեջ կողմնորոշվելու համար սպիտակ փայտիկ, դիդակտիկ խաղեր:

Էությամբ ինքնուրույն Ալիկը շատ է ցանկանում ունենալ նաև սեփական համակարգիչը՝ չտեսնողների համար նախատեսված ծրագրերին ծանոթալու համար, չտեսնողների համար նախատեսված ժամացույց ու հատուկ հեռախոս: Հենց այս նպատակին հասնելու համար Ալիկը պլաստմասե շիշը դարձրել է գանձատուփ: Վստահ է, այն ամբողջությամբ լցվելու դեպքում կկարողանա ունենալ երազածը:

Հ.Գ. Վեց տարի անց՝ 2022թ.-ից Հայաստանը նախատեսում է անցնել համընդհանուր ներառականության, ինչը ենթադրում է, որ բոլոր դպրոցները պետք է ունենան կրթություն տրամադրելու այնպիսի հնարավորություններ և մակարդակ, որ ցանկացած երեխա կարողանա հաճախել այնտեղ սովորելու: Հենց նույն թվականին՝ երկրի ներառականացման համընդհանուր ծրագրին անցնելուն պես Ալիկը կավարտի հիմնական դպրոցը: Ու նախանշված կրթությունը նրան անհրաժեշտ է այսօր՝ արդեն գործող ներառական դպրոցում:  

Մեկնաբանություններ (2)

Ժաննա
Ապրում եմ Գյումրիում, ունեմ նման խնդիր երեխայիս հետ, ճանաչում եմ ևս մեկ ընտանիք, ում հրաշք երեխան նույնպես չի կարող անգամ գնալ դպրոց, քանի որ ծնողը ինքը հաշմանդամ է, ֆիզիկապես և ֆինանսապես ուղեկցել երեխային ամեն օր տաքսիով չի կարող: Հեշտ չէ երեխային կտրել ընտանիքից, հեռու քաղաքում գիշերօթիկ դպրոցում թողնել: Պատկերացրեք ապրումները: Նրանք երեխա են: Պարզապես ներառական կոչել, հույզերով ընդհանրացնել բոլոր երեխաների կարիքները սխալ է: Ոչ մի երեխա իր խնդրով կրկնվող չԷ: Չկան մշակութային օջախներ, որոնք հատուկ ուշադրությամբ կհամակեն այս երեխաների, արտադպրոցական կրթական, զարգացնող օջախներ: ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ.......................: Իսկ պարտականություններ......................Գտեք այս երեխաների. Համակարգեք նրանց խնդիրները, ներգրավվեք կազամակերպություններ, հանձնարարեք դպրոցներին ապահովել այս երեխաների զբաղվածությունը, կրթվելու իրավունքը, հանգիստը առողջարաններում: Երբ է արվելու սա: Երեխաները ավարտում են մանկությունը:
Զարուհի Բաթոյան
Ապշեցուցիչ է, թե ինչպես են տիֆլոմնկավարժը և մյուս մանկավարժները գրեթե հորդորում, որ տղան տեղափոխվի հատուկ դպրոց, որտեղ ակնհայտ է, որ երջանիկ չէ: Ինչպես կարող են նման մանկավարժներն աշխատել ներառական կրթություն իրականացնող դպրոցում, երբ երեխան իրեն լավ ու երջանիկ է զգում իր հասակակիցների հետ, իր հարազատ քաղաքում և միայն տեխնիկական միջոցներն են խանգարում, որ լիարժեք կրթություն ստանա: Իհարկե դժվար է այդ ամենն ապահովել հանրակրթական դպրոցում, բայց էդ դեպքում ինչի համար են նույն մանկավարժներն ու դպրոցի տնօրինությունը, եթե երեխայի կրթական նյութերով ետք է հոգա ծնողը: Հույս ունեմ, որ Ալիկը, նրա ընտանիքը մինչև վերջ կպայքարեն երեխայի կրթության, ընտանիքում ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter