HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Գերմանական մամուլի սպիտակն ու սեւը

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporter Ohne Grenzen) կազմակերպությունը յուրաքանչյուր տարի դիտարկումներ է անցկացնում եւ հրապարակում է աշխարհի երկրների ռեյտինգային ցանկը՝ դասակարգված ըստ մամուլի ազատության:

2015 թվականին աշխարհի քարտեզում սպիտակ գույնով ներկայանալու իրավունք ստացել են շատ քիչ թվով երկրներ՝ Գերմանիան, սկանդինավյան երկրները: Սպիտակ գույնն այդ առումով որակի՝ մամուլի ազատության բարձր չափանիշ է:

Օրինակ Հայաստանը նարնջագույնով է ներկված, ինչը նշանակում է, որ մեզ մոտ կան որոշ խնդիրներ: Սակայն մեր վիճակը գնահատվում է ավելի բարվոք, քան, օրինակ, Ռուսաստանինը, որը քարտեզի վրա կարմիր գույնով է պատկերված: Սեւ գույնով են պատկերված Չինաստանը, Իրանը, Սուդանը ու էլի մի քանի երկրներ: Սա նշանակում է, որ լրագրողներն այս երկրներում բավականին ծանր կյանքի են արժանացել: 

Մամուլի խնդիրներով բողոքի ակցիաներին՝ 50 մարդ

«Չնայած մեր երկիրը սպիտակ գույնով է պատկերված, մենք էլ մեր խնդիրներն ունենք»,-Լեյպցիգի «Մոլդովա ինստիտուտի» հրավիրած աշնանային ակադեմիայի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Ուլրիկե Գրուսկան: Գերմանիայում լրագրողների իրավունքները, ըստ Ուլրիկեի, որոշակիորեն սահմանափակում են օրենսդրական վերջին փոփոխությունները: Լրագրողական կազմակերպության ներկայացուցիչն ասում է, որ երկրի հատուկ ծառայություններին իրավունք է տրվել վերահսկել լրագրողներին, եթե կասկած լինի, որ նրանք շփվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ: Այս ամենը՝ ելնելով պետության անվտանգությունից: «Առանց դատարանի որոշման՝ սա անթույլատրելի է: Սա դժվարացնում է մեր աշխատանքը, քանի որ մեր աղբյուրները կաշկանդվում են, հասկանալով, որ հնարավոր է նրանք բացահայտվում են»,-ասում է Ուլրիկեն:

Նա պատմում է, որ Գերմանիայում քաղաքացիները անտարբեր են այս հարցի նկատմամբ: Կազմակերպությունն իր համախոհների հետ բողոքի ակցիա է անցկացրել, որի ընթացքում հնարավոր է եղել ընդամենը 6000 ստորագրություն: Քաղաքացիները պարզապես ասում են՝ ես թաքցնելու ոչինչ չունեմ, եւ իմաստ էլ չեմ տեսնում միանալու ձեր քարոզարշավին:

«Երբ մենք բողոքի ակցիա կազմակերպեցինք, մասնակցում էր ընդամենը 50 մարդ: Եթե բողոքի ակցիան կոնկրետ անձի իրավունքների համար է, եթե կան պաստառներ՝ կոնկրետ գործիչների պատկերներով, երբ կա կոնկրետ տուժող եւ կոնկրետ «թշնամի», մարդիկ միանում են բողոքի ակցիային: Իսկ այս օրենսդրական փոփոխություների արդյունքները քչերն են գիտակցում»,-ասում է Ուլրիկեն:

Անկախ ամեն ինչից, Գերմանիայում մամուլը մեծ ուժ ունի: Շատ տարբեր ոլորտներում որոշումներ կայացնելիս մեծ դեր է խաղում մամուլի քննադատությունը: Լրագրող Ուլրիկե Բուտմալոյուն պատմում է, որ Գերմանիայի իշխանությունները պայմանավորվածություն ունեին ՌԴ իշխանությունների հետ այն մասին, որպեսզի երկրի ատոմային թափոնները տեղափոխեն Չելյաբինսկի Օզյորսկոյե քաղաքի «Մայակ» արտադրական միավորման տարածք: Ռուս լրագրողներն առանձնապես չեն անդրադարձել այս թեմային, փոխարենը գերմանացի լրագրողների քննադատական հրապարակումներից հետո Գերմանիայի իշխանությունները հրաժարվել են այդ մտքից: 

Ոչ մի գնով չես առնի

Լրագրողների խմբի հաջորդ կանգառը ARD հանրային հեռուստաընկերությունն է: Քրիստոֆը զբաղվում է հեռուստաընկերության արտաքին քաղաքականության հարցերում: Նա պատմում է, որ հեռուստաընկերությունը մի քանի բաժնետերեր ունի, , ինչպես նաեւ՝ ARD-ն քվոտա է ստանում Գերմանիայի քաղաքացիների՝ հատուկ մամուլի համար կատարած 17,5 եվրոյի չափով վճարումներից: ARD TV-ն հիմնադրած բաժնետերերն ունեն եւս 8 հեռուստաընկերություն՝ յուրաքանչյուրն իր բյուջեով: Խոսքը տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջեի մասին է: 

Հեռուստաընկերությունը, լիցենզիա ստանալով, որոշակի պարտավորություններ է ստանձնել, այդ թվում՝ հանրությանը կրթել, մշակութային, քաղաքական, կրթական ծրագրեր հեռարձակեն:

Հարցին՝ քաղաքական գործիչները որքանո՞վ ազդելու լծակ ունեն հեռուստաընկերության վրա, Քրիստոֆը պատասխանում է. «Նրանք որեւէ շանս չունեն: Ընդամենը կարող են դժգոհել, չհամաձայնել մեր պնդումների հետ: Մենք բոլորին ամբիոն ենք տրամադրում: Չի եղել որեւէ դեպք, երբ փորձեն խոչընդոտել որեւէ սյուժեի եթեր հեռարձակումը»: Քրիստոֆն ասում է, որ բոլոր սոցիալական, հասարակական խմբերը մուտք ունեն եթեր: Իսկ առանձնահատուկ տեղ է հատկացվում Գերմանիայի Կանաչների կուսակցությանը, որը բարձրաձայնում է երկրի բնապահպանական խնդիրների մասին:

Քրիստոֆին չեն հուզում օրենսդրական փոփոխությունները, որի մասին խոսում էր Ուլրիկա Գրուսկան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունից: «Կարեւորը՝ նրանք իրավունք չունեն գաղտնալսել, թե ես ինչ եմ խոսում իմ փաստաբանի կամ բժշկի հետ: Ամեն դեպքում, ինձ մոտ երբեւէ չի եղել զգացողություն, թե իբր ինձ գաղտնալսում են»,-ասում է Քրիստովը:

Գերմանիայում գործում է քննչական մարմին, որը զբաղվում է գաղտնալսման հարցերով: Ամիսներ առաջ ԱՄՆ-ն Գերմանիայի իշխանություններից խնդրել է իրեն տրամադրել հազարավոր քաղաքացիների էլեկտրոնային փոստի հասցեներ, IP հասցեներ, հեռախոսահամարներ եւ այլ կոնտակտներ: Ընդհանուր փաթեթում ԱՄՆ իշխանություններին են տրամադրվել նաեւ լրագրողների կոնտակտային տվյալներ: Ընդ որում, հարցումը որեւէ ահաբեկչություն կանխելու նպատակ չի ունեցել: Գերմանիայի իշխանությունները չեն մերժել: Ընդդիմությունը դիմել է Սահմանադրական դատարան, եւ Կոմիտեն հետաքննում է դեպքը: 

Կանցլեր Մերկելը կապի մեջ է

Գերմանիայի կանցլերի մամլո քարտուղարը շաբաթական երեք մամլո ասուլիս է հրավիրում, պատասխանելու համար լրագրողների հարցերին: Վոլֆգանգ Գերցը Գերմանիայի կանցլերի լրատվական ծառայության պատասխանատուներից է: Նա պատմում է, թե ինչպես է աշխատում իր ղեկավարած բաժինը, որը ողջ օրվա ընթացքում ուսումնասիրում է միջազգային մամուլի հաղորդագրությունները, գտնում Գերմանիային վերաբերող տեղեկատվությունները, ավելի ճիշտ՝ կանցլերի համար հետաքրքրություն եւ երկրի շահերից բխող հաղորդագրությունները:

Հաճախ կարող է պաշտոնական տեղեկատվությունը՝ կանցլերի գրասենյակից, բավականին ուշ հասնել ծառայությանը: Օրինակ, չորեքշաբթի՝ նոյեմբերի 16-ին, վարչությանը հայտնի է դարձել, որ Անգելա Մերկելը դրանից երկու օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:

Լրագրողների կողմից հարց է հնչում, թե ինչպես է վերաբերում ծառայությունը կանցլերի եւ ընդհանրապես իշխանությունների հասցեին հնչող քննադատությանը: Գերցը պատասխանում է. «Մեր ծառայությունը կառավարության փաստաբանը չէ, այլ՝ միկրոֆոնը: Ինչ մնում է քննադատությանը, ապա դա ընդդիմադիր մամուլի գործառույթն է”:

Ի դեպ, Գերմանիայի կանցլերի մամլո խոսնակի թվիթերյան էջի հետեւորդների թիվն անցնում է 600 հազարը, իսկ ֆեյսբուքում՝ 370 հազարը:

Լրագրողները Գերմանիայի կանցլերի լրատվական սրահում են: Աշխատանքն այստեղ շուրջօրյա է: Յուրաքանչյուր աշխատակցի առաջ երեք էկրան է: Դրանցից առաջինի միջոցով ստացվում են հաղորդագրություններ աշխարհի հարյուրավոր կրատվական գործակալություններից: Օրեկան 5000-70000 հաղորդագրություն: Աշխատակիցների խնդիրն է՝ ֆիլտրել դրանք, ընտրել միայն նրանք, որոնք կարող են հետաքրքրել Անգելա Մերկելին: Ընտրված հաղորդագրությունները Մերկելն անմիջապես ստանում է իր հեռախոսին: «Կանցլերը նորագույն տեխնոլոգիաներին լավ է տիրապետում”,-ասում է մամլո ծառայության աշխատակիցը: «Հետք»-ի հարցին՝ կառավարության կամ կանցլերի փոփոխության հետ նաեւ մամլո ծառայության աշխատակա՞զմն է փոխվում (ինչպես Հայաստանում է՝ յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա իր թիմով է անցնում աշխատանքի – հեղ.), աշխատակիցը բացասական պատասխան է տալիս:

Հարցին՝ այլ երկրների տարբեր բնույթի տեղեկատվությունը կանցլերի ինչի՞ն է պետք, աշխատակցուհին պատասխանում է. «Իհարկե, ամեն ինչ չէ, որ ուղարկում ենք կանցլերին: Բայց օրինակ այնպիսի, առաջին հայացքից անկարեւոր թվացող, հաղորդագրությունը, ինչպիսին Հանդկաստանի կրեկետի առաջնությունն է, կարող է կարեւոր լինել: Եթե Մերկելը այդ օրը Հնդկաստանի այն նահանգում է, որի թիմը հաղթել է կրիկետի առաջնությունում, ապա մարզական այդ հանդիպման արդյունքները կարող են կարեւոր լինել, որպեսզի կանցլերը հանդիպման ժամանակ հնդիկ պաշտոնյաներին շնորհավորի նրանց թիմի հաղթանակի առթիվ»:

Լուսանկարները՝ հեղինակի

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter