HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի կալանքը երկարացվեց երկու ամսով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը բավարարել է քննիչի՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահելու միջնորդությունը: Դատարանը նաև մերժել է փաստաբանի՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Ինչպես «Հետք»-ին պարզաբանեց Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ կալանքի երկարացման միջնորդության հիմքում դրվել են այն հանգամանքները, որ Հարությունյանին առաջադրված են ծանր հոդվածներով մեղադրանքներ և պատիժը, որը պետք է նրա նկատմամբ կիրառվի, նախատեսում  է մեկ տարուց ավելի ժամկետ: Բացի այդ, ազատության մեջ մնալով՝ նա կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, կխուսափի քրեական պատասխանատվությունից, կխոչընդոտի գործի քննությանը:

Սարգսյանը հավաստում է, որ քննիչի կողմից ներկայացված այս հիմքերը դատարանում չեն հիմնավորվել և չի փաստվել մի հանգամանք, որը հիմք կտար ենթադրելու, որ իր պաշտպանյալը նման վարքագիծ կդրսևորի:

Պաշտպանի փոխանցմամբ՝ այս հանգամանքները հիմնավորելու միջնորդության ժամանակ քննիչը նշել է. «Գաղտնիք է, չի կարող հրապարակել»: Փաստաբանը անհիմն է համարում նման պայմաններում միջնորդություն բավարարելու որոշումը:

Հովհաննեսը դատական նիստին ներկա  է եղել, փաստաբանի ասելով, հայտնել է. «Ես եկա Հայաստան, որպեսզի պայքարեմ արտաքին թշնամիների դեմ, սակայն տեսա ու համոզվեցի, որ թշնամին ներքին է ու դրա անունն է «թերահավատություն»:  20 տարի է արդեն Հայաստանը թերահավատորեն է մոտենում ամեն հարցի և, որ ամենացավալին է, աշխարհին է ցույց տալիս հայի այն տեսակը, որը բոլոր ժամանակներում համարվել է «հայի աղբ»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter