Կիրակի, 23 սեպտեմբերի

«Փոքր քայլերով պետք է սկսել»,- ասում է ընտանեկան բիզնեսի հիմնադիր 24-ամյա Սոնան


«Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել». երգահան Ռուբեն Հախվերդյանի երգի այս տողերն են գրված Սոնա Պապյանի խանութի դռան վրա:

Սոնան 24 տարեկան է, հասցրել է հիմնել փոքր բիզնես մեծ ծրագրերով: Մասնագիտությամբ դիզայներ է: 20 տարեկանից զբաղվում է ձեռքի աշխատանքներով: Սկզբում պատրաստում էր բիժուտերիայի զարդեր՝ օգտագործելով «բոլտեր», «գայկաներ», էլեկտրական հոսանքի լարեր: Քանի որ հուլունքներով գործեր պատրաստողները շատ էին, Սոնան որոշեց հրաժարվել դրանցից՝ փորձելով ստեղծել տարբերվող օրինակներ: Առաջին և մինչ օրս պահանջարկ ունեցող իրերից է ֆոտոապարատի տեսքով վզնոցը:

Սոնան ասում է՝ սկզբունքորեն նյութ չէր գնում, որ պատրաստի տարբերվող իրեր: Ցույց է տալիս հոսանքի լարերով պատրաստված թևնոցը: Առաջին աշխատանքները տեղադրել էր ֆեյսբուքյան էջում, որն անվանել էր «SonSation»՝ փոքր-ինչ ձևափոխելով «sensation» (սենսացիա) բառը: Սոնայի տարբերակիչ նշանն էլ՝ լոգոն, «բուլավկան» (կեռմայր) է: Ասում է, որ «Ֆեյսբուքը» մինչ օրս վաճառքի համար ամենահարմար հարթակն է, թեև գործերն արդեն վաճառվում են ոչ միայն վիրտուալ տարածքում:

«Սկզբում չէի պատկերացնում, որ կարող է խանութ բացեմ, հետո պատկերացրեցի: Իմ հնարավորությունները լավ գիտեմ, եթե նույնիսկ դժվարություններ են լինում, դրական եմ տրամադրվում դրանց նկատմամբ: Իհարկե, ասում էին՝ դժվար է, աղջիկ ես, մի մտիր էդ թղթագրությունների մեջ, բայց եթե լսեի, լավ չէր լինի»,- ասում է Սոնան:

Առաջին խանութը Երևանի Վարդանանց փողոցում էր, երկու տարի առաջ տեղափոխվել են Փարպեցու փողոց: Պատմում է, որ պատվերները շատ էին, չէր հասցնում, այդ պատճառով էլ գործին միացել են նաև ընտանիքի անդամները՝ մայրը, քույրը, ամուսինը: Բիզնեսն ընտանեկան է դարձել:

Մինչ խանութ ունենալն իրերը պատրաստում էր տանը, իսկ հիմա՝ խանութում: Կարուձևի աշխատանքները մայրն է անում, ամուսինը՝ շամպուններն ու օճառները, իսկ Սոնան ու քույրը զբաղվում են գրաֆիկայով, դիզայնով և կազմակերպչական հարցերով:

«Մեր գործերը տարբերվում են ոճով ու նյութի ընտրությամբ, եթե նայեք, ոչ մի աշխատանքում բարդ տեխնոգոլիա չկա: Ցանկացած աշխատանքի նայելիս կտեսնեք, որ բոլորն էլ կարող են անել: Պարզությամբ, նյութի ընտրությամբ. որոշ նյութեր, որոնք մտքովդ չեն անցնի, որ կարող ես պատրաստել, մենք օգտագործում ենք»,- նշում է զրուցակիցս:

Հիշում է, որ երբ աշխատանքի առաջին տարում երկաթե դետալների անունների մեծ մասը չգիտեր, խանութ գնալիս վաճառողներն անընդհատ հարցնում էին, թե ինչի համար է ուզում, մի օր էլ սարքել, տարել, ցույց է տվել: Դրանից հետո այլևս չեն հարցնում:

Հիմա Սոնան ու հարազատները պատրաստվում են ամանորյա ցուցահանդեսներին: Ասում է, որ ամենասիրած տոնն է Ամանորը: Պատվերներն էլ շատ են լինում տոներին՝ Ամանորին, Վալետինի օրվա առթիվ, կանանց տոներին: Զբաղվում են նաև թեմատիկ հարսանիքների դեկորներով:

Հիշում է, որ սկզբում դժվարությամբ էր բաժանվում զարդերից, ասում է՝ քո հոգու մի մասնիկ ես դնում դրա մեջ, քո օրն ես նվիրում այդ գործին, հետո մի տեսակ ափսոսանք է լինում վաճառելիս: Բայց հիմա արդեն վարժվել է:

«Ովքեր փոքր բիզնեսով են սկսել զբաղվել, խորհուրդս այն է, որ փոքր քայլերից սկսեն, որպեսզի կորուստը մեծ չլինի: Շատերը մեծ-մեծ խանութներ են բացում, տեսականի չապահովելով, և երկու-երեք ամիս անց ձախողվում են: Դրա համար պետք է սկսել փոքր քայլերից»,- ասում է նա:

Սոնայի գլխավերևում՝ պատին, գրված է. «Երազանքներդ վերածիր պլանների»: Հիմա դա նրա կարգախոսն է: Ասում է՝ երազանքների փոխարեն ծրագրեր պետք է ունենալ: Օրինակ՝ մտածում է խանութն ընդլայնելու մասին: «Այդ ուղղությամբ աշխատում ենք, իհարկե, փորձում ենք փոքր-փոքր քայլերով առաջ գնալ»,- ապա ավելացնում է, որ երազանքը միայն երազանք չպիտի մնա:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Այս թեմայով

  • «Հայկական չրեր №1». Եղեգնաձորի նոր այցեքարտը
    Սիլվա Եղոյանն ասում է, որ չիրը պատրաստման փուլեր ունի, պետք է իմանաս, թե ինչքան պիտի մնա արևի տակ, ու երբ պիտի տեղափոխես հով տեղ: Եթե ամբողջապես մնա արևի տակ, և՛ որակն է փոխվելու, և՛ գույնը: Փաթեթավորումից առաջ չիրը պարտադիր լվանում են, տիկին Սիլվան խորհուրդ է տալիս՝ եթե չեք հոգնում, գնելուց հետո մի անգամ էլ դուք լվացեք:
  • «Զաբել». դիվանագետի ասելիքը՝ գինու տեսքով
    «Հիշեք, դիվանագիտությունը պրոտոկոլի ու ալկոհոլի արանքում է» (Remember that diplomacy happens between protocol and alcohol). այս խորհուրդը դիվանագետ Իրինա Ղափլանյանը լսել է Լոնդոնում սովորելու տարիներին իր դասախոսներից մեկից:
  • «Պիաֆչիկ». ասեղնագործություն մետաղի վրա
    Լինայի փոխանցմամբ՝ զարդը մանրանկարչական աշխատանք է պահանջում: Արույրի (լատուն) ու պղնձի վրա ասեղով նուրբ աշխատանք է անում:
  • Վանի արևը՝ Սասունիկում. գինեգործությունը Հայաստանում մեծ ներուժ ունի
    «Գինին վերևից ներքև են գնահատում՝ աչք, քիթ, բերան: Սկզբից գույնն ենք գնահատում, հետո՝ հոտը, ապա՝ համը: Ամեն մարդ կարող է համն ու հոտը յուրովի զգա, ուղղակի խաղողի տեսակներին հատուկ համեր կան, որոնք չես կարող շփոթել: Սա, օրինակ, արենի է (մեզ գինի է հյուրասիրում անմիջապես ռեզերվ տակառներից- հեղ.), մեզ մոտ աճող արենի է: Այն թյուր կարծիքը, թե արենին միայն Վայոց ձորում է աճում, ճիշտ չէ, Աշտարակում էլ է աճում, որով մենք ոսկե մեդալներ ենք շահում»,- նշում է Վ. Մուրադյանը:
  • Տրիկոտաժե հագուստ արտադրող հալեպահայ ընտանիքի երկրորդ սերունդը. «Մոսինի»
    Մովսեսն ասում է, որ Սիրիայում մեծ շուկա կար, իսկ Հայաստանում գործարարների դժվարություններից մեկը փոքր շուկան է, ինչը Երևանում բիզնես հիմնելուց առաջ նաև իրենց մտահոգություններից մեկն էր:
... կարդացեք ավելին «Made in Armenia» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։